ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը:
Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում և այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵԱՏՄ անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը:
Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:
Կարդացեք նաև
Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա շարունակել զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, կնպաստի տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ