Լրահոս
Օրվա լրահոսը

Սայիդը (պատմվածք)

Օգոստոս 18,2015 14:37

Նրա իսկական անունը ոչ բոլորին էր հայտնի, բայց գործարանի տարածքում նրան Սայիդ էին ասում: Ազգությամբ ադրբեջանցի էր: Սակայն խորհրդային ժամանակներում մարդու ազգային պատկանելիությանը այնքան էլ ուշադրություն չէին դարձնում հասարակության մեջ, քննարկման արժանի խնդիր չէր համարվում և դրանով զբաղվելն էլ այնքան հարգի չէր:

Սայիդն էլ` օգտվելով այդ բարյացակամ վերաբերմունքից միշտ նստում էր հսկա գործարանի նույն ծառուղու հովասուն ստվերում դրված մի ջարդված աթոռակի վրա և հանգիստ նայում էր անց ու դարձ անողներին: Մի օր էլ` նա դիմացի ճաշարանի սրահից մի հնամաշ նստարան քարշ տվեց բերեց` իր տեղը մշտական դարձնելու համար:

Մուգ ու ջլուտ ձեռքերը կրծքին խաչած` նստում էր Սայիդը լուռ և ծուլորեն շրջապատին էր նայում: Նա միշտ էլ կարճաթև մայկայով էր ման գալիս՝ ամառ լիներ թե ձմեռ: Նրա բազուկները սովորականից ավելի սև էին ու մկանուտ, որոնք ավելի սևացել ու կոշտացել էին բաց օդում երկար նստելուց: Մի աչքը վնասված էր, ուռուցիկ բիբի փոխարեն սև, ներս ընկած խոռոչ էր երևում, գրեթե լրիվ փակված, իսկ առողջ աչքը բնականից ավելի մեծ էր թվում, գուցե ձգտելով երկու աչքի դեր կատարել: Սուր, մեքսիկական տիպի բեղերը առանձին շուք էին տալիս նրա ծաղկատար դեմքին: Բավականին բարձրահասակ էր, թիկնեղ, խոսում էր դանդաղ, ալարկոտ շարժ ու ձևով: Շուրթերը հաստ էին, սևական ցեղին յուրահատուկ կառուցվածքով, որոնց անկյուններում ժրաջան ճանճերը միշտ էլ կերակուր կճարեին: Սիրում էր գործարանի ծառուղով հաճախակի անցուդարձ անող իգական սեռի ներկայացուցիչներին “փաղաքշական” խոսքեր շռայլել, որը միշտ չէր, որ արժանանում էր նրանց ուշադրությանը:

Ամեն աշխատանքային օր, նույն տեղում, նստում էր Սայիդը ու չէր աշխատում: Երբ նրան հարցնում էին, թե ինչու՞ չի աշխատում, չէ որ ինքը ֆիզիկապես առողջ տղամարդ է երևում:

-Հավես չկա,-ծուլորեն պատասխանում էր նա:

-Իսկ մինչ աչքիդ վնասվելը ի՞նչ աշխատանք էիր կատարում,-հարցին՝ անտարբեր պատասխանում էր:

-Բեռնակիր բանվոր էի:

Սայիդի ասելով` նա ժամանակին բեռնակիր բանվոր էր եղել, բայց երբեք և ոչ մեկը չէր տեսել, որ նա բեռ կրի: Միշտ մաքուր ու կոկիկ հագնված, սպիտակ մայկայով նույն ծառի ստվերում էր նա անցկացնում իր աշխատանքային օրը` երազկոտ նայելով չորացած աղբյուրի ծորակին, որից երբևէ ջուր էր հոսել:

Երբ էր աչքը կորցրել և ինչ հանգամանքներում, գրեթ ոչինչ չգիտեին անցորդները: Ասում էին, որ դիմացի արտադրամասում պողպատի գլանիկներ մշակող հաստոցի վրայից թռած երկաթե տաշեղն է վնասել աչքը, ու այդ օրվանից նա արտադրամասի վարչակազմից վրեժ է լուծում` իր չաշխատելով:

Երբ մի անգամ տվյալ արտադրամասի պետը նրան հիշեցրել է, որ այդպես չի կարելի, երկար ժամանակ չաշխատել, ամոթն էլ լավ բան է, նա կտրուկ պատասխան է ստացել.

-Աչքս հանեցիք, քիչ է ու դեռ պահանջում եք աշխատե՞լ:

Ոմանք էլ ասում էին, որ Սայիդը արտադրական խեղում ստանալուց հետո դիմել էր գործարանի արհմիությանը` աշխատանքային թոշակ ստանալու նպատակով, քանի որ աչքի կորուստը տեղի էր ունեցել աշխատանքային ժամերին և մերժում էր ստացել:

Իհարկե, խորհրդային ժամանակներում շատ դժվար էր արտադրական խեղումի հիմքերով թոշակ նշանակելը, քանի որ այդ պարագայում բավականին թվով մարդիկ կարող էին խիստ պատիժներ կրել և այդ իսկ պատճառով, շատ դեպքերում կատարված փաստերը զարտուղի ճանապարհներով, այդ ոլորտի աշխատակիցները ճարպկորեն թաքցնում էին:

Սակայն, շրջանցելով վերևներին և ելնելով մարդասիրական մղումներից, գործարանային վարչակազմը հաշմանդամության թոշակի փոխարեն` տարբեր ճանապարհներով, նրան ամսական որոշակի գումար էր հատկացնում` տվյալ ցեխի բյուջեից, որտեղ նա ստացել էր արտադրական խեղումը:

Ու այդպես, ժամերով նստում էր Սայիդը իր մշտական տեղում` ծառուղու ստվերում ու երբ մոտենում էր ընդմիջման ժամը, նա պարտաճանաչ կերպով վեր էր կենում իր մշտական զբաղեցրած տեղից, դանդաղորեն քայլերն ուղղում դեպի գործարանային ճաշարան, հաստատ հայտնի չէ, բայց երևի նաև ձրի, ճաշում էր, ապա կրկին քայլերն ուղղում դեպի իր մշտական նստատեղին: Տեղավորվելով նստարանին, խորը շունչ էր քաշում ու երևի միտք անում աշխարհի կարգերի վրա, թե այս մարդիկ ինչու՞ են աշխատում, երբ կարելի է առանց աշխատելու էլ գումար վաստակել ու յոլա գնալ:

Բայց հետո եկան գորբաչևյան վերակառուցման և հեղափոխական ժամանակները, Խորհրդային պետությունը փլուզվեց, գործարանների մեծ մասը փակվեց, այդ թվում նաև Սայիդի աշխատատեղի գործարանը: Առաջնային պլան մղվեց ազգային պատկանելիությունը, առաջացավ նոր եզրույթ` «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի»: Բայց այդ եզրույթը հորինողները չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, որ այս կովկասցիները տարբեր ազգային պատկանելություն ունեն և խիստ տարբերվում են իրարից` ինչպես կրոնական, այնպես էլ մշակութային, ավանդույթային, աշխատանքային և էլի շատ -ույթային բաղադրիչներով և չէր կարելի նրանց մի եզրույթով` տարածաշրջանային, աշխարհագրական տեղանունով կոչել: Հո չի կարելի սարին ու ձորին միևնույն անունը տալ ու տարբեր կերպ հասկանալ: Դրանք իրարից տարբեր բարձրությունների վրա գտնվող տարածքներ են:

Ու այս հակամարտությունների հեռապատկերի վրա այլևս ոչ-ոքի չհետաքրքրեց, թե ո՞ւր գնաց Սայիդ մարդը և ի՞նչ եղավ նրա հետ:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31