Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա գերեզմանում խեղճ մարդը շուռ եկավ». Բախշյանը Կարեն Դեմիրճյանի մասին

Օգոստոս 18,2015 12:52

Մարզահամերգային համալիրի վաճառքի հետ կապված այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լուրջ մտահոգություն հայտնեց. «Մարզահամերգայինը վաճառվեց 30 մլն դոլարով, երբ իր գնահատված արժեքը նախորդ աճուրդի ժամանակ 60 մլն էր: Հասկանում եմ, որ Մարզահամերգայինի նման մեծ կառույցը պետբյուջեով պահելը երեւի դժվար է, որովհետեւ որտեղ ասես գումար տրամադրվում է, կառավարության շենքի կահավորման համար միլիոններ են ծախսում, բայց Մարզահամերգային համալիրն իրենց համար «բեռ» էր, դրա համար «վիզ դրած» ուզում էին ազատվել այն կառույցից, որ պատմամշակութային արժեքների ցանկում է գրանցված: Ա՛յ կառավարություն, մի կողմից քո շենքն ես ոսկեզօծում միլիոններով, մի կողմից վաճառում ես քո հրաշք շինությունը: Հոգի, սիրտ ունե՞ս, կառավարություն, խղճիդ առաջ ո՞նց ես պատասխան տալու»:

Anahit_Baxshyan-2

Տիկին Բախշյանը զարմանում է, թե ինչու ձայն չի հանում Մշակույթի նախարարությունը: Նա հիշեցրեց, որ նույն սկզբունքով կառավարությունը վաճառեց «կուկուռուզնիկի» շենքը. «Տեղը բան չկա, բայց էլի ինչեր խոստացան: Աֆրիկյանների տունը քանդեցին»:

Ամբողջ ներդրման ծրագիրը 100 մլն է: Իսկ «Խաղատների մասին» օրենքով Երեւանում խաղատուն կարող է լինել միայն այն դեպքում, երբ 100 մլն-ի ներդրում է արվում: Այս դեպքում, ըստ տիկին Բախշյանի, 100 մլն ներդրումը պետք է արվի ողջ ժամանցի կենտրոնի համար, ոչ թե միայն խաղատան, հետեւաբար ստացվում է, որ օրենքով չթույլատրված տեղում են ուզում կազինո ունենալ. «Հայաստանը դա Լաս Վեգասը չի՝ այստեղ համերգասրահ, հյուրանոց, կազինո: Եվ…ընդամենը 30 մլն դոլարով: Հաստատ այս գործարքի տակ ինչ-որ շահ կա, որը մի խողովակով որոշակի մարդկանց գրպանն է տանելու ինչ-որ գումարներ: Հերթական անգամ Հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդ «ոսկետար» խողովակից, որը գումար է տանելու որոշ մարդկանց, հաստատ կօգտվի: Այս ամեն ինչի տակ այնքան ակնհայտ է կոռուպցիան»:

Կառավարության ներկայացրած նախագծում նշված է, թե համոզված են, որ 1 մլն մարդ կգա Հայաստան 4 տարում: Անահիտ Բախշյանը տարակուսեց. «Ո՞նց են հաշվելու, ո՞վ է հաշվելու, իսկ եթե 4 տարվա ընթացքում 1 մլն մարդ չայցելի, ի՞նչ քայլեր պիտի անի կառավարությունը, ինչպե՞ս պիտի պաշտպանի այս կառույցի գոյությունը: Ինչո՞ւ են 1 մլն գրել, կարող էին 10 մլն գրել: Միեւնույն է, եթե չգան, ի՞նչ է լինելու: Այո, անունը համալիրի նույնն են պահելու: Բայց այդ անունը եւ այս նպատակներն անհամատեղելի են ինձ համար: Պատկերացնո՞ւմ եք մարզահամերգային համալիրի կողքին քոթեջներ սարքեն, մի քիչ այն կողմ՝ սաունա դնեն, մի քիչ այն կողմ «Փարավոնի» նման կազինո սարքեն»:

Մեր հարցին՝ եթե Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, ինչպե՞ս կարձագանքեր այդ նախագծին, երբ համալիրը վերածվում է ժամանցի կենտրոնի եւ խաղատան՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Հիմա գերեզմանում խեղճ մարդը շուռ եկավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31