Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, կազմակերպված և տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է , որը պետք է լինի կյանքի ամենավառ և հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու համար:
ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:
ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերում էր համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի մարզերի դպրոցների և մարզասրահների, քաղաքային այգիների և փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը: Հաջորդ որոշումներով գումար է հատկացվել Հ-73-Մ-4–Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և կամրջի, ինչպես նաև տնտեսված գումարի վերաբաշխման միջոցով՝ Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման նպատակով:
Կարդացեք նաև
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների: Ըստ այդմ, տեղական ինքնակառավարման մարմիններն ազատվում են լրացուցիչ ծավալուն աշխատանքից. վերջիններիս մնում է օրենսդրությամբ իրենց վերապահված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական փաստագրումը: Այս գործընթացն ապակենտրոնացվում է և դառնում ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց շինարարական օբյեկտի ամենաշահագրգիռ կողմը` կառուցապատողը: Վարչապետի դիտարկմամբ այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ