Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մի խումբ բնակիչներ «Առավոտի» թղթակցին հայտնել են, որ գյուղը շարունակում է լինել լարվածության մեջ եւ խնդրել են անդրադառնալ տիրող իրավիճակին: Աչաջրի 4 բնակիչ՝ Արտակ Մանուչարյանը, Սաշա Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը եւ Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդին՝ Հովհաննես Ղալթախչյանը մեղադրվում են, կալանքի տակ են 2015թ. հունվարի 17-ին Աչաջրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Սույն քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն: 2013թ. սեպտեմբերի 22-ին Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի ավտոմեքենան պայթեցնելու, 2013թ. փետրվարի 25-ին նրա որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործով քննությունը կատարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:
2015թ. մարտին Աչաջրի ավելի քան 30 բնակիչ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանին, որտեղ գյուղում ստեղծված լարված իրավիճակի մեղավոր են համարել Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանին: Նրան գրել են. «Տավուշի մարզի Աչաջուր համայնքը, սահմանային բոլոր գյուղերի նման, չդադարող պատերազմի մեջ է: Այսօր մեր համայնքն ապրում է նաև ներքին անհանգստություն: Պատճառներից մեկը դեռևս 90-ական թվականների երկրորդ կեսից սկսած և այսօր շարունակվող համագյուղացի Տաթև Գասպարյանի գործունեությունն է: Հիշյալ անձը չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցանքներ կատարելու համար»:
Նամակում անվստահություն կա իջեւանցի ոստիկաների հանդեպ. «Իջևանի ոստիկանները ոչինչ չբացահայտեցին, իսկ չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում: Զարմանում ենք, ո՞վ է պահում, հովանավորում հանցագործներին»:
Դիմումատուները ներկայացրել են կատարվածը. «Համագյուղացի Գագիկ Ալավերդյանը Տաթև Գասպարյանի և Մեխակ Մելիքբեկյանի հետ անցած տարի գնում են Նոյեմբերյանի ճանապարհին թաքնվում, որպեսզի Մոսկվա մեկնելիս կրակեն և սպանեն Կամո Ղալթախչյանին և նրա որդի Հովհաննեսին, բնականաբար, նաև մեքենայի մեջ գտնվողներ Սաշա Ղալթախչյանին և Փաշիկ Սաֆարյանին: Բայց Գագիկը մի պահ սթափվում է ու կանխում դավադիր ընկերների մտադրությունը: Այս ամենը պարզաբանելու համար Հովհաննես Ղալթախչյանը՝ մի խումբ տղաների հետ, Գագիկ Ալավերդյանի և Արտակ Մանուչարյանի միջնորդությամբ, հանդիպում են Մեխակ Մելիքբեկյանին: Նշենք, որ Մեխակը, Գագիկը և Արտակը մտերիմ ընկերներ են: Գագիկ Ալավերդյանին մշտապես հետաքրքրել է Տաթև Գասպարյանի գործելակերպը: Նա վերջինիս հետ համագործակցել է միայն այն պատճառով, որպեսզի պարզի նրա նպատակները: Հանդիպման ընթացքում Մեխակ Մելիքբեկյանը խոստովանում է իրենց կատարած բոլոր հանցանքները, նշում հանցագործությունների պատվիրատուի` Տաթեւ Գասպարյանի անունը: Դրա համար կա ձայնագրություն և բոլոր մասնակից տղաների վկայությունը: Հանդիպման ավարտը եղել է անաղմուկ, խաղաղ, փոխադարձ ձեռքսեղմումներով, հետագայում թշնամանքը չշարունակելու և խաղաղ ապրելու պահանջով: Սակայն հաջորդ օրը Մեխակը հայտարարում է, որ տղաները առևանգել են իրեն»:
Կարդացեք նաև
Աչաջրի գյուղապետի տեղակալ Նիկոլ Վարդումյանը, ով երկրի նախագահին եւ գլխավոր դատախազին ուղղված նամակի հեղինակներից է, ասաց, որ նշված քրեական գործը քննող, Հայաստանի քննչական կոմիտեի ավագ քննիչ Վահրամ Հովհաննիսյանը խիստ դժգոհել է այդ նամակից՝ իրեն ասելով. «Երկրի նախագահին կլյաո՞ւզա եք ուղարկել»: Նամակի հեղինակներն ասացին, որ քննիչը գործի քննությունը ձգձգելով՝ փորձում է գյուղապետ Կամո Ղալթախչյանին ներկայացնել որպես առեւանգում կազմակերպող:
Հավելենք, որ Աչաջրի գյուղապետի որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցների դեպքը թաքցնելու համար ձերբակալվել են ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը եւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արմեն Այդինյանը: Գյուղապետ Կամո Ղալթախչյանի վկայությամբ՝ ինքը կամ իր որդին վերջիններիս դեմ երբեւէ բողոք չեն ներկայացրել, պարզապես իրավապահներից չեն թաքցրել Հ. Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցների մասին տեղեկատվությունը:
Աչաջրում տեղեկացանք, որ առեւանգման քրեական գործով վկա Արթուր Մելիքբեկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանին գրավոր բողոքով հայտնել է ավագ քննիչ Վահրամ Հովհաննիսյանի կողմից իր վրա գործադրվող ճնշման վերաբերյալ. քննիչն իրեն ստիպում է ցուցմունք տալ, թե իբր Սաշա Ղալթախչյանն ինքնաձիգով զինված է եղել:
Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Կոստանյանին նամակ ուղարկած աչաջրեցիներն ասացին՝ իրենք երկրի ղեկավարի եւ գլխավոր դատախազի հետ հույս են կապում, որ ողջամիտ ժամկետում, օբյեկտիվ ձեւով կավարտվի հարուցված քրեական գործերի քննությունը, եւ Աչաջրում ի վերջո խաղաղ մթնոլորտ կտիրի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այս սերունդը վեր է ածվում ուղեղները հանած երկու ոտանիների, պատրաստ կոտորելու իրար:
Սահմանի լարված վիճակը ու համագյուղացիններիս անիմաստ ու ծիծաղելի <>: Տղանները իրենց կյանքը չեն վտանգում որ դուք ստեղ <> խաղաք: