«Ոչ ոք չէր էլ սպասում, որ պետությունը պիտի վերագործարկեր «Նաիրիտը», իրենք ի սկզբանե իրենց դիրքորոշումը դրսեւորել էին, որ չեն վերագործարկելու: Եթե ներդրող լինի, այդ ժամանակ պարտքերի մասով էլ սառեցումներ կլինեին եւ այլն, եւ այլն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակիցների բողոքի ակցիաները համակարգող Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ «Բազե-2015» միջոցառման բացմանը վարչապետն ասել է՝ «Համաշխարհային բանկին խնդրեցինք, որ միջազգային փորձաքննություն հրավիրեն այդ հարցով եւ փորձագիտական եզրակացություն ներկայացնեն կառավարությանը: Այսօրվա տեխնիկական վիճակով, որ «Նաիրիտն» ունի, անարդյունավետ է շարունակել «Նաիրիտի» ապագան: 350 միլիոն դոլարի ներդրում է պետք, իսկ կառավարությունն այսօր այդ հնարավորությունը չունի»: Աբրահամյանն ասել է, որ 350 միլիոն դոլարը, գործնականում նոր գործարանի հիմնում է: Վարչապետի խոսքերով՝ «Կառավարությունը պատրաստ է սառեցնել գործարանի պարտքերն ու ծախսերը, եթե ներդրող հայտնվի»:
Անուշ Հարությունյանն այս առնչությամբ ասաց, որ նաիրիտցիներն էլ հասկանում են, որ պետությունը գործարանի վերագործարկման հնարավորություն չունի, անգամ աշխատակիցների պարտքերը մարելու հնարավորություն չուներ: Սակայն նաիրիտցիների ակնկալիքը պետությունից այն է, ինչպես ասաց Հարությունյանը, երբ վարչապետը հայտարարում է՝ չենք կարող վերագործարկել, գոնե ասի՝ մենք ակտիվ փնտրում ենք ներդրողներ, ներկայացնում ենք «Նաիրիտի» հնարավորությունները. «Ոչ թե նստի ու ասի՝ ես սպասում եմ, եթե հայտնվի ինչ-որ մեկը, հարց չկա: Այդպես հարց չի լուծվում: Պետությունն ունի մի հսկայական, ունիկալ ձեռնարկություն, եւ ինքը պետք է կարողանա այդ ձեռնարկությունը ներկայացնել աշխարհում եւ փնտրել ու գտնել ներդրողներ: Ոչ թե հայտարարել, թե նպատակահարմար չի եւ տանել նրան, որ պետք է լուծարել գործարանը»:
Մեր այն դիտարկմանը՝ ինչպե՞ս պետք է ներդրողներ գտնեն, եթե Համաշխարհային բանկի տվյալներով, գործարանի վերագործարկումը ձեռնտու չէ,Անուշ Հարությունյանն ասաց. «Նախ Համաշխարհային բանկը չի ուսումնասիրել, նրա պատվերով «Ջեկոբս» ընկերությունն է 3 աուդիտ արել, 2 ուսումնասիրության ժամանակ տվել է դրական պատասխան, որ «Նաիրիտը» կարող է, եւ պետք է աշխատի, իհարկե, ներդրումներով: Այդ փորձագետներն ասել են՝ «Նաիրիտն» ունի մեծ պոտենցիալ, առաջինը՝ մարդկային, մասնագիտական ներուժն է, հետո էլ՝ կան բավականին լավ պահպանված սարքավորումներ»:
Կարդացեք նաև
Քանի որ նաիրիտցիները հայտարարել են, որ պիտի սկսեն պայքարը գործարանի վերագործարկման համար, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ուժի մե՞ջ է այդ նախաձեռնությունը, թե՞ վարչապետի հայտարարությունից հետո այլեւս բողոքի ակցիաների չեն դիմի, Հարությունյանն ասաց. «Մենք սպասում ենք Ազգային ժողովի աշխատանքների սկսվելուն, որի հետ էլ մենք կսկսենք մեր պայքարը, որպեսզի Ազգային ժողովն իր լծակներն օգտագործի եւ պահանջի հրապարակել ոչ միայն վերջին աուդիտի եզրակացությունը, այլեւ՝ նախորդ երկուսը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ