Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովն ունի որոշակի հոգեկան խնդիրներ. Փաստաբանները՝ նրա պահվածքի մասին (Տեսանյութ) 

Օգոստոս 17,2015 12:47

«Բլից ինֆո» ակումբում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները Վալերի Պերմյակովի դատավարության հետ կապված որոշ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեցին:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ «Մեր նպատակն այն էր, որ նախ տեսնեինք Պերմյակովին, հասկանայինք, թե ինչ կերպար է նա: Հետո, որ ստանայինք որոշակի տեղեկություններ նախաքննության տվյալներից»:

Փաստաբանները դժգոհում էին, որ ոչ բոլոր տեղեկություններն են տրամադրվել հայկական կողմին: Ռուսական կողմն է որոշել, թե գործից որ մասը պետք է անջատի եւ տա հայկական կողմին:

Varosyan_Sahakyan_5

 

«Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալուց, նա իր պաշտպանի հետ որդեգրել էր որոշակի մարտավարություն: Նրա պահվածքը շատ տարօրինակ էր, առավել տարօրինակ էր լսել փորձագիտական եզրակացությունները: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Պերմյակովը լիովին առողջ է, որեւէ խնդիր չունի, իր պահվածքով ագրեսիվ չէ եւ մեղսունակ է: Անկասկած, նա մեղսունակ է, որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց միանշանակ էր նաեւ, որ իր պահվածքը տարօրինակ էր եւ նա ունի որոշակի խնդիրներ»:

Varosyan_Sahakyan_3

Լուսինե Սահակյանն ասաց, որ չէին պատկերացնում, թե ռուսական կողմն ամեն կերպ պետք է պաշտպաներ իր աշխատակիցներին, այն բժիշկներին, որոնք ուղարկել էին Պերմյակովին բանակ: Ակնհայտ է, որ նա չպիտի զորակոչվեր, եթե զորակոչվեր էլ, նրա ձեռքին զենք չպիտի հայտնվեր:

Հարցին՝ եթե Պերմյակովը դատավարության ընթացքում իրեն իներտ է պահել, չի բացահայտել, ինչպե՞ս եք եզրակացրել, որ նա խնդիրներ ունի՝ Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Հենց այն, որ իներտ էր այդ դատավարությանը, դա էլ է խոսում խնդրի մասին: Տպավորություն էր, որ նա լիովին չի գիտակցում ուր է, ինչ է տեղի ունենում իր հետ: Հենց այդ իներտ պահվածքն էլ գնահատականի արժանի է»:

Բացի այդ, Լուսինե Սահակյանը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ հոգեբաններ են անընդհատ այցելել Պերմյակովին եւ կա նրանց եզրակացությունները: Եթե մարդը որեւէ խնդիր չունի, լիովին առողջ է, ինչու է անընդհատ նա հանդիպում հոգեբանների հետ:

Եվ հետո, Պերմյակովն այդքան ժամ նստել էր դատավարությանը, տարբեր ձայներ են հնչել, գործողություններ են կատարվել, ընկել է լրագրողներից մեկի իրը, շատ բարձր ձայն է արձակվել, բոլորը շրջվել են, բացի Պերմյակովից: Փաստաբանների խոսքերով՝ կամ խիստ նախապատրաստված վիճակ է եղել մոտը, որը անհնար է, կամ որոշակի հոգեկան խնդիրներ կան: Լուսինե Սահակյանի խոսքերով՝ «Սեփական դատավարության ընթացքում քնել արթնանալ, դա արդեն տարօրինակ է: Հետո, լիովին առողջ անձը նման սպանություն կատարելու համար պետք է ունենար շատ լուրջ դրդապատճառ: Հայկական կողմը պետք է գտնի դրդապատճառը»:

Լուսինե Սահակյանը վստահ է, որ ռուսական ռազմաբազայի աշխատակիցները անգործության են մատնվել: Նաեւ ռուսական կողմը ջանք չի խնայել, որ Պերմյակովին բանակ գործուղող մարդիկ չենթարկվեն պատասխանատվության:

Փաստաբանները կարեւորում էին, որ գոնե Ավետիսյանների տանը տեղի ունեցածի վերաբերյալ ցուցմունքներն ունենային: Հիմա պետք է սպասեն հայկական կողմի նախաքննության ավարտին,որ գոնե որոշակի տեղեկություններ ունենան:

Հարցին՝ զուտ այն տեղեկությունները, որոնք ստացաք դատավարության ընթացքում, ինչի՞ մասին են վկայում, Պերմյակովը միայնա՞կ է գործել, թե՞ ոչ՝ փաստաբաններն ասացին, որ իրենց պետք է Պերմյակովի ցուցմունքն ամբողջությամբ, թե նա ինչպես է նկարագրում, ինչ գործողություններ է արել Ավետիսյանների տանը, ինչ հաջորդականությամբ. «Այդ ժամանակ կարող ենք համեմատել եւ խոսել այն մասին, որ մարդը ցուցմունք է տալիս մի բանի մասին, որից ընդհանրապես տեղեկություններ չունի: Մենք բավականաչափ տեղեկություններ ունենք փորձագետների, թե ինչ է եղել Ավետիսյանների տանը, պետք է համադրենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31