Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեխաներին ծեծել են, անկյուն են կանգնեցրել, որ Եհովայի վկաների հավաքներին չեն գնացել»

Օգոստոս 17,2015 14:55

Լյովա Խաչատրյանի տանը կռիվ է ընկել: Նրա երեք թոռնիկները հրաժարվում են գնալ, մասնակցել Եհովայի վկաների հավաքներին, պապի` Լյովա Խաչատրյանի խոսքերով, ինչի համար արժանանում են պատժի` կամ ծեծ են ուտում կամ ծնողները նրանց անկյուն են կանգնեցնում: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում երեխաների պապիկը ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը, որը մինչ այս, ինչպես ինքն է ասում, խուսափել է «ջրի երես» հանել` ընտանիքի պատիվը չարատավորելու համար, սակայն. Լյովա Խաչատրյանի խոսքերով, «բանը բանից անցել է» եւ երեխաների ճակատագիրը վտանգված է. «Ամեն օր մեր տանը ծեծ ու ջարդ է, կռիվ է, երեխաներին ծեծում են, անկյուն են կանգնեցնում, որ հրաժարվում են գնալ այդ հավաքներին»,-ասաց Լյովա Խաչատրյանը:

Վերջին ընդհարումը հարսի հետ եղել է, երբ երեխաների պապիկը ցանկացել է երեխաներին կնքել Հայ առաքելական եկեղեցում, եւ հուլիս ամսին էլ նշել է երեխաներից մեկի ծնունդը:

Այս պահին, Լյովա Խաչատրյանի մոտ միայն 14-ամյա թոռնիկն է, որը ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ծնողների մոտ: Որդու եւ հարսի մոտ մնացել են Լյովա Խաչատրյանի 10-ամյա եւ 4-ամյա թոռնիկները: Նրանց տատիկը եւ պապիկը դեմ են, որպեսզի երեխաները շեղվեն Հայ առաքելական եկեղեցուց եւ ներգրավվեն Եհովայի վկաների խմբակներում: Նրանք այդ հավատքի բացասական ազդեցությունը զգացել են իրենց որդու վրա, որը մինչ այդ դեմ է եղել, սակայն կնոջ հետ տարիների կռիվներից հետո, ինքն էլ է դարձել «եհովական» եւ վերջերս, Լյովա Խաչատրյանի խոսքերով, փորձել է գազի բալոնով պայթեցնել տունը:

Ասուլիսին ներկա «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սեւան Աղաջանյանը եւ Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեցին, որ կանգնած են Լյովա Խաչատրյանի ընտանիքի կողքին եւ պայքարելու են երեխաների իրավունքների համար. «Մենք ուզում ենք երեխաներին առողջ պահել, այս ընտանիքին աջակցենք, որ կարողանան երեխաներին հետ բերեն պապական տուն»:

Ռոբերտ Ահարոնյանի խոսքերով. «Մեր երկիրը քայքայվում է, մենք այսօր ունենք մի մեծ խնդիր: Անտարբերություն է. ե’ւ եկեղեցու աշխատողները ե’ւ պետական այրերը ե’ւ բիզնեսմենները ե’ւ քաղաքացիները դարձել են անտարբեր: Եվրոուժերին ներմուծում են Հայաստան, որոնք սեւ գործն են իրականացնում, պետք է թույլ չտալ»: Նա գործարարներին կոչ արեց «գեղեցիկ եկեղեցի» բացելով չբավարարվել, քանի որ ընդամենը մի քանի օր հետո «այդ նույն եկեղեցու կողքին Եհովայի վկաները քարոզ են անում»:

Aravot.am-ի հարցին, թե երեխաներին ծեծելու համար դիմե՞լ են ոստիկանություն, Լյովա Խաչատրյանն ասաց, որ մինչ այժմ ոչ, քանի որ չեն ցանկացել իրենց տան պատմությունները դուրս հանել: Այս պահին ոստիկանությունում միայն գազի բալոնի պայթեցման փորձի գործն է:

«Ինչ-որ ասում են, սուտ են ասում, տնից հանել են, իմ ընտանիքին դուրս շպրտել, բա դրա մասին ինչի՞ չեն ասում»,-Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին ի պատասխան ասաց Ալբերտ Խաչատրյանը` Լյովա Խաչատրյանի որդին:

Մեր այն հարցին, թե երեխաներին ծեծել եք, անկյուն եք կանգնեցրել, քանի որ նրանք հրաժարվել են մասնակցել Եհովայի վկաների հավաքներին, Ալբերտ Խաչատրյանն ասաց, որ ինքը Եհովայի վկա չէ, իսկ երեխաներին ոչ ինքը, ոչ էլ կինը չեն ստիպում հավաքներին մասնակցել. «Կինս երեք տարեկան երեխային մեկ-մեկ հետը տանում է, քանի որ փոքրիկ է եւ չի կարող տանը մենակ թողնել: Մեծերին ոչ ոք չի ստիպում, նրանք մեծ մարդ են, կուզեն կգնան, չեն ուզի չեն գնա»:

Ի հավաստումն իր խոսքերի, Ալբերտ Խաչատրյանն ասաց, որ եթե Եհովայի վկա լիներ, ապա չէր գնա դիմում գրեր, որ գնա սահմանները պաշտպանելու աշխատանք կատարի. «Ինչպես գիտեք Եհովայի վկաները չեն ծառայում»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է գազի բալոնով տունը պայթեցնելու փորձ արել, որի գործը հիմի ոստիկանությունում է, Ալբերտ Խաչատրյանն ասաց, որ պատճառը եղել է այն, որ հայրը ընտանիքին դուրս է արել, իսկ մայրը հարսին ծեծել է ու տնից վտարել. «Երեխաներիցս մեկը որը նրանց մոտ է, մայրս տանում է հետը աշխատանքի, եւ 13 տարեկան երեխան ամբողջ օրը զինվորների մեջ է անցկացնում, դա նորմա՞լ է»:

Այն հարցին էլ, թե դեմ եք եղել, որպեսզի երեխաներին ծնունդ, կնունք անեն, Ալբերտ Խաչատրյանն ասաց. «Սուտ են ասում, կինս ինքն է այդ օրը երեխայի շորերը հարդուկել, որ հագնվի գնա իր ծննդին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31