Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել»

Օգոստոս 18,2015 21:10

Օգոստոսի 18-ին՝ «Բազե-2015» հավաքի երկրորդ օրը, մեկնարկել են մշակութային, սպորտային և ինտելեկտուալ մրցույթները։

Նկարչության մրցույթի ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը, տեղեկացրեց, որ ներճակատային մրցույթում մասնակիցներին տրվել է «Հայաստան» թեման, որի շուրջ երիտասարդ նկարիչները պետք է կտավին հանձնեին իրենց պատկերացումները։ Ժյուրին աշխատանքների ընտրությունը կատարելիս հաշվի է առնում ինչպես հեղինակի մտածողությունը, երևակայությունը, այնպես էլ՝ վարպետությունը, տեխնիկան։ Գնահատելով հավաքի մասնակիցների աշխատանքները՝ Անատոլի Գրիգորյանը նշեց, որ դրանք բավականին լավն են։ Նա հատկապես ընդգծեց, որ երիտասարդ նկարիչների թվում շատ են աղջիկները։

«Բազե» հավաքի մասնակիցները, բացի մրցույթներից, հանդիպումներ են ունենում պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Օգոստոսի 18-ին բազեականները հյուրընկալել էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց բազմաբնույթ հարցերի։ Նա իր խոսքում նշեց, որ լինելով «Բազեում»՝ մտովի 13 տարի հետ է դառնում. «2002թ. առաջին անգամ «Բազեն» ճախրեց երկնքում, և ես շատ ուրախ եմ, որ երիտասարդական այս հավաքը դարձել է ավանդույթ՝ վերածվելով շարժման»։

Նախարարի հետ հանդիպմանը երիտասարդներին հետաքրքրում էր, թե ինչն է Արմեն Աշոտյանին աշխատելիս ուժ տալիս։ Ի պատասխան ԿԳ նախարարը նշեց, որ իրեն ուժ է տալիս մարդկանց օգնելու հնարավորությունը։ «Բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, և կախարդական փայտիկի բացակայությունը հիասթափություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր քեզնից ակնկալիք ունեն։ Բայց ամեն օր աշխատանքի գնալիս հասկանում ես, որ գոնե մի հոգու հարց կարող ես լուծել։ Եվ այդ մի հոգու հարցի լուծումը լիցքավորում է։ Ես լիցքավորվում եմ այն մարդկանց ճակատագրերով, որոնց հետո տեսնում եմ շնորհակալ, երախտապարտ, մոռացած կամ ապերախտ։ Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել»,- ասաց ԿԳ նախարարը։

ԿԳ նախարարը, պատասխանելով հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության իրավունքի մասին հարցին, նշեց, որ ինքը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանում ընդհանուր ներառական կրթական համակարգի կողմնակիցն են։ Սա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք կրթական համակարգ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անհատ, պատանի, երիտասարդ իր կարողություններին համապատասխան կարողանա գիտելիք ստանալ։ Նախարարը շեշտեց, որ այստեղ խնդիրը միայն ֆինանսական չէ, հարցը նաև հոգեբանական է։ Նա տեղեկացրեց, որ մինչև 2023թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական՝ ընդունելով սահմանափակ կարողություններով կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների։ Ամեն երեխա Հայաստանում, անկախ իր ֆիզիկական և հոգեկան սահմանափակումներից, պետք է ունենա իր համար համարժեք կրթության իրականացման պայմաններ։

Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև այլ հարցերի, որոնք վերաբերում էին կրթության մատչելիությանը, 12-ամյա կրթությանը, Ջավախքի կրթական հիմնախնդիրներին, զինծառայողների կրթության հնարավորություններին և այլն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31