Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն մեր երկրում այս պահին չկա:
«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը նշեց. «Ըստ էության նոր Սահմանադրության տեքստը խոսում է այն մասին, որ իշխանությունը հատել է հոգեբանական այն կարմիր գիծը, որն առկա է հասարակության մեջ այն առումով, որ երկրի գործող նախագահը պետք է հանձնի իշխանությունը և գնա թոշակի: Այս սահմանադրական փոփոխություններով հայտ է ներկայացվել ջարդել այդ ընկալումը»:
Պարոն Նորիկյանը նկատեց, որ նոր սահմանադրության նախաձեռնողների կողմից չի տրվել նոր սահմանադրության ընդունման իրավաքաղաքական հիմնավորումը կամ չի մատնանշվել գեթ մեկ փաստ, որ գործող Սահմանադրությունն այն վատ գործիքն է, որը կարող է իրավական և քաղաքական ճգնաժամ ստեղծել:
Ըստ պարոն Նորիկյանի՝ նոր Սահմանադրությունը նախաձեռնողները չեն ստանձնել և չեն էլ ստանձնելու նաև քաղաքական պատասխանատվություն նոր Սահմանադրության ընդունման գործընթացի նկատմամբ:
Կարդացեք նաև
Նորայր Նորիկյանի կարծիքով՝ հասարակությունը կհավատա սահմանադրական փոփոխությունների ազնիվ նպատակների մասին, եթե գործող նախագահը, որպես պետության գլուխ, վեր կանգնի բոլոր անձնական և քաղաքական շահերից, հանդես գա որպես արդար հանրաքվեի երաշխավոր, նոր սահմանադրության շուրջ ապահովի լայն քաղաքական կոնսոլիդացիա և նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի միայն առաջիկա համապետական ընտրություններից հետո, և գործող նախագահը հեռանա:
Ամփոփելով՝ պարոն Նորիկյանն ասաց. «Պետության ապագայի նկատմամբ էժանագին խաղադրույք է կատարվում անորոշ ելքով»: Ըստ նրա՝ «մեր երկրում պահանջված է դառնում Իվանիշվիլիի սինդրոմը»:
Այնուհետև իրավաբանը մի շարք անհեթեթություններ ու հակասություններ բացահայտեց նոր սահմանադրությունում: Մասնավորապես կուսակցությունների սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ 45-րդ հոդվածի 4-րդ կետը դառնալու է «մահակ մրցակից կուսակցություններին լիկվիդացնելու համար»:
Դառնալով ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված դրույթին՝ պարոն Նորիկյանը նշեց. «Այս Սահմանադրությամբ չի բացառվում, որ Բիբինը կարող է դառնալ ՀՀ քաղաքացի: Նա կարող է համապատասխան տեղեկանք ներկայացնել, որ աշխատանքի բերումով ապրում է Հայաստանում»:
Նորայր Նորիկյանը անհեթեթ համարեց այն դրույթը, որում ամրագրված է, թե «ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտման համար»: Փաստաբանը զարմանում է. «Ի՞նչ ասել է կոպիտ խախտում, նուրբ խախտման մասին կարո՞ղ է որևէ մեկը բացատրություն տալ, սա անհեթեթություն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ