Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյանը հայ մուֆթիի լուրի մասին. «Դա աբսուրդ է»

Օգոստոս 18,2015 11:42

Aravot.am-ը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին խնդրեց որպես արեւելագետ մեկնաբանել՝ որքանո՞վ է հավաստի կրկին շրջանառության մեջ դրված այն լուրը, թե

ոմն Արսեն Սաֆարյան, որն ավարտել է Իրանի Ղոմ քաղաքի հոգեւոր Ճեմարանը, ընտրվել է Հայաստանի եւ Արցախի մահմեդական հայերի կրոնական առաջնորդ, Հայաստանում եւ Արցախում կա՞ն մահմեդական հայեր եւ իր կարծիքով, ինչո՞ւ է կրկին նույն տեղեկատվությունը «վերակենդանացվում»:

«Նախ պետք է ճշտել՝ արդյոք նման ինստիտուտ ընդհանրապես գործո՞ւմ է, գոյություն ունի՞ նման անձնավորություն: Լուրը տարածվել է մայիս ամսին՝ մեկ լրատվական ռեսուրսի կողմից, որից վերցրել եւ արտատպել են, ու չգիտես ինչու, հիմա էլ, երբ ինֆորմացիոն առիթ չկա, նույն լուրը «վերակենդանացվում» է: Եթե մենք նայենք լուրի կամ, ավելի ճիշտ, այդ ապատեղեկատվության բովանդակությանը, ապա բովանդակային հատվածում կտեսնենք տարօրինակ մի բան՝ իբր մուֆթի է ընտրվել Իրան Ղոմ քաղաքի հոգեւոր ճեմարան ավարտած անձ, մինչդեռ Իրանի Ղոմ քաղաքում շիայական հոգեւոր ճեմարան է գործում, իսկ շիայականությունը մուֆթիի ինստիտուտ, որպես այդպիսին, չունի: Որպեսզի մեր քաղաքացիներին ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նշենք՝ մոտավորապես դա նույնն է, որ ասենք թե Էջմիածնի հոգեւոր ճեմարանի շրջանավարտն ընտրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ, իսկ դա փաստացիորեն աբսուրդ է:

Հայաստանում մահմեդական հայեր չկան, մի գուցե առանձին լինեն, բայց համայնք չկա՝ որքանով ես տեղյակ եմ: Անշուշտ ունենք համշենցի հայեր Թուրքիայի տարածքում, բայց Հայաստանի տարածքում նման համայնքի գոյությունը խիստ կասկածելի է»,-ասաց արեւելագետը:

Ինչ վերաբերում է լուրի կրկնակի շրջանառության մեջ դնելուն, ապա նրա համոզմամբ, հավանաբար նպատակը ընթերցողների ուշադրությունը տվյալ ռեսուրսի վրա հրավիրելն է. «Չեմ կարծում, որ որեւէ միտում կա կամ նախօրոք ծրագրված ինչ-որ բան: Այնուհանդերձ, կարծում եմ, որ ճիշտ կլինի անցկացնել լրագրողական հետաքննություն եւ պարզել արդյոք կա՞ նման անձնավորություն կամ նման համայնք, եւ որտեղի՞ց է նման տեղեկատվության աղբյուրը»,- Aravot.am-ին ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31