Խոստանում է «Գոյ» թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար
Արթուր Սահակյանը
Մեկ ձեռքի մատները թերեւս շատ են թվարկելու հանրապետության այն ռեժիսորներին, որոնց վստահվում են առանձնահատուկ նշանակություն ունեցող մեծամասշտաբ հանդիսություններ: Նման միջոցառումներում կիրառվում են ավանդական ու ժամանակակից բեմական տեխնիկայի բոլոր հնարավոր նվաճումները, այդ թվում՝ led էկրանային ու համակարգչային կառավարումներ, TV բազմախցիկ նկարահանումներ, ինտերնետային ուղիղ հեռարձակման, հեռուստակապի եւ անիմացիոն տեխնոլոգիաների հանպատրաստից օգտագործում, լուսաձայնային ձեւավորումներ եւ այլն: Արթուր Սահակյանն այն ռեժիսորներից է, որ կարողանում է աշխատել ժամանակակից ամենաբարդ պահանջներ ներկայացնող համակարգում եւ թերեւս միակն է, որ հավասարազոր բարձր մակարդակով գործում է եւ շոու-բիզնեսում, եւ թատրոնում: Գուցե դա թատերական ընտանիքի գենետիկ ժառանգորդ լինելու հանգամանքն է (պապը մեծանուն դերասան Թաթիկ Սարյանն է) կամ ժամանակին ռոք երաժիշտ լինելու հանգամանքը, գուցեեւ համաշխարհային դասական եւ ավանգարդ դրամատուրգիային քաջատեղյակ լինելու գործոնն է: Ռեժիսորն առաջինն էր, որ դրամատիկական թատրոնում բեմադրեց Իոնեսկուի «Ռնգեղջյուրը», «Գոյ» թատրոնում՝ Ս. Բեքետի «Դեպի վերջը»: Նրա համարձակ քայլերից էր Մայր թատրոնում իրականացրած Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» քրոնիկոն- ողբերգությունը: Մեծամասշտաբ միջոցառումներից էլ հատկապես պետք է նշել «Հատուկ նշանակության երգերը»՝ նվիրված հայկական բանակի տոնին եւ այլն:
Վերջերս Արթուր Սահակյանը նշանակվել է «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար: Հիշեցնենք, որ այս թատրոնը մինչեւ 2014 թ. ղեկավարել է լուսահոգի Արմեն Մազմանյանը:
«Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ փոքր բեմ ունենալու գաղափարն անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանինն էր, որը փաստորեն ժամանակին իրականացրեց Խորեն Աբրահամյանը: «Մենք՝ չորս համախոհ ռեժիսորներով՝ Արմեն Մազմանյան, Սամսոն Ստեփանյան, Արսեն Աբրահամյան, ես եւ նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը հրավիրվեցինք «Գոյ» թատրոն-լաբորատորիա: 1988թ. դեկտեմբերի 1-ին եղավ թատրոնը բացելու հրամանը, 7 օր հետո՝ երկրաշարժը… Առաջին ներկայացումը, որով բացվեց թատրոնը, Միշել դե Գելդերոդի «Խեղկատակների դպրոցն» էր (ռեժիսոր՝ Արսեն Աբրահամյան), ես էլ խաղում էի… Այս թատրոնում վերջին բեմադրությունս եղել է Բեքետի «Դեպի վերջը», որը նվիրված էր «Գոյի» հիմնադիր սերնդակից ընկերներիս 50-ամյա հոբելյանին»,- հայտնեց Արթուր Սահակյանը:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը, թե ստեղծագործական իսկապես բուռն կյանքով ապրող արվեստագետը ինչպես հրաժարվեց իր ազատությունից՝ համաձայնելով լինել «Գոյի» գեղարվեստական ղեկավար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեծ դժվարությամբ եմ հրաժարվում ազատությունիցս, բայց կփորձեմ ծառայել իմ ու համախոհներիս ստեղծած ու կայացրած բեմին»: Հավելեց նաեւ, թե այս թատրոնը բազա է հանդիսացել իր հանրահայտ «Խաթաբալադա», «Mea Culpa» բեմադրությունների համար:
Մեր դիտարկմանը, թե հավանաբար «կթարմացնի» թատրոնի դերասանական կազմը, կհրավիրի ռեժիսորներ եւ թատրոնին անհրաժեշտ այլ մասնագետներ, Արթուր Սահակյանը պատասխանեց. «Եթե որեւէ ռեժիսոր ունենա համարձակություն, ինքը պատրաստ է սիրով ընդառաջելու: Իսկ թատրոնը 2014-15թթ. խաղաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին՝ Արմեն Մազմանյանի ռեժիսուրայով Պետերվայսի «Մարատ-Սադ» ներկայացմամբ, որին կհաջորդի պրեմիերա՝ Գոգոլի «Ռեւիզորը» (ռեժիսոր՝ Սամվել Թոփալյան)»:
Մեր զրուցակիցը նշեց, որ «Գոյը» պիտի շարունակի Մազմանյանի ու նրա համախոհների գործը, ու հանդիսականն այստեղ կտեսնի բաներ, որ չի հանդիպի մյուս թատրոններում: Խնդրանիքին՝ մանրամասնել ասվածը, Արթուր Սահակյանը հայտնեց. «Թատրոնում շաբաթվա 6 օրից 3-ը կտրամադրենք խաղացանկային ներկայացումներին, մեկ օր կհայտարարվի ազատ բեմ, կհրավիրենք որեւէ գրողի, կոմպոզիտորի, կարճ ասած՝ թատրոնի հետ կապ ունեցող մասնագետների: Հայտագրում կհանդիպեք նաեւ «Գոյ»- համերգասրահ» խորագիրը ու այդ երեկո կհնչի հոգեւորից մինչեւ ազգագրական կամ ջազ երաժշտություն, գուցեեւ մոնոօպերա կամ, ինչու չէ, կներկայացվի բալետային որեւէ «մինի» բեմադրություն: Մեկ երեկո էլ կտրամադրենք «Գոյ-կինոյին», վերջում քննարկումներով, բանավեճերով: Չի բացառվում, թե, ասենք, թատերական ինստիտուտում հաջողված մի ուսանողական բեմադրություն ցուցադրվի նաեւ «Գոյում»:
Իսկ թե ժամանակակից ո՞ր հայ դրամատուրգների երկերը կբեմադրվեն հարցին՝ Արթուր Սահակյանը պատասխանեց. «Անձամբ ես թատրոնին ոճ թելադրող հայ ժամանակակից դրամատուրգի չեմ ճանաչում: Օրինակ, այնպիսին, ինչպիսին Չեխովի ստեղծագործություններն էին, որոնք հանդիսացան MXAT-ի էսթետիկան կամ մինչ օրս էլ Շեքսպիրն է մնում անգերազանցելի»: Հարցին՝ մտադրություն չունի՞ թատրոնում խոսել քաղաքականությունից՝ թատրոնի լեզվով, ռեժիսորը պատասխանեց, որ «Մարատ-Սադը» հենց այդպիսի ներկայացում է, ու ինչ ազգի չինովնիկ էլ դիտի այն, զուգահեռ կտանի իր երկրի իրականության հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.08..2015