Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր տղաներն էլ ասացին, որ մեծանան՝ զինվոր են դառնալու

Օգոստոս 17,2015 16:47

Անցած տարի շուքով կայացավ Քաշաթաղի երկրորդ քաղաք Կովսականի մանկապարտեզի բացումը, որին ներկա էր նաև ԼՂՀ նախագահը: Համապատասխան գույքով կահավորված և օժանդակ կառույցներով ապահովված նախադպրոցական կրթօջախում այժմ գործում է 2 խումբ՝ ընդհանուր 46 սաներով:

Վերջերս եղա Կովսականում և «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի, շրջվարչակազմի աշխատակազմի իրավաբան Արթուր Առաքելյանի հետ այցելեցի մանկապարտեզ:

Լարիսա Ավետյանը մոտ մեկ ամիս է, ինչ տնօրինում է նախակրթարանը: Տեղեկացրեց, որ ունեն ընդհանուր 12 աշխատող, որից 2 դաստիարակ, 2 դայակ: Մանկապարտեզում կա բուժկետ, սակայն բուժքրոջ հաստիք կհատկացվի 2016թ. հունվարից: Նշեց, որ մանկապարտեզ են հաճախում նաև երեխաներ հարևան Վանի, Ալաշկերտի և Մուշի գյուղական համայնքներից:

Այս տարի 6 սան հրաժեշտ տվեցին մանկապարտեզին և սեպտեմբերից կդառնան դպրոցական: Խմբերում զրուցեցի փոքրիկների հետ: Մինչև 4 տարեկանների խմբում (դաստիարակ՝ Գրետա Ռոստոմյան) մանուկները գնդակով խաղում էին, ուրախությամբ լուսանկարվեցին, փորձեցին երգել օրվա սովորածը:

mankapartez_4 mankapartez_2 mankapartez_1 mankapartez_5

Մինչև 6 տարեկանների խումբն ավելի մարդաշատ էր: Դաստիարակ Լիա Հայրապետյանի սաները մեծ ոգևորությամբ արտասանեցին նոր սովորած ոտանավորը: Բոլոր տղաներն էլ ասացին, որ մեծանան՝ զինվոր են դառնալու և կպաշտպանեն հայրենիքը: Հարություն Վարդանյանը, որն այս տարի դպրոց է հաճախելու, արտասանեց Այբուբենին նվիրված ոտանավոր:

Էրիկ Հովհաննիսյանի որոշումը մեկն է՝ դառնալու է գեներալ, որ հրամայի իր զորքին՝ հաղթեն թշնամուն: Ալենն էլ է հրաժեշտ տալու մանկապարտեզին և ընդունվելու է դպրոց: Որոշել է անելիքը՝ դպրոցն ավարտելուց հետո դառնալու է զինվոր, հետո՝ ոստիկան:

Աղջիկներից Հասմիկի երազանքն է բժիշկ դառնալ, Լիլիթինը՝ ուսուցչուհի: Իսկ կապուտաչյա Միլենան ասաց, որ մեծանա, հարսիկ է դառնալու:

Փոքրիկները պատմում են իրենց մասին, նկարագրում իրենց բնակավայրերը, այգիները, պահած կենդանիները: Հետաքրքրվում են՝ ինչի համար եմ լուսանկարում: Ուրախանում, որ իրենց լուսանկարները կտպագրվեն թերթում:

Հրաժեշտ եմ տալիս մեր պայծառ ու հրաշք երեխաներին՝ հավատով, որ նրանց բարի նպատակները կիրականանան:

 Զ. Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31