Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե Պերմյակովին քանի տարի կդատապարտեին՝ 10 տարի, 5 թե 1 տարի, որեւէ նշանակություն չունի». Լուսինե Սահակյան

Օգոստոս 18,2015 11:20

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Որոշ իրավաբաններ գտնում են, որ զուտ դասալքության համար 10 տարի ազատազրկելը շատ խիստ է եւ ոչ համարժեք արարքին, ուստի ռուսական կողմն այդպիսի պատիժ սահմանելով Պերմյակովի համար, պարզապես փորձում էր ցույց տալ, թե ինչքան խիստ են իրենք վերաբերվում եւ որքան են կարեւորում հայ-ռուսական հարաբերությունները:

Lusine-Sahakyan

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վստահեցրեց, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրել, թե Պերմյակովին քանի տարի ազատազրկման պատիժ կտան: Ըստ նրա, եթե դատարանում հնչած մեղադրանքներն ապացուցվեն եւ Պերմյակովը սպանության համար դատապարտվի, նրան ցմահ ազատազրկում է սպասում. «Իրենք քննության ընթացքում երեւում էր, որ սպանություն կատարած անձը նա է, մեղադրող կողմն ասում էր, որ Պերմյակովի արարքը լուրջ հետեւանքներ է ունեցել, վնասել է հայ-ռուսական հարաբերությունները, այսինքն, իրենք դիտարկում էին նրան՝ որպես սպանություն կատարող անձ: Այդ դեպքում թե դասալքության համար քանի տարի կդատապարտեին՝ 10 տարի, 5, թե 1 տարի, որեւէ նշանակություն չունի: Իրենք ուզեցին դրանով ասել, որ տեսե՜ք, մենք այսպիսի առավելագույն պատժի ենք դատապարտում»:

Մեր հարցին՝ այն, որ մեղադրող կողմը պարբերաբար նշել է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին, դա իրավական կատեգորիա՞ է, ի՞նչ կապ ուներ դա քննվող քրեական գործի հետ՝ Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Մեզ համար կարեւորություն չուներ, իրենց համար եթե կարեւոր էր, իրենք միշտ ավելի բարձր են դասում իրենց, եւ իրենց չեն հետաքրքրում մեր հարաբերությունները, բայց ձեւականորեն դա ցույց էին տալիս: Եթե իսկապես կարեւոր էր իրենց համար այդ հարաբերությունները, իրենք պատասխանատվության կենթարկեին բազմաթիվ անձանց, ովքեր մեղավոր էին նրա համար, որ այս հանցագործությունը կատարվել է: Իրենք այդ դատավարությունը արեցին, ամեն ինչ արեցին, որ տվյալներ չհրապարակեն, որպեսզի չբացահայտվի: Ընդ որում` միայն այն, որ Պերմյակովը հայտնվել էր ռուսական կողմում, խոսում է այն մասին, որ իրենց ընդհանրապես ռուս-հայկական հարաբերությունները չեն հետաքրքրում: Իրենց հետաքրքրում է իրենց զինվորը, իրենց ուժի ցուցադրումը, որ մենք ենք այստեղ գերիշխողը, որ մենք կորոշենք, թե ինչ պիտի լինի: Ցանկացան Պերմյակովին մեղադրանք առաջադրել՝ առաջադրեցին, ցանկացան պահել այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է իրենց խնդիրները լուծելու՝ պահեցին, ցանկացան գործի նյութերը տրամադրել՝ տրամադրեցին, ցանկացան, որ դատավարությունը հայկական կողմում լինի՝ կլինի, ցանկանան Պերմյակովին հանձնել՝ կհանձնեն, չէ՝ կտանեն-կբերեն: Այսինքն, վերջին հաշվով որոշողն իրենք են եւ իրենց չի հետաքրքրում հայ-ռուսական հարաբերությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31