Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ են վաճառել համալիրը, ում խնամին է, ում քավորն է, ում փեսան է, կպեղենք, մախաթը պարկի մեջ չես պահի». Բախշյան

Օգոստոս 18,2015 13:08

«Շատ կամայական մի վաճառք է իրականացրել մեկ ամիս առաջ գրանցված մի ՍՊԸ-ի, որի ղեկավարը Արմեն Զավենի Գեւորգյանն է: Ո՞վ է այդ մարդը, ինչո՞վ է հայտնի, ի՞նչ երաշխիք ունեն, որ այդ ՍՊԸ-ին վստահում են նման կառույցի վերանորոգումը՝ հյուրանոց, ընտանեկան ժամանցի կենտրոններ, կազինո կառուցելու»,- այսօր «Անդրադարձ» ակումբում Մարզահամերգային համալիրի վաճառքի հետ կապված իր մտահոգությունները հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքերով՝ այդ Արմեն Զավենի Գեւորգյանն անհայտ մարդ է. «Մենք գիտենք ՀՀ-ում բոլոր հարուստների անունները, ում մոտ կուտակված է մեծ հարստություն: Բայց այս մարդու անունը չենք լսել: Հիմա պետք է պեղենք՝ ում խնամին է, ում քավորն է, ում սանիկն է, ում փեսան է, կարող է ինչ-որ մեկի փեսան է այս օլիգարխների: Դժվար չի, կպեղենք եւ շուտով կիմանանք՝ ինքը ով է, որ այդ չափի ներդրում է խոստանում կառավարությանն անել: Անընդհատ մեդիայում պտտվում է այս հարցը՝ ո՞վ է այդ մարդը, եւ ոչ մեկը կառավարությունից չի ասում: Ոչ մեկը չի համարձակվում վեր կենալ ասել, որ այդ մարդը, օրինակ, իմ խնամին է: Բայց վերջիվերջո կպարզվի: Ասում են՝ մախաթը պարկի մեջ չես պահի, իսկ սա հաստատ մախաթ է, որ ոչ մի պարկի մեջ չի տեղավորվի: Շատ անպատվաբեր, Սփյուռքի համար շատ անհասկանալի, տգեղ գործարք արեց կառավարությունը: Ամո՛թ»:

Տիկին Բախշյանը նշեց, որ մի կողմից կառավարությունը ոսկեզօծում է իր շենքը, մյուս կողմից գումար չունեն առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տուն-թանգարանի հիմնանորոգման համար. «Այնտեղ ավերակ է, արժի չէ՞, որ այդ մարդու հիշատակը պատշաճ հիշենք: Թող փող տան Աջափնյակում Նազարբեկյան 48 անտանիք շենքի համար, որտեղ մարդիկ ապրում են բաց երկնքի տակ, անձրեւի եւ կարկուտի տակ, շենքը չունի կոյուղի, միացված չէ կոյուղուն, վերելակները բաց, վտանգավոր, շենքն ունի 51 ընտանիք, այդ շենքի համար թող փող տան»:

Մեր հարցին՝ ի՞նչ լուծում եք առաջարկում, ցույցե՞ր անել, բողոքի ակցիանե՞ր կազմակերպել համալիրի վաճառքի գործարքը չեղարկելու համար՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ինչ եղավ Փակ շուկայի հետ, որ հիմա ինչ անենք: Աննամուս կառավարության համար…Չենք կարող հաշտվել, ով հասնի՝ պիտի թքի մրի: Բայց չի ազդում: Տակը պատկերացնում եմ, թե ինչ ստորջրյա հոսանքներ են գնում, այդ ում են լավություն արել, ում ինչ են խոստացել: Չզարմանաք, որ մի օր էլ ասեն՝ գիտեք այդ գործարքից մեր բանակը ոնց է շահել, ախր ամեն բան հո չենք ասելու: Մեր բանակը նենց շահեց, որ…միջուկային զենք ենք առել, օրինակի համար: Հնարավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31