Բաղրամյան 26-ի մոտ զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ մայիսի 13-ին ոստիկանության գործադրած բռնի ուժը, պարզվում է, իրավաչափ է եղել:
Հատուկ քննչական ծառայությունը հենց այդ հիմնավորմամբ կարճել է որդեկորույս մայրերի` ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը:
Չնայած այդ դեպքերը տեսանկարահանվել էին, նաեւ կար դատաբժշկական փորձաքննության արդյունքները, բայց ՀՔԾ-ն որեւէ ուշադրություն չի դարձրել դրանց՝ համարելով, որ դեռ ծնողներն իրենք են խախտել Հավաքների ազատության մասին օրենքը եւ խանգարել նախագահականի բնականոն աշխատանքը։
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց, որ այդ որոշումը կանխատեսելի էր. «Երբ որ զոհված զինծառայողների մայրերի հետ տեղի ունեցավ այդ դեպքը, ես ասացի, որ ոստիկանների այդ գործողությունները իշխանությունները, դատարանները ապօրինի չեն համարի: Նրանց դեմ վճիռ չէր կայացվի, որովհետեւ դա տեղի է ունեցել իրենց համար կենաց եւ մահու այդ սահմանի վրա՝ Բաղրամյան փողոցում: Այնտեղ ամեն ինչ, ինչ կատարում է, ոստիկանությունն ուղղակիորեն չի անում, նրանց հանձնարարվում է ինչ անել: Եվ բնական էր, որ այդպիսի վճիռ պետք է լինի: Այս իշխանությունների որակի մեջ մտնում է այդ վճիռը»:
Կարդացեք նաև
Վարդան Հարությունյանը կոչ արեց ծնողներին զենքերը վայր չդնել եւ դիմել մինչեւ ՄԻԵԴ. «Պետք է շարունակել պայքարը, առավել եւս, որ այդ մարդիկ ընդամենը պահանջում են արդարադատություն խաղաղ պայմաններում զոհված իրենց երեխաների գործերով: Պահանջում են բաց, թափանցիկ նախաքննություն, արդար դատավարություն, մեծ բան էլ չեն պահանջում այս իշխանություններից: Իրենք հանձնվելու որեւէ հիմք չունեն, պետք է պայքարեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ