Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ջրի խողովակների վերանորոգման համար փորված փոսում հայտնաբերվել են շիրմաքարեր:
Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` թվով 8 գերեզմանաքարերը հայտնաբերվել են 1.5 մ խորության վրա: Այդ թաղամասի բնակիչները հաղորդել են, որ բոլոր 8 շիրմաքարերն էլ բեռնատարով տեղափոխվել են պահեստ` ավելի ուշ ուսումնասիրության ուղարկելու համար:
Նշվում է, որ գերեզմանաքարերը բավականին ծանր են եղել և դրանցից յուրաքանչյուրը բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել մի քանի մարդու ուժ:
Տեղի բնակիչներից մեկը՝ Լևանթ Բալջըն, լրագրողներին հայտնել է, որ այդ վայրը նախկինում հայկական գերեզմանոց է եղել: