Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրություն եւ տեսարաններ

Օգոստոս 17,2015 10:33

Չնայած մեր վերջին մի քանի աշունները թեժությամբ առանձնապես աչքի չեն ընկել, ակնկալվում է, որ առաջիկա աշունը համեմատաբար թեժ կլինի՝ բնավ ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն ուժեղ է եւ վճռական է տրամադրված, այլ այն պարզ պատճառով, որ եթե այս աշուն էլ ընդդիմությունն իր գոյության մասին չհիշեցնի, վերջնականապես մոռացության կմատնվի: Եթե, իհարկե, արդեն չի մատնվել:

Ընդդիմության համար այս աշունն ավելի քան հարմար է: Ինչպես ասում են՝ թեմա կա: Եվ թեման էլ իշխանություններն են ապահովել: Թեման սահմանադրական փոփոխություններն են: Կամ, ինչպես վերեւներում են ասում, սահմանադրական բարեփոխումները: Կամ, ինչպես Կարապետիչն է ասում, չարեփոխումները:

Եթե Կարապետիչին հիշեցինք, ուրեմն ամեն ինչ չի մոռացվել: Եթե Կարապետիչին հիշեցինք, պիտի ՀԱԿ-ին էլ հիշենք, մանավանդ որ՝ ՀԱԿ-ն արդեն հայտարարությամբ՝ գրագետ ու գրավոր կերպով անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների թեմային: Առաջիկայում, համոզված եմ, էլի է գրագետ ու գրավոր կերպով անդրադառնալու՝ եւս մի անգամ ապացուցելու համար, որ ինքն ու մանավանդ իրենց առաջնորդը մյուս ընդդիմադիրների համեմատ ավելի ինտելեկտուալ ու ավելի գաղափարական են:

Ամեն ինչ բնական եւ նույնիսկ տրամաբանական է: Եթե ընդդիմություն ես, եւ եթե նախագահը Սահմանադրության մեջ ուզում է փոփոխություններ կատարել, պիտի հայտարարես, որ նախատեսվող այդ փոփոխությունները միանգամայն ավելորդ ու անտեղի են. ավելին՝ նախատեսվող այդ փոփոխությունները վնասակար են մեր երկրի եւ մեր ժողովրդի համար:

Եթե իշխանություն ես, ճիշտ հակառակը պիտի պնդես ու հայտարարես. պիտի հայտարարես, որ նախատեսվող սահմանադրական փոփոխություններն օդի պես անհրաժեշտ են մեր պետության եւ մեր ժողովրդի համար:

Չափազանց ծանոթ պատկեր է:

1995-ին, երբ ՀՀՇ-ական իշխանությունները Սահմանադրություն էին ընդունում, ընդդիմությունը հայտարարում էր, որ հանրաքվեի ներկայացվող Սահմանադրությունը կարված է Տեր-Պետրոսյանի վրայով եւ նպատակ ունի հավերժացնել ՀՀՇ-ի իշխանությունը:

Ընդամենը երեք տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ Սահմանադրության մասին հիշեցին այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանին հաջորդած Քոչարյանն էլ Սահմանադրության ի՛ր տարբերակն առաջարկեց:

Քոչարյանի տարբերակն էլ անցավ, եւ, ինչպես 1995-ին, Քոչարյանի դեպքում էլ ընդդիմությունը հայտարարեց, որ Սահմանադրության հանրաքվեն անցել է կեղծիքներով:

Եթե Սերժ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն անցնեն, ընդդիմությունը վերստին հայտարարելու է, որ սահմանադրական փոփոխություններն անցել են կեղծիքներով: Ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում էլ Հայրիկյանը կհայտարարի, որ եթե ինքը չլիներ, մենք ընդհանրապես Սահմանադրություն չէինք ունենա: Չէ՞ որ ինքն էն գլխից հայտարարում էր, որ ամենակարեւորը Սահմանադիր ժողովն է: Այս հասարակ բանը չենք հասկացել եւ շարունակում ենք չհասկանալ: Բայց Հայրիկյանը մի ավելի հասարակ բան չի հասկանում. չի հասկանում, որ չնայած ոչ բոլոր երկրներին է բախտ վիճակվել Հայրիկյան ունենալ, այդուհանդերձ՝ բոլոր երկրներն էլ Սահմանադրություն ունեն:

Բայց քանի որ մենք, ի տարբերություն ուրիշների, Հայրիկյան ունենք, չենք կարող ընդամենը մի Սահմանադրությամբ բավարարվել, եւ եթե սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեն իշխանությունների ակնկալած արդյունքը տա, կստացվի, որ մենք վերջին քառորդ դարում երեք նախագահ ենք ունեցել եւ՝ նույնքան Սահմանադրություն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31