ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեռ հրաժարվում է կարծիք հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե 2015» երիտասարդական հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ի պատասխան այս թեմայով հարցի՝ պարոն Աշոտյանն ասաց. «Սահմանադրական բարեփոխումների մասին ես առանձին առիթով իմ տեսակետները կհայտնեմ այն ժամանակ, երբ ինքս կորոշեմ: Մենք աշխատել ենք հեղինակային խմբի հետ և ստացել ենք կրթության, գիտության ու հայոց լեզվի՝ որպես պետական լեզվի հետ կապված ամրագրումները, որոնք նոր հեռանկարներ են բացում»:
Դիտարկմանը, թե չի՞ հասցրել լավ ուսումնասիրել, դրա համար է հրաժարվում կարծիք հայտնելո՞ւց, պարոն Աշոտյանն արձագանքեց. «Շատ ասելիք ունեմ, շատ լավ եմ ուսումնասիրել, ինձ մի սովորեցրեք, երբ խոսել հրապարակային թեմաներով»:
Հարցին՝ ՀՀ ինքնիշխանության հետ կապված մտահոգություններ չունի՞ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունների առիթով, պարոն Աշոտյանն առանձնապես չկենտրոնացավ այս հարցի վրա, միայն փոխանցեց. «ՀՀ ինքնիշխանությունն ամուր ձեռքերում է՝ իր ժողովրդի: Մեզ՝ այն մարդկանց, որոնք ոչ պրոռուսական են, ոչ պրոամերիկյան, հանգիստ թողեք, ես չեմ ծառայելու ձեր քարոզչական նպատակներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ