Շուրջ 10 օր առաջ, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչության քննիչի որոշմամբ, Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Գրետա Թամրազյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ քննիչը Գ. Թամրազյանին պաշտոնից ժամանակավորապես հեռացրել է ՀՀ քրեական դատավարության 152 հոդվածի համաձայն, որպեսզի նա որպես պաշտոնական անձ քրեական գործի քննության ընթացքում ազդեցություն չունենա իր ենթակաների վրա:
Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով(« Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Սկզբում Գրետա Թամրազյանը քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Ըստ հավաստի տեղեկությունների՝ Դիլիջանի պետական քոլեջում յուրացրել են ուսանողների կրթաթոշակները: Գ. Թամրազյանը Դիլիջանի պետական քոլեջը ղեկավարել է 2006 թ. փետրվարից: Երկու երեխաների մայր, 56-ամյա Գրետա Թամրազյանը Դիլիջանի ավագանու միակ կին անդամն է:
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը 2012թ. նրան նվիրված, նրան գովաբանող «Կնոջ դիմանկարը» հաղորդում է պատրաստել եւ հեռարձակել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ