Օգոստոսի 20-31-ը «Դոգմա» էթնիկ-պրոգրեսիվ ռոք խումբը համերգային շրջագայություններ կունենա Վանաձոր, Գյումրի, Սիսիան, Ստեփանակերտ, Կապան, Գորիս և Արմավիր քաղաքներում:
Նպատակը ոչ միայն մշակութային կյանքի աշխուժացումն ու ռոքի տարածումն է Հայաստանի մարզերում, այլև երաժշտությունը միջազգային չափանիշներին համապատասխան մատուցելու մշակույթը բնակիչների համար հասանելի դարձնելը:
«Կենդանի համերգը՝ տեխնիկական ճիշտ մատուցմամբ, պետք է ներկայացնել նաև մարզային դահլիճներում: Գիտենք, որ բնակիչները կարոտ են ոչ միայն լավ երաժշտության, այլև կենդանի ու որակյալ հնչողության, քանի որ մարզերում, իրոք, շատ քիչ բաներ են կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խմբի երգչուհի Զառա Գևորգյանը։
«Ամեն ինչ անելու ենք տեխնիկական ամենաբարձր մակարդակով,- ընդգծեց խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը,- այնպես, ինչպես արվում է ամբողջ աշխարհում։ Մենք ներդնում ենք այն տեխնիկան, որը պետք է, և ոչ թե այն, ինչ մեզ կտան. էնքան որ համերգ տանք ու վերջ»։
Կարդացեք նաև
Նկատենք, որ բոլոր համերգների մուտքն ազատ է. «Սա պրագմատիկ նախագիծ չէ, և նպատակը եկամուտ ստանալը չէ։ Սա լճացումից դուրս գալու փորձ է մեր կողմից։ Մենք ուզում ենք Հայաստանի բնակիչներին հասցնել մեր հիմնական ուղերձը՝ «ոչ միայն հացիվ»,- ասաց բաս-կիթառահարը։
Խմբի անդամները հուսով են, որ այս համերգը օրինակ կդառնա մյուս երաժշտական խմբերի համար, և վերջիններս նույնպես նման շրջագայություններով հանդես գան։
Տեղեկացնենք, որ հյուրախաղերի շրջանակում առաջին համերգը նախատեսված է օգոստոսի 20-ին Վանաձորում: Օգոստոսի 21-ին «Դոգման» ելույթ կունենա Գյումրիում, օգոստոսի 23-ին՝ Սիսիանում։ Օգոստոսի 25-ին ռոք խումբը կուրախացնի իր ստեփանակերտցի երկրպագուներին, օգոստոսի 27-ին և 28-ին ելույթ կունենա Կապանում ու Գորիսում։ Հյուրախաղերը կավարտվեն օգոստոսի 31-ին՝ Արմավիրում։
Հիշեցնենք, որ 2008 թվականին ստեղծված «Դոգմա» խումբը համադրում է հայկական էթնիկ մեղեդիներն ու պրոգրեսիվ «մետալը»։ Խմբի կազմում ելույթ են ունենում կիթառահարներ Վարդան Գրիգորյանն ու Հենո Գրիգորյանը, երգչուհի Զառա Գևորգյանն ու թմբկահար Գոռ Ավետիսյանը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ