Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողին ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու փորձը կարող է քննվել ՄԻԵԴ-ում

Օգոստոս 18,2015 15:42

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի՝ ԱԱԾ-ի աշխատակցի սպառնալիքների դեպքով գործն այժմ գտնվում է վճռաբեկ դատարանում, որտեղ նա բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ կապված առաջին ատյանի դատարանի վճիռը ուժի մեջ թողնելու հետ։

Հրայր Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով մանրամասնեց. «Պատասխանող կողմը դատախազությունն է, որը հրաժարվում է քրեական գործ հարուցել, թեև ակնհայտ է, որ ԱԱԾ այդ աշխատակիցը (այժմ՝ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը) իմ մասին տեղեկություններ է հավաքել և փորձել միջամտել մեր կուսակցության գործունեությանը։ Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ հավաքելն ու պահելը արգելված է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, իսկ կուսակցության գործունեությանը միջամտելը՝ 161-րդ հոդվածով։ Բացի այդ՝ քրեական գործ չհարուցելը նշանակում է, որ ի թիվս այլ հոդվածների՝ խախտվում են նաև Սահմանադրության 18-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք) և 32-րդ (աշխատանքի ընտրության ազատություն, հարկադիր աշխատանքի արգելում) հոդվածները»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԱԱԾ-ի աշխատակիցը՝ Վլադիմիր Հակոբյանը, որը փորձել էր այսպես ասած «վեբրովկա» անել Հրայր Մանուկյանին, նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար: Այս առիթով Հրայր Մանուկյանն ասաց. «Դա նախևառաջ ցույց է տալիս, որ ԱԱԾ ղեկավարությունն ու Սերժ Սարգսյանը համարում են, որ այդ տղան որևէ սխալ բան չի արել, գործել է պրոֆեսիոնալ կերպով, հետևաբար՝ իմ հետ կապված դեպքը չպետք է խանգարի կամ վնասի նրա կարիերային։ Եթե այդ տղան ազատվեր աշխատանքից, դա կնշանակեր, որ ԱԱԾ-ն նրա գործունեությունը գնահատել է անբավարար ու համարել, որ նման մեթոդներով չի կարելի հավաքագրումներ անել։ Բայց ԱԱԾ-ն թողել է նրան իր պաշտոնին, իսկ Սերժ Սարգսյանը՝ բարձրացրել պաշտոնը, ինչը ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն միշտ է նման մեթոդներով հավաքագրել և շարունակում է հենց այդ մեթոդը համարել ամենաարդյունավետը։ Ցավում եմ, որ մենք այդ մակարդակի ԱԱԾ ունենք, որտեղ չեն ընդունում, որ չի կարելի անկախ ու դեմոկրատական հռչակված Հայաստանում օրենսդրության խախտմամբ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ «հավաքագրել»:

Հրայր Մանուկյանը նշում է, թե ինքը չի ասում, որ ԱԱԾ-ն չպետք է ընդհանրապես հավաքագրումներ անի, բայց ենթադրում, որ հակահետախուզության նպատակներով «ինֆորմատորներ» ունենալը կարևոր է նրանց ու նաև՝ մեր պետության համար։

Հրայր Մանուկյանը նկատում է. «Խնդիրը նախևառաջ ԱԱԾ-ի մեթոդն է՝ դարձնել մարդուն «ինֆորմատոր»՝ նրա կամքին հակառակ՝ օրենսդրության խախտմամբ ու շանտաժով։ Բացի այդ՝ անթույլատրելի է ԱԱԾ-ի կողմից անգամ մոտենալը ընդդիմադիր կուսակցության ղեկավար անձանց, այն էլ՝ մեր նման կիսաավտորիտար երկրում, որտեղ ակնհայտորեն իշխանությունը օգտագործում է այդ ինֆորմատորներին՝ ընդդիմադիր ուժերի դեմ։ Ավելին, կասկած չունեմ, որ մեր ԱԱԾ-ն անգամ հակահետախուզության առումով ամբողջապես սպասարկում է բացառապես Ռուսաստանի շահերը։ Հայաստանին նա օգուտ կարող է տալ հարյուրերորդական նշանակության հարցերում՝ այն էլ՝ միայն ռուսական գաղտնի ծառայություններից «դաբրոն» ստանալուց հետո»:

Նախագահի մամուլի խոսնակի նշանակման փաստի առիթով Հրայր Մանուկյանը շեշտեց. «Դա ցույց է տալիս նաև Սերժ Սարգսյանի անձնական վերաբերմունքը ամբողջ լրատվական ու ընդդիմադիր դաշտի նկատմամբ։ Այն է՝ իր համար մենք «այդքան չկանք», որ եթե անգամ ԱԱԾ-ի ապօրինություններն ակնհայտ ենք դարձնում ու հրապարակայնացնում՝ դա որևէ նշանակություն ունենա նրա համար՝ իր սիրելի կառույցի շատ սիրելի աշխատակիցներին վերաբերվելու իմաստով։ Սերժ Սարգսյանը թքած ունի նաև նրա վրա, որ գործը Եվրոպական դատարանում կարող է քննվել ու միջազգային ասպարեզում էլ կարող է իմացվել, թե ինչ տիպի մարդկանց է ինքը նշանակում խոսնակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31