Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանին ձեռնտո՞ւ էր ծեծը

Օգոստոս 18,2015 12:32

Նոր մանրամասներ «Էյր Արմենիայի» տնօրենի հետ միջադեպից

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առեւանգելու եւ նրան ծեծի ենթարկելու դեպքով հետաքննություն է կատարվում, այն իրականացնում է ոստիկանության Նոր Նորքի բաժինը։

Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանն ամուսնու նկատմամբ իրականացրած բռնության մեջ մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Մինչ ոստիկանությունը մի բան կպարզի, «Առավոտին» ուշագրավ տեղեկություններ հայտնեցին: Մեր աղբյուրը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ իր անունը հրապարակենք, բավականին լավ ճանաչում է թե Արսեն Ավետիսյանին, եւ թե Ռուբեն Հայրապետյանին. նա երկուսի հետ էլ գործնական լավ հարաբերությունների մեջ է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երբ Ավետիսյանն ու Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող ակադեմիայի տարածքում («Հարսնաքար» ռեստորանի հարեւանությամբ) գտնվող սրճարանում զրուցելիս են եղել, Ավետիսյանը շատ բորբոքված է եղել, նույնիսկ հայհոյանքներ է տվել, անընդհատ տեղից վեր է թռել ու ձեռքերը դեպի Ռուբեն Հայրապետյանը թափ տալով բավականին վրդովված ինչ-որ խոսակցություն է վարել: Հայրապետյանի թիկնապահները մի անգամ Ավետիսյանին զգուշացրել են՝ հանգստանալ, բայց երբ Ավետիսյանը շարունակել է նույն գործողությունները կատարել եւ նախահարձակ եղել, Հայրապետյանի թիկնապահները բռունցքով հարվածել են Ավետիսյանի դեմքին:

Հիշեցնենք, որ Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը հայտարարել է, որ ամուսնուն Հայրապետյանի «մարդիկ» առեւանգել են եւ 2 ժամ զրկել ազատությունից: Իզաբելա Մելքումյանն ասել է, որ 40 զինված անձանց ներկայությամբ Հայրապետյանը ճնշում է գործադրել ամուսնու նկատմամբ՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր Ավետիսյանը Հայրապետյանին գումար է պարտք: Լրատվամիջոցների ահազանգերից հետո Ավետիսյանին բաց են թողել: Ավետիսյանը ծեծի արդյունքում ստացել է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդեր:

Լրատվամիջոցները ծեծի վարկած են շրջանառում՝ Արսեն Ավետիսյանի առեւանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը, որի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը պարտքը ստանալու համար դիմել է Հայրապետյանին՝ որպես միջնորդ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավետիսյանն իրականում հսկայական պարտքեր ուներ, նա, իհարկե, «Տարոն-Ավիայից» «Բոինգ» ինքնաթիռ էր վարձակալում, որի դիմաց պարտքը կազմում է 2.5 միլիոն դոլար, բայց այս պարտքը ոչ թե «Տարոն-Ավիայինն» էր, այլ՝ Արաբական Միացյալ էմիրություններում կրկին Գառնիկ Պապիկյանի կողմից ստեղծած «Ալա ինթերնեյշնլ» ընկերությանը: Ավետիսյանը դրամով միլիարդների հասնող պարտքերի «տակից» ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ: Ավետիսյանի դեմ դատական 57 հայց կա՝ պարտքերը ստանալու պահանջով:

«Էյր Արմենիան», որի 51% բաժնետերը Ավետիսյանն է, ըստ մեր աղբյուրի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությանը 400 հազար դոլարի պարտք ունի, փոքր չեն պարտքերը նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին: «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ ընկերությունը պարտքեր ունի «Էյչ-Էս-Բի-Սի», «Ամերիա» բանկերին, ինչպես նաեւ «Կոնվերս» բանկին:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի, «Էյր Արմենիան» մոտ 76,5 միլիոն դրամի պարտքեր ունի ընկերության աշխատակիցների աշխատավարձերի գծով, պարտք ունի նաեւ «Ինգո Արմենիային», «Ռիմ ընդ Ար», «Էֆ Էմ Թայմս» ՍՊԸ-ին, «Յումակս» ՍՊԸ-ին, «Արմյանսկոյե բյուրո պուտեշեստվիյ» ՍՊԸ-ին, «Աքիլա տեխնիքս» ՍՊԸ-ին՝15,4 միլիոն դրամ. սրանցից որոշների դեպքում, ըստ «Դատալեքսի», որպես հայցի ապահովման միջոց է որոշված գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը:

«Էյր Արմենիան» 2 «Էյրբաս» ինքնաթիռ էր վարձակալում հոլանդական ընկերությունից, որը հետ է պահանջել ինքնաթիռները, տեսնելով, որ վարձակալության գումարը հայկական կողմը ի վիճակի չէ վճարել:

«Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ՝ «Իհարկե, անկախ պարտքի չափից, անընդունելի է մարդուն ծեծել-ջարդելու միջոցով պարտք ստանալը, բայց կարելի է ենթադրել, որ այս ծեծի պատմությունը ձեռնտու էր Արսենին, քանի որ նա պարտքերը չվճարելու պատրվակ կարող է բերել, որ օրերս «East Prospect Fund»-ը, որը օգոստոսի 12-ին մոտ 68 միլիոն դոլարի արժեթղթերի մուտք է արել «Էյր Արմենիայի» բալանսին, հետ է վերցնում, պատճառաբանելով, որ Հայաստանում բիզնես միջավայրն ապահով չէ, գործարարների հետ հարցերը լուծում են գողականով, ծեծ ու ջարդի միջոցով»:

Նշենք, որ «East Prospect Fund»-ը գրանցված է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում, եւ 68,6 միլիոն դոլարի արժեթղթերի ներդրումը «Էյր Արմենիան» կարող է տնօրինել ըստ անհրաժեշտության եւ նպատակի: «East Prospect Fund»-ը «Էյր Արմենիայի» բաժնեմասի 49%-ի սեփականատերն է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Էյր Արմենիան» կուտակում էր հսկայական պարտքեր, սակայն նրա սեփականատեր Արսեն Ավետիսյանը Ծարավ Աղբյուրի փողոցում շքեղ առանձնատուն էր կառուցում, «Բենթլի» թանկարժեք մեքենայով շրջում, ու իրեն որեւէ շքեղությունից չէր զրկում, բայցեւ որոշ քայլեր անում էր պարտքերը մարելու ուղղությամբ: Մասնավորապես, ինչպես մեր աղբյուրն ասաց, որ Ավետիսյանը Ուկրաինայում հողատարածքներ ունի, եւ հաճախ մեկնում էր այդ երկիր, իբր փորձելով վաճառել այդ հողերը, որոնց գումարով պիտի որոշ պարտքերը մարեր:

Ընդ որում, եթե անգամ ընկերությունը սնանկ էլ ճանաչվի, ապա նրա հաշվեկռում շատ մեծ գույք չկա, որպեսզի պարտքերի 1/3-րդն էլ փակի. Ընդամենը ընկերության գրասենյակն է իր գույքով եւ մի քանի մեքենաներ:

«Առավոտը» Ավետիսյանի կնոջից՝ Իզաբելա Մելքումյանից փորձեց ճշտել մեզ հասած տեղեկությունները: Տիկին Մելքումյանը հաստատեց, որ պարտքը ոչ թե «Տարոն-Ավիային» է, այլ՝ «Ալա Ինթերնեյշնլին», սակայն ընդհանուր պարտքի ծավալից տեղյակ չէր: «Պարտքն ի՞նչ կապ ունի, առավելեւս եթե ծեծող անձնավորություն Հայրապետյանը պարտքի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է, թե ամուսինս հրահրել է, հայհոյել, դա այդպես չէ: Ամուսինս ինձ պատմել է ամեն ինչ՝ նստել են սրճարանում՝ զրուցելու: Ռուբեն Հայրապետյանն ասել է՝ դու ինձ ես պարտք, ամուսինս ասել է՝ ես քեզ պարտք չեմ, «Ալա ինթերնեյշնլին եմ» պարտք, իրենց կփոխանցեմ, դուք ձեր հարցերը Գառնիկի հետ լուծեք: Հայրապետյանն ասել՝ չէ, դու լավ չես հասկանում, դու ինձ ես պարտք, ամուսինս ասել է՝ ես քեզ փող չունեմ տալու: Հետո Հայրապետյանը ամուսնուս թեւից քաշել է, ու թիկնապահները նրան տարել են էն կողմ, որ ծեծեն, 8 հոգով տշել են: Տեսախցիկներ կան, թող նայեն ու ամեն ինչ պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է շքեղ առանձնատանն ու Ավետիսյանի՝ պարտքերը «ջրելու» փորձերին, ապա տիկին Մելքումյանն ասաց. «Առանձնատունը գրավադրված է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում, եթե պարտքերը չկարողանանք տանք, կանցնի բանկին: Բոլորը փորձում են անձնականացնել, դա անձամբ Արսենի պարտքերը չեն, ընկերության պարտքերն են, որից ոչ ոք չի հրաժարվում: Ի՞նչ կապ ունի ստեղ Հայրապետյանը»:

Արդոք Ավետիսյանն անձամբ ճանաչել է Հայրապետյանին, տիկին Մելքումյանն ասաց՝ ոչ. «Իրար չեն ճանաչել: Առաջին անգամ Գառնիկ Պապիկյանը ամուսնուս կանչել է, ասել՝ պարտքերը հանձնել եմ Ռուբեն Հայրապետյանին, արի գնանք խոսենք: Առաջին անգամ 3-ով են հանդիպել, հետո օգոստոսի 15-ին են հանդիպում նշանակել: Էդ օրը ամուսինս Գառնիկին ասել է՝ արի միասին գնանք հանդիպման, Գառնիկը հրաժարվել է, երեւի իմացել է ինչ պիտի լինի»:

Ինչ վերաբերում է Ավետիսյանի՝ Ուկրաինայում հողատարածքներ ունենալուն, տիկին Ավետիսյանը հարցը լսելուն պես խորը հոգոց հանեց, ապա ասաց. «Ո՞ւր ենք հասել, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ուղղությամբ եք տանում խոսակցությունը»: Մեր այն պատասխանին, որ ընդամենը լուրերի իսկությունն ենք փորձում ճշտել, տիկինն ավելացրեց. «Հայհոյել, հրահրել ու մնացած բոլորը սուտ են: Ամուսինս չի հրաժարվում, պարտքերից ու չի էլ հերքում, որ պարտք ունի: Արսենի գլխին փորձում են սարքել: Ֆինանսական դժվարություններ են ստեղծվել. այս դեպքը ընդհանուր խնդիրների հետ կապ չունի»:

Թե ինչպե՞ս է հիմա Ավետիսյանի առողջական վիճակն ու ինչո՞ւ նա անձամբ չի զրուցում լրատվամիջոցների հետ, որպեսզի բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տա, տիկին Մելքումյանն ասաց՝ «Բժիշկն արգելել է խոսել ու շարժվել, հիմա նա պիտի անշարժ պառկի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Mika says:

    ՁԵՐ ԱՂԲՅՈՒՐԸ ԱՉԿԻՍ ՆԵՄԵՑԻ ԹԻԿՆԱԶՈՐԻՑ Է՚՚՚՚

    • Նելլի says:

      հարգելի Միկա, սխալվում եք, մեր աղբյուրը, ինչպես նշել էինք նյութում, երկուսին էլ շատ լավ ճանաչում է, երկուսի հետ էլ բավականին լավ հարաբերություններ ունի: Տվյալ դեպքում, թիկնապահը դժվար թե Ավետիսյանի հետ շատ լավ հարաբերություններ ունենար: Եւ ընդհանրապես, որ կողմն էլ տար ինֆորմացիա, եթե դա հետաքրքիր է, ապա մենք կհրապարակեինք անպայման հակառակ կողմի պարզբանումը ներառելով: Ինչպես որ վարվել ենք նյութում:

      Շնորհակալություն

  2. հանես says:

    Սկսվեց հայկական տրագիկոմեդիայի նոր սերիա՝ եկել էր “ինքնածեծվելու”, դրա համար էլ հայհոյվեց, ու իր տան մեջ, գելխեղտ “ախռաննիկների” մոտ ուզեց խփի նեմեցի նման “համեստ” անձին, հետո էլ “ինքնավնասվեց”, երկու ժամ էլ “չուզեց հեռանալ” այդ “հյուրնկալ օջախից”: Ինչ կա, թղթերը սիրուն կլրացնեն, դատավորները լուրջ դեմքով ճառ կասեն ու կապացուցեն որ հենց ըտենց էլ եղել ա:
    Եթե ընդունվեց, որ տիկոն ու տեր կճոնը իրենց փողերից ու ստորագրություններից խաբար չեն, ապա սրա նման պարզ գործ ջրելն ինչ է՜: Ի միջի այլոց – դրանց անտեր մնացած փողերի հետ ոնց պիտի լինի, արդյոք տեղյակ է մեկը?

  3. Zaven says:

    Սպասում էի ձեր ճշմարտասեր թերթի արձագանքին եւ ահա պարզվեց ,որ այդ նիհար, ոչ սպորտային կառուցվացքով մարդը, օգտվելով նեմեց ռուբոյի եւ նրա թիկնազորի բարի եվ մարդասեր լինելու հանգամանքից, առանց ռիսկի երկնքում հայտնվելու, փորձում ա օրինապաշտ ռուբենին,օրինական հարթությունից ներքաշել դեպի փողոց: Իր ուժի ու փորձի գիտակցումը
    փողոցային հարաբերություններում եւ նեմեցի անպաշտպան եւ ոստիկանների կողմից միշտ հալածված լինելը, նրան տալիս են հսկայական մոտիվացիա, պրովակացիոն քայերի համար:

  4. Պետո says:

    Հարգելի Նելլի, պետք է եզրակացնել որ դուք էլ Ձեր աղբյուրին եք լավ ճանաչում ու լիովին վստահում, իհարկե: Դուք վստահորեն ընդգծում եք՝ “նա երկուսի հետ էլ բավականին լավ հարաբերություններ ունի”:
    Այդ դեպքում կարգին մարդը պարզապես “աղբյուրություն” պիտի չաներ, այն էլ խիստ միակողմանի, կներեք, մի բան այն չէ:

  5. Belka says:

    Նեմեցը ոչ մեկի աչքի լույսը չի, բայց էդ խի հասաց «խեղչ» ու «կրակ» Բենթլի քշող մի անձի, որը սաղին քցելա՞: Էդ խի՞ ոչ մեկ չի մտածում, որ «Էյր Արմենիան» սաղին քցելա: «Ինքն ընդունում ա իրա պարտքերը» լավա անում, բա կարա՞ չընթունի: Դե, թող տա, թող Բենթլին ծախի, թող իրա էդ տունը ծախի: Ես հավատում եմ, որ պրովոկացիայա արել, հնարավոր ա, որ Նեմեցը կանչելա բազար անի, բայց եթե պլանավորում էր խփել, բասեյնի մոտի ժողովրդի մոտ կանե՞ր: Նեմեցին երկրորդ պատմությունը պետք չի:
    Մի խոսքով, շատ մութ պատմություն ա, դրա կնիկն էլ ոնց որ «գոլոս զա կադրոմ լինի, հասցնում ա սաղին հայտարարություն անի: Աղչիկ ջան, գնա ապուր սարքի մարդուտ համար: Մարդը սաղ աշխարհին պարտք էր, Հունաստանի սաղ կղզիներով թռվռում էր, էդ էլ սա այրոպորտն ա տեսել, տնաշեն, չտեսներ…

  6. Milena says:

    Ինձ թվում ա, իրանք իրար ճանաչել են… Ստեղ հոդվածի մեջ գրված ա, որ Ավետիսյանը տունա կառուցել Աղբյուր Սերոբ փողոցի վրա, բայց չէ որ դա Նեմեցի հողերն ա… Կարո՞ղա անձնական հաշիվներ ունեին իևաև հետ… Համ էլ գրածա, որ «Կոնվերս» բանկին պարտք ա, Զվարթնոցին պարտք ա, սաղս էլ գիտենք, դրա տերը ով է… Կարողա մեկ ուրիշնել ա Նեմեցին ասել Ավետիսյանից փող ուզի՞:

  7. Samo says:

    Տենաս եթե սաղ պարտքատերերը ջարդը տային, սենց շուխուր ելնելո՞ւ էր.. Ինձ թվում ա՝ չէ: Խելոք կվազեր, սաղին դատի կտար…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31