«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամների՝ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի մյուս անդամների հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում իրականացվող ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 4000-ից ավելի ստորագրություն:
Aravot.am-ը «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հետո ստորագրահավաք իրականացնեն նաև նախագահի հրաժարականի պահանջով, պարոն Ղուկասյանը պատասխանեց, որ նման նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել ազատամարտիկ Սուսաննա Մուրադյանը և իրենք սատարում են նրան:
Առաջիկա օրերին նախաձեռնությունը դիմելու է նաև ընդդիմադիր կուսակցություններին, հայտնի անհատների ու կազմակերպությունների, որպեսզի նրանք ևս իրենց դիրքորոշումը հայտնեն նշված հարցի շուրջ. «Այդ ժամանակ պարզ կլինի՝ արդյոք ընդդիմադիր ուժերը զգում են իրավիճակի սրությունը և պոտենցյալ ունե՞ն իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը պետությունը փրկելու համար: Ժողովրդի վստահության կառավարություն ստեղծելու գործընթացը առաջնային կախված պիտի լինի ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», Հիմնադիր խորհրդարանից և «Քաղաքացիական պայմանագրից»: Առնվազն այդ չորս ուժը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այն մասին՝ ներուժ տեսնում են իրենց համար իրենց մեջ ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն, թե ոչ: Մենք խնդիր ունենք այդ պարզությունը ձեռք բերելու, ըստ այդմ՝ մեր մյուս քայլերը ձեռնարկելու: Եթե նրանք ներուժ չեն ունենա, քաղաքացիները կորոնեն այլ եղանակներ խնդիրը լուծելու համար»:
Դառնալով մյուս կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի,ՕԵԿ-ի մասնակցությանը՝ պարոն Ղուկասյանն ասաց, որ դրանց մասնակցությունն արդեն կորոշեն այն չորս ուժերը, որոնք մշտապես եղել են ընդդիմադիր:
Կարդացեք նաև
Անդրիաս Ղուկասյանի փոխանցմամբ՝ այժմ առաջնային խնդիրը ՀՀԿ-ին գործադիր իշխանությունից հեռացնելն է. «Քանի դեռ ՀՀԿ-ն գործադիր իշխանության մեջ է, որևէ արտահերթ ընտրություն ՀՀ-ում չի կարող անցնել ազատ և արդար: Հետևաբար առաջարկել ենք ՀՀԿ-ին հեռացնել գործադիր իշխանությունից, այնուհետև նախագահի պաշտոնից հեռացնել Սերժ Սարգսյանին և քաղաքական նոր դասավորությամբ անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ»:
Պարոն Ղուկասյանի կարծիքով՝ բոլոր բացասական պատճառները կան պահանջելու այս կառավարության հրաժարականը. արտաքին պարտքը տարեցտարի աճում է և ամեն տարի հարյուր միլիոն դոլարը պետբյուջեից միայն պետական պարտքը սպասարկելու վրա է ծախսվում. «Մեր ժողովրդի ուսերին ավելի մեծ արտաքին պարտք է դրվում: Ոչ միայն ներդրումները չեն ավելանում, այլև եղած ձեռներեցները փակում են գործարանները և գնում, դրա վառ օրինակն է Հրանտ Վարդանյանի ընտանիքի որոշումը՝ բիզնեսը տեղափոխել Հայաստանից դուրս: Քաղաքական էլիտան գոյատևում է արտաքին պարտքը ավելացնելու հաշվին, և յուրաքանչյուր ամիս իրենց՝ իշխանության մեջ մնալը ութսուն-իննսուն միլիոն դոլար է նստում մեր ժողովրդի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ