Վարչական դատարանը մերժել է Ոստիկանության հայցը ընդդեմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, որը բերման էր ենթարկվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ:
Դատարանի այս որոշումը արտառոց էր, քանի որ նույն օրը բացի Լեւոն Բարսեղյանից, ոստիկանությունը բավականին մեծ թվով ցուցարարների է տարել բաժին եւ վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերը դատարանն ընդունել է: Իսկ այս հարցով դատարանը որոշել է մերժել ոստիկանության հայցը:
Թե ինչն է այդ արտառոց որոշման պատճառը, արդյո՞ք իշխանությունները որոշել են փոխել գործելաոճը, Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսպես մեկնաբանեց. «Մեր դատարաններն օգտագործվում են գործադիր իշխանության ձեռքում է որպես գործիք, որպես մահակ՝ ուղղված հասարակական-քաղաքական գործիչների դեմ: Միշտ էլ դատարանները դակում են այն որոշումները, որոնք պահանջում են իշխանությունները՝ հասարակական ակտիվություն ցուցաբերած անհատների նկատմամբ: Այս դեպքը վարույթ չընդունելը, կարծում եմ, կապված է ոչ թե նրա հետ, որ իշխանության մեջ ինչ-որ բան է փոխվել, իշխանության որակն է փոխվել, կամ ինչ-որ քաղաքական քամիներ ու եղանակներ են փոխվել: Ոչ, պարզապես նրանք 100 տոկոսով գիտեին, որ Լեւոն Բարսեղյանը Եվրոդատարան գնալու է, որոշել են այս մի պարտությունը չգրանցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ