Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլ Ստրոնսկի. «ԵՏՄ-ն կմնա թղթի վրա»

Օգոստոս 17,2015 11:09

«Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած քաղաքականության պատճառով ԵՏՄ-ի հեռանկարները փակվեցին»,-Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Ռուսաստանի մեկուսացման և Եվրասիական միություն «նախագծի»՝ փակուղի մտնելու մասին վերջերս սկսել են ավելի հաճախ ու ավելի լայն շրջանակներում խոսել, այսպես պատասխանեց Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:

«Ռեգիոն» կենտրոնի՝ «Մամուլի միջազգային «ԴԻԱԼՈԳ» ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցնում» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, անցկացվող օնլայն ասուլիսի ժամանակ ի պատասխան մեր հարցի՝ պարոն Ստրոնսկին մանրամասնեց. «ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ուժի գործադրումը խնդիրներ առաջացրեց Ղազախստանի և Բելառուսի համար, որտեղից էլ բխեցին առևտրային վեճերը ԵՏՄ-ի ներսում»:

Դառնալով Հայաստանի անդամակցությանը՝ փորձագետը նշեց. «Տնտեսական շահավետության տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանի համար քիչ ձեռնտու էր ԵՏՄ-ին անդամակցությունը, ավելին` ՌԴ-ի տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողնում նաև ՀՀ տնտեսության վրա»:

Փորձագետը նկատում է, որ ԵՏՄ ներսում այժմ լարվածության աստիճանը բավականին բարձր է և միությունը հավանաբար գոյություն կունենա միայն թղթի վրա:

Պարոն Ստրոնսկին եզրափակեց. «ԵՏՄ-ին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ ԱՊՀ-ին կամ ՀԱՊԿ-ին, այսինքն՝ այն կլինի միայն խորհրդանշական տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություն և ոչ ավելին»:

Մեր այն դիտարկմանը՝ որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Իրան-Հայաստան հարաբերությունների կայացման հարցում լուրջ խոչընդոտ է Ռուսաստանը, Պոլ Ստրոնսկին հակադարձեց. «Ռուսաստանը Հայաստանի տնտեսական ներդրումների ոլորտում ունի գերիշխող դերակատարություն, և նպատակներ ունի պատժամիջոցների վերացումից հետո ներդրումներ կատարել նաև Իրանում: Չեմ կարծում, որ պաշտոնական Մոսկվան դեմ կարտահայտվի հայ-իրանական գործարքներին, եթե դրանք չհակասեն ՌԴ-ի շահերին: Ընդհակառակը, հաշվի առնելով ՌԴ-ի՝ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտներում գերիշխող դերակատարությունը, այդ գործարքները կարող են օգտակար լինել ՌԴ-ի համար»:

Հարցին՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության պարագայում ինչպիսի՞ լուծում է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, պարոն Ստրոնսկին պատասխանեց. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որևէ կապ չունի ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հետ, սակայն ՀՀ-ի անդամակցությունը այս կառույցին բարդացավ այդ հակամարտության առկայության պատճառով: Ադրբեջանը ցույց տվեց՝ ղազախների միջոցով, որ նրա սրտով չէ Հայաստանի և դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի մուտքի հեռանկարը ԵՏՄ: Իսկ Բաքվի հռետորաբանությունը, անշուշտ մտահոգիչ է»:

Պարոն Ստրոնսկին կարծում է, որ Ադրբեջանը առանց հակամարտության կարգավորման հազիվ թե մուտք գործի ԵՏՄ, թեև Ռուսաստանի համար դա շատ ցանկալի կլիներ: Իսկ ՀՀ- ՌԴ նախագահների՝ սեպտեմբերին սպասվող հանդիպումից հակամարտության կարգավորման առումով Պոլ Ստրոնսկին առանձնապես սպասելիքներ չունի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31