«Իմ լավ ինժեներ լինելը թույլ է տալիս եզրակացնել, որ հատկապես այս նոր շուկայական հարաբերությունների ժամանակահատվածում այդ ձեւի խոշոր կառույցները պետությունները, որպես կանոն, դժվար են պահում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը վաճառքի ձեւով օտարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:
Նա նշեց, թե կցանկանար, որ Մարզահամերգային համալիրի նման խոշոր կառույցը իսկապես խնամքի տակ գտնվեր. «Շատ մեծ խնդիրների հետ է կապված նրա պահպանումն ու շահագործումը, արի ու տես, որ մեր սուղ հնարավորությունների պայմաններում պետությունն ի զորու չէ դիմել այդպիսի կառույցի պահպանման առումով: Այդ առումով բոլոր նրանք, որոնք համարձակություն են հանդես բերել գնելու, ուրեմն՝ նշանակում է, որ նրանք այդպես չօգտագործված չեն թողնի»:
Տնտեսագետը հակված է մտածելու, որ 100 մլն դրամ ներդրումները կկատարվեն. «Հակառակ դեպքում արդեն կուզեմ մտածել, որ հո հիմա՞ր չեն այդ գնորդները, որոնք այդ ծավալի այդ քանակի փող են տալիս»:
Վարդան Բոստանջյանը համարում է, որ բազմաֆունկցիոնալ համալիրը հեռանկար կարող է դրսեւորել տուրիզմի բնագավառում. «Կլինեն համերգների կազմակերպում, ճանաչված խմբերի համերգների անցկացում, կլինի դահլիճների տրամադրում, սպորտային միջոցառումների իրականացում: Այս բոլորն այսպես, թե այնպես այդ զանազան ուղղություններով, բայց առավելապես այն տուրիզմի համար կարող է աշխատել»:
Կարդացեք նաև
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վաճառքի գինը 30 մլն դոլար է: «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է վերանորոգել համալիրի շենքը ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է առավելագույնն իրականացնել չորս տարում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ