ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իշխող քաղաքական ուժի ղեկավար մարմնի անդամ Գագիկ Մինասյանը հանրապետությունում այս տարվա թիվ մեկ քաղաքական գործընթացը համարում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այսօր այդ մասին նա խոսեց «Փաստարկ» մամուլի ակումբում:
Իշխանական պատգամավորն ասաց, որ այսօր ինքը մի քանի առաջարկներ է ներկայացնելու մասնագիտական հանձնաժողովին: Նա տեղյակ էր, որ իր մի քանի գործընկերներ էլ են առաջարկներ ներկայացնելու:
Գագիկ Մինասյանը շուրջ 9 առաջարկություն է ներկայացնելու. առաջինը`կայուն մեծամասնության ձեւավորմանն է վերաբերվում: Ըստ իշխանական պատգամավորի, նախագծում հստակ պետք է ձեւակերպվի, որ ԱԺ-ում հայտնված խմբակցությունները իրենք պետք է կարողանան ձեւավորել կայուն մեծամասնություն, չհաջողելու դեպքում նոր միայն երկրորդ փուլ լինի:
Նրա առաջարկներից մեկն էլ վերաբերվում է օրենսդրական նախաձեռնությունների հեղինակային իրավունքին վերաբերվող հարցերին, ինչը ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն է տալու ամբողջությամբ պահպանել իրենց նախաձեռնությունները: Նախագծի ամենակարեւոր հատվածը նա համարում է քաղաքական փոքրամասնության դերի բարձրացումը խորհրդարանում:
Կարդացեք նաև
Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորը չափազանց կարեւոր է համարում հասարակության մասնակցությունը, քանզի որոշումը հենց հասարակությունն է կայացնելու. «Կարեւոր է անել ամեն ինչ, որ հասարակությունը տեղեկացված լինի, իր համար պատկերացումներ կազմի ու հետեւություններ անի»: Հենց չտեղեկացվածությամբ է նա պայմանավորում այն, որ սահմանադրական բարեփոխումների պահանջարկը հասարակական բնույթ չի կրում:
Նա խոսեց գործող սահմանադրության եւ ներկայացված նախագծի թերություններից էլ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ