Վաղը՝ օգոստոսի 19-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Արտուշ Ղուլյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006թ. մայիսի 9-ից աշխատելով որպես մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ, ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար:
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ն.-ի եւ Տիգրան Ա.-ի կողմից «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի անվամբ Իտալիայից եւ Ֆրանսիայից ՀՀ ներմուծվող օծանելիքը Տիգրան Ա.-ի՝ որպես անհատի անվամբ վերաձեւակերպելու, անվանափոխելու եւ մաքսազերծելու համար 2007 թ. հոկտեմբերի 14-ին նրանից պահանջել եւ իր աշխատասենյակում Հովսեփ Ն.-ից ստացել է շուրջ 5 հազար 300 ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձեւակերպման հետ կապված գործողություններ:
Երեւանի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա գտնվում է կալանքի տակ: Ա. Ղուլյանը 2007 թ. հոկտեմբերի 22-ից մինչեւ 2015թ. ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ: 2015թ. ապրիլի 10-ին նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև