ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Կատարված քննությամբ պարզվել է սպանության շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիքը։ Նախնական քննության տվյալներով՝ 25-ամյա երիտասարդն սպանվել է 2015 թվականի օգոստոսի 17-ի առավոտյան, կացնով։ Նրան սպանելու կասկածանքով օգոստոսի 18-ին ձերբակալվել է վերջինիս եղբայրը՝ Կ.Կարապետյանը, ով հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ժամանակ նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը և այն հագուստները, որոնք եղել են նրա հագին դեպքի պահին, դրանք առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին