Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Ազիզյան. «Խաղատան մասին խոսք անգամ չի կարող լինել» (Տեսանյութ)

Օգոստոս 18,2015 15:56

«Ես ուղղակի ուզում եմ մտածել, որ շատ խորը մտածված որոշում է, պարզապես շատ հապճեպ ներկայացվեց մեզ»,- օգոստոսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վաճառքին, ասաց Մարզահամերգային համալիրի համահեղինակ, «Հայ նախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Նա հիշեց, որ երբ առաջին անգամ որոշվել է օտարել Մարզահամերգային համալիրը, իրենք գիտեին, որ այն օտարվում է բավականին լուրջ կազմակերպության, որը բավականին լուրջ աշխատանք ուներ եւ լուրջ ծրագրեր էր ներկայացնում: Բայց ժամանակը ցույց տվեց, թե ինչ կատարվեց այդ կազմակերպության հետ մի քանի տարիների ընթացքում. «Այսինքն՝ մենք հավատում էինք այդ կազմակերպությանը, բայց այդ կազմակերպությունը փլվեց: Իսկ հիմա մեզ ներկայացնում են մի կազմակերպություն, որ անցյալ չունի, ապագայի մասին մենք չգիտենք, որոշ հետաքննություններ են վարել լրագրողները եւ պարզել են, թե որտեղ է գրանցված այդ կազմակերպությունը, եւ այդտեղից միտք է գալիս, թե ո՞ւմ ենք տալիս, իսկ միգուցե դրա հետեւում իսկապես մեկ այլ ուժեր կան: Այդ ժամանակ թո՛ղ ներկայացնեն այն ուժերին, որոնք ունակ են պահպանել Մարզահամերգային համալիրը: Միանշանակ, Մարզահամերգային համալիրը ունակ չէ պահպանել մեր կառավարությունը, որովհետեւ պետությունը չի կարող հոգալ այդ կառույցի մասին: Դա ցույց տվեց վերջին 25 տարիների գոյությունը, երբ 2 անգամ վերանորոգվեց եւ 2 անգամ շատ արագ վնասներ կրեց եւ կամաց-կամաց, կոպիտ ասած, փլուզվեց, որովհետեւ մնում էր պետական կառավարման ներքո: Այսինքն՝ նա պետք է սեփականաշնորհվի»:

Նա հավանական է համարում, որ այնտեղ հյուրանոց կառուցվի, բայց ոչ թե 10-20 հարկանի, այլ՝ 2-3, լանջով իջնող, բայց ոչ անտառածածկ հատվածում:

Իսկ անդրադառնալով բազմաֆունկցիոնալ համալիրում խաղատան առկայությանը՝ Գրիգոր Ազիզյանն ասաց. «Խաղատունը մի երեւույթ է, որ Երեւանից մենք հանել ենք, հիմա ուզում ենք մտցնել Երեւան: Եվ դա կառավարության այն որոշման շնորհիվ է, որ 100 մլն ներդրումի դեպքում թույլ է տալիս, որպեսզի լինի խաղատուն, նկատե՛ք`այստեղ գրված է 100 միլիոն, այսինքն՝ այստեղ շեշտված է, որ խաղատան համար է 100 միլիոնն արվում: Եվս 2 տարի եւ 100 միլիոնը այն թիվը չի լինի, որ մի 20 հոգի չկարողանան անել, այսինքն՝ խաղատունը նորից մուտք է գործելու Երեւան: Մենք խաղատները հանո՞ւմ էինք, որպեսզի նորից թույլ տանք մտնեն: Այսինքն՝ խաղատան մասին խոսք անգամ չի կարող լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31