ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Արամ Մայիլյանը կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում:
Մասնավորապես՝ Արամ Մայիլյանը ընկերոջ՝ Արամ Ալեքսանյանի հետ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով վերջինս վարկային կազմակերպությունում գրավադրել է իրեն պատկանող 3 սենյականոց բնակարանը, որի դիմաց վերցրել է 5 հազ. 500 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև Արամ Մայիլյանը և Արամ Ալեքսանյանը համատեղ գործունեության երկու տարվա ընթացքում կրել են վնասներ, չեն վճարել վարկի և առաջացած տոկոսների գումարները:
Ա. Ալեքսանյանին պատկանող 3 սենյականոց բնակարանը գրավից ազատելու նպատակով, Ա. Մայիլյանը նրան տեղեկացրել է վարկային կազմակերպությանը վճարման ենթակա վարկի ամբողջ գումարն իր ծանոթից պարտքով ստանալու հնարավորության մասին` առաջարկելով, որպես ծանոթից պարտքով գումար ստանալու հնարավորության երաշխիք, իր անվամբ ձևակերպել վերջինիս հարազատներին պատկանող 1 սենյականոց բնակարանը: Արամ Ալեքսանյանի համաձայնելուց հետո, վերջինիս հարազատների և Արամ Մայիլյանի միջև կնքված առուվաճառքի ձևական պայմանագրով՝ հիշյալ 1 սենյականոց բնակարանը վաճառվել է Ա. Մայիլյանին: Խոստացված գումարը Արամ Մայիլյանից ստանալուց հետո, Արամ Ալեքսանյանը դրանով վճարել է վարկի գումարը և իր 3 սենյականոց բնակարանը ետ գնել վարկային կազմակերպությունից:
Հիշյալ բնակարանը վարկային կազմակերպությունից ետ գնելուց հետո, գործընկերները նպատակ ունենալով ամբողջությամբ ձերբազատվել համատեղ իրականացրած ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կրած վնասների հետևանքով առաջացած պարտքերից, համաձայնության են եկել այն օտարելու շուրջ՝ պայմանով, որ Ա. Մայիլյանը հետադարձ գործարքով ետ վերադարձնի ձևականորեն իրեն վաճառված 1 սենյականոց բնակարանը:
Կարդացեք նաև
Պայմանավորվածության համաձայն՝ Արամ Ալեքսանյանին պատկանող 3 սենյականոց բնակարանը վաճառելուց և բնակարանի արժեքը կազմող 45 հազ. ԱՄՆ դոլար գումարով համատեղ ունեցած պարտքն ամբողջությամբ մարելուց հետո, ոստիկանության աշխատակից Ա. Մայիլյանն իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, իր անվամբ գրանցված 13 մլն. 700 հազ. ՀՀ դրամ արժողությամբ 1 սենյականոց բնակարանը, առանց իրական բնակարանատերերի համաձայնության, առուվաճառքի պայմանագրով 9 մլն. ՀՀ դրամով վաճառել է և յուրացրել ստացված գումարը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Մայիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Արամ Մայիլյանի կողմից ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն