ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը օգոստոսի 17-ին շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանի հետ: Նա նշեց, թե ճիշտ է համարում, որ պետք է պատասխանատվություն սահմանվի նրանց նկատմամբ, ովքեր հիմնարար արժեքների դեմ են խոսում, սակայն վստահ չէ, որ դա պետք է լինի քրեական պատասխանատվություն. «Ընդհանուր առմամբ պարզ է տրամաբանությունը, որ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ խաղաղության հիմնական եւ անփոփոխելի դրույթների դեմ հայտարարություններ անելը պետք է պատժվի, բայց ես վստահ չեմ, որ քրեական պատասխանատվությունը ամենաճիշտ պատասխանատվությունն է այս առումով: Կարելի է այլ տեսակի պատասխանատվություններ սահմանել, օրինակ՝ վարչական տուգանք եւ այլն»:
Լեւոն Մարտիրոսյանը չի բացառում, որ հնարավոր է նաեւ խոսքի ազատության հետ կապված խնդիրներ առաջանան. նա որպես օրինակ բերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործը»: Նա ընդգծեց, եթե օրենքի նախագիծն ընդունվի, դատարանը յուրաքանչյուր գործ առանձին է քննելու եւ առանձին վճիռ է կայացնելու:
«Այն արդիական է այն առումով, որ ինչ-որ մեկը, ինչ-որ հայտարարություն է արել, բայց եթե մենք պետք է նախագծեր ներկայացնենք ոչ կարեւոր գործիչների եւ ոչ կարեւոր հայտարարությունների հետ կապված, այդ առումով՝ չեմ կարծում, որ արդիական է, պետք է լայն նայել հարցին: Եթե իսկապես խնդիրը կա, նոր անդրադառնալ: Ես այս պահին չեմ կարող ասել, որ այդ խնդիրն այնքան արդիական էր, որ հրատապ էր նման օրենքի նախագիծ ներկայացնելը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ԱՊՀ երկրների երիտասարդների միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ԱՊՀ երկրների երիտասարդների միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին մեդալ հանձնելու որոշումը չեղյալ հայտարարելու համար: Սակայն Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նման ընթացակարգ չկա եւ Անդրանիկ Նիկողոսյանին կփորձեր պարգեւից զրկել, եթե դա տրվեր նրա քաղաքական եւ գաղափարական գործունեության համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ԱՂՎԵՍԱԳԻՐՔ առակների ժողովածուն հրաշալի առակների ամբողջություն է: Մի առակում Աղվեսին հարցնում են` ՇՆԻՑ ինչպես կփախնես??? Պատասխանում է` մի 10000 ձեւ գիտեմ, բայց լավագույնը` ԵՍ ու ՇՈՒՆԸ չհանդիպենք:
Լավագույն պատժամիջոցը ամեն տեսակ Նիկոսոսյանների համար` ունենալ այնպիսի պետություն, որ նման բան ասել ոչ ոք չհամարձակվի: