Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեռավոր հուշերի մի քաղաք

Օգոստոս 17,2015 11:32

Երբ ես դեռ մանուկ էի՝ տասնմեկ տարեկան, մի ողբերգական ու զարմանալիորեն հուզիչ իրադարձության ականատեսը եղա և մինչև հիմա չեմ կարողանում առանց ցավի ու ափսոսանքի վերհիշել այն, և ոչ միայն ես, քանզի համոզված եմ, որ իմ համադասարանցիներից շատերը, որոնք քանի դեռ ապրում են, այդ զգացումը կունենան…

Դա պատահել է շատ տարիներ առաջ, դեռևս խորհրդային իշխանության օրոք: Մենք սովորում էին միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում: Մեր դասարանում կար ավելի քան երեսուն աշակերտ: Ինչպես բոլոր դեռահասները, մենք էլ անհոգ և ուրախ էինք դպրոց հաճախելու, միմյանց հետ խաղալու, ցատկոտելու, հրմշտելու, կռվելու, վազվզելու և այլ չարաճճիություններ անելու համար: Նույնիսկ դասարանում, դասերի ժամանակ քչերն էին հանգիստ նստում ու հետևում դասերի ընթացքին, ընդհակառակն անընդհատ անհանգիստ շարժվում էին նստարանների վրա, միմյանց հետ խոսում, աղմկում՝ ուսուցիչների դժգոհությունը, իսկ երբեմն էլ զայրույթը հրավիրելով իրենց վրա: Ուսուցիչները ստիպված էին դասաժամի մի որոշ հատվածը վատնել մեզ կարգի հրավիրելու վրա:

Սակայն, մեր մեջ կար մեկը, որ երբեք չէր աղմկում և չէր խանգարում դասերի ժամանակ: Դա Գագիկն էր: Նրան բոլորը Կիտայ էին ասում՝ մանր աչքերի պատճառով, նկատի ունենալով Китай-ը (Չինաստանը) և չինացիներին: Կիտայը երկտարեցի էր: Նա ընդամենը մեզնից մեկ տարի էր մեծ՝ տասներկու տարեկան: Չնայած Կիտայն ընդունակ էր և ո՛չ էլ չարաճճի, բայց վատ էր սովորում: Նա դասերի ընթացքում, գրեթե ամբողջ ժամանակ պատուհանից դուրս էր նայում՝ դեմքին բարի ու երանելի արտահայտությամբ, ինչ-որ բանի մասին կենտրոնացած երազելով: Մենք դեռ չգիտեինք, թե ինչի՞ մասին է նա այդքան երկար մտածում ու երազում: Գիտեինք միայն, որ Կիտայն անապահով ընտանիքից էր և հայր չուներ, իսկ մայրը հավաքարարուհի էր, այսինքն՝ ցածր վարձատրվող:

Մենք, բացի Կիայից, դասամիջոցներին աղմկում էինք, վազում հարկից հարկ, բռնոցի խաղում, գզվռտվում կամ էլ գնում էինք բուֆետ՝ «նրբերշիկով բուլկի» գնելու: Ճիշտ է, բուֆետապանուհին մեզ անխղճորեն թալանում էր, քանի որ մեկ նրբերշիկից նա առնվազն հինգ հատ «նրբերշիկով բուլկի» էր պատրաստում ու վաճառում մեզ՝ փոքրիկներիս, բայց մենք դա չէինք նկատում: Իմիջիայլոց, մի անգամ մայրս տանը նախաճաշին «նրբերշիկով բուլկի» պատրաստեց ինձ համար, բայց ես հրաժարվեցի ուտել, ասելով, որ նրբերշիկը պետք է փոքրացվի: Երբ ես ցույց տվեցի, թե ինչքան, նա շատ զարմացավ, վրդովվեց և գնաց դպրոց բողոքելու: Պարզվեց, որ դպրոցի տնօրենն անզոր էր նրան օգնելու այդ հարցում, քանի որ բուֆետապանուհին հովանավորվում էր ավելի բարձր ատյաններում:

Կիտայը, որպես անապահով ընտանիքի երեխա, կարող էր անվճար սնունդ ստանալ, բայց նա հրաժարվում էր, որովհետև ախորժակ չուներ: Թե ինչու, մենք դա չէինք հասկանում, որովհետև, ի տարբերություն նրա, մյուս երեխաները հաճախակի էին ուտելու կարիք զգում: Նա նաև հիվանդոտ երեխա էր և հաճախ էր բացակայում դասերից: Կիտայը հետզհետե սկսեց ավելի հաճախ բացակայել դասերից: Մենք արդեն գրեթե ուշադրություն չէինք դարձնում նրա բացակայությունների վրա, իսկ գարնան սկզբին նա ընդհանրապես դադարեց դպրոց հաճախելուց: Ցավալի էր, որ մենք նույնիսկ չէինք նկատել նրա երկարատև բացակայությունը, իսկ երբ պատահմամբ հիշում էինք նրան և մեր համադասարանցի Վահանին հարցնում էինք նրա մասին, որը հենց Կիտայենց տան մոտ էր ապրում, նա լրջանում էր և կարճ պատասխանում.

– Կիտայը հիվանդ ա:

Վահանը շատ կատակասեր տղա էր, նրան բոլոր աշակերտները սիրում էին՝ հատկապես հենց այդ հատկության համար: Նա միշտ էր կատակում՝ լիներ դասերի ժամանակ, թե դասերից դուրս: Շնորհիվ Վահանի՝ մեր կյանքը շատ ուրախ էր անցնում:

Մի օր Վահանը դասարանում հայտարարեց.

– Էրեխե՛ք, Կիտայը մեռնում ա:

Բոլորը կարծեցին, թե Վահանը կատակում է՝ սկսեցին ուժգին հռհռալ:

– Մեռնու՞մ ա, – ասում էին նրանք, – ուրիշ բան չէի՞ր կարող հորինել:

Վահանը ոչինչ չասաց ու գլխիկոր հեռացավ…

Անցավ երկու շաբաթ: Վահանը, մտնելով դասարան, իր ետևից փակեց դուռը, որպեսզի ոչ ոք չխանգարի ներս ու դուրս անելով, ասաց.

– Էրեխե՛ք, Կիտայը մեռնում ա, իսկապես մեռնում ա, հավատացե՛ք ինձ: Նրա մայրը խնդրեց հաղորդեմ ձեզ, որ հնարավորինս շուտ գնանք նրան հրաժեշտ տալու, – մի փոքր դադար տալուց հետո նա տխուր, ձայնը ցածրացնելով ավելացրեց, – մահվանից առաջ: Արփենի՛կ, խնդրեց, որ դու էլ գաս, – շուտասելուկի պես ավարտեց իր խոսքը Վահանը, շրջվելով դեպի Արփենիկը:

Արփենիկը շիկնեց, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Բոլորը լուռ էին: Կիտայի մոտալուտ մահվան գուժը ցնցել էր բոլորին: Ոչ ոք տեղից չէր շարժվում, ոչ ոք ոչինչ չէր ասում…

Հանկարծ, կարծես ուշքի գալով, բոլորը սկսեցին խոսել, գոռգոռալ, վիճել, մեղադրել՝ իրար հերթ չտալով: Առաջարկ եղավ՝ անմիջապես դասերից փախչելով, գնալ, տեսնել Կիտային, բայց Վահանը առարկեց.

– Դեռ ժամանակ ունենք, կհասցնենք: Եկե՛ք դասերից հետո գնանք:

Այդպես էլ որոշվեց: Դասերից հետո ամբողջ դասարանը մեկ մարդու պես Վահանի առաջնորդությամբ ուղևորվեց դեպի Կիտայենց տուն: Ճանապարհը երկար էր. սկզբում անցանք հարթ, ապա զառիվեր ու դժվարին տեղանքով մինչև վերջապես հասանք Կիտայենց տուն, որը գտնվում էր Երևանը բոլորող գողտրիկ անտառի պռնկին: Կիտայենց տունը մի փոքրիկ, կիսախարխուլ խրճիթ էր: Այն արտաքինից գրեթե նույնքան անհույս ու անմխիթար վիճակում էր, ինչքան խեղճ Կիտայն ու իր կիսամաշ և անշուք շորերը: Ամբողջ ճանապարհին ոչ ոք չխոսեց: Բոլորը քայլում էին լուռ ու մտազբաղ: Կիտայենց տուն մտնելու համար հարկավոր էր մի քանի փայտա կիսաքանդ աստիճաններով բարձրանալ: Կանգնած էինք այդ աստիճանների առաջ ու չէինք համարձակվում ներս մտնել: Վերջապես Արփենիկը և էլի երկու-երեք աղջիկ ներս մտան: Մի քանի րոպե անց, ներսից լսվեց լացի ու հեկեկոցների սրտաճմլիկ ձայներ: Մենք բոլորս միասին միանգամից ներս խուժեցինք…

Կիտայը պառկած էր անկողնում: Նրա ձախ ձեռքին Արփենիկի սև-սպիտակ լուսանկարն էր, իսկ սառած ու սպասողական հայացքը գամված էր նրա մահճակալի աջ կողմում պահարանիկի վրա դրված զարթուցիչ ժամացույցի սև սլաքներին…

 

Հեռավոր հուշերի մի քաղաք,

Բազմություն՝ անհանգիստ, անհամար,

Առաջին իսկ սիրուց դեռ անհագ՝

Ապրում էր մի տղա խելագար:2

 

Նա չհասցրեց տեսնել Արփենիկին: Ընդամենը մի քանի րոպե առաջ նրա փոքրիկ, բայց սիրող սիրտը կանգ էր առել: Կիտայի մայրն անընդհատ լացակումած հառաչում էր.

– Բալա ջա՜ն, տղա ջա՜ն, Գագիկ ջա՜ն…

Կիտայը սիրահարվել էր դասարանի ամենագեղեցիկ, ամենաչքնաղ աղջկան, որին ուրիշ տղաներ էլ էին սիրահարված, բայց նրանք, ի տարբերություն նրա, սիրուց չէին կուրացել, ո՛չ էլ իրենց քունն ու դադարը կորցրել, կամ ախորժակն ու հետաքրքրությունը դասերի նկատմամբ:

Կիտայը խնամքով թաքցրել էր Արփենիկից, որ սիրում է իրեն…

 

Բայց աղջիկն այդ չէր էլ իմանում,

Որ փոքրիկ քաղաքում սիրահար

Ինչ-որ մեկն է իրեն երազում,

Եվ այն էլ՝ խենթուկ-խելագար:3

Նա քաջ գիտակցում էր, որ Արփենիկը երբեք իրեն չէր ընտրի և մանավանդ չէր սիրի: Աղջիկները, հատկապես փոքր տարիքում անշուշտ չեն ընտրում անշուք, ոչնչով աչքի չընկնող տղաների, ընդհակառակը նրանց իդեալը նույնիսկ ավելին է, քան իրական կյանքում կարող է հանդիպել: Կիտայը սիրում էր նրան ամբողջ հոգով ու իր նրբազգաց էությամբ, բայց պատասխան սեր չէր էլ ակնկալում: Նա երջանիկ էր իր երազների, ապրումների մեջ: Կիտայն այդպես էլ մեռավ Արփենիկի «թանկագին» լուսանկարը ձեռքին, հույսով ու սպասումով լեցուն, հավատալով, որ վերջին անգամ միգուցե հասցնի տեսնել նրան, լուռ ցուցադրի իր անսահման սերը, ու այնուհետև ընդմիշտ հեռանա այս աշխարհից, բայց ավա՜ղ, նրա ուժերը դավաճանեցին…

 

Հեռավոր հուշերի մի քաղաք,

Բազմություն՝ անհանգիստ, անհամար,

Առաջին իսկ սիրուց դեռ անհագ՝

Մահացավ մի փոքրիկ սիրահար:4

 

Հուզիչ էր նաև Արփենիկի պահվածքը: Նա բացարձակապես անտեղյակ էր, որ Կիտայը սիրում էր իրեն: Նա հուզվեց, լաց եղավ և բոլորովին չվիրավորվեց, իմանալով, որ դասարանի ամենաանշուք, ամենաինքնամփոփ տղան իրեն խենթի պես սիրահարված է: Կիտայը ոչ իր կարդացած հեքիաթների արքայազն էր ոչ էլ գեթ ինչ-որ բանով աչքի ընկնող տղա. նա երբեք չէր սիրի Կիտային, բայց կարողացավ գնահատել և հիանալ նրա աննկուն ու անձնուրաց սիրով, իսկ ամենակարևորը՝ ամենաշատն ինքը ցավեց և ողբաց մեր դժբախտ դասընկերոջ անժամանակ վախճանի համար:

 

1 Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), վերնագիր

2 Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), առաջին քառյակ

3Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), չորրորդ քառյակ

4Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), իններորդ քառյակ

 

Մարտին Շիրինյան

Կալիֆորնիա, Գլենդել

7 օգոստոսի, 2015թ.

 

Լուսանկարը՝ www.photodom.com/ANULIK AVETISYAN

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artashes says:

    Ամեն մարդ էլ իրավունք ունի սիրելու, շատ հուզիչ և լավ պատմվածք է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31