Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը մարզերում խորհրդակցություններ է անցկացնում խաղողի մթերման վերաբերյալ

Օգոստոս 16,2015 18:40

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:

Կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, որոնք վերաբերում էին խաղողի բերքի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կքննարկի և հնարավորության սահմաններում լուծում կտա բարձրացված խնդիրներին:

Հաջորդիվ վարչապետը շրջայց է կատարել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արարատի մասնաճյուղում և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի տարածքում՝ հետևել արտադրական գործընթացի կազմակերպմանը, ծանոթացել ընկերությունների ընթացիկ, ինչպես նաև ընդլայնման ու ներդրումային ծրագրերին: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն զբաղվում է կոնյակի, գինու, օղու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն՝ կոնյակի, գինու, խաղողի և մրգային օղիների արտադրությամբ:  Երկու ընկերությունում ներդրված են որակի և անվտանգության վերահսկման միջազգային չափանիշներ ու համակարգեր, արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Պռոշյանի կոնյակի գործարանում և Արարատի գինու գործարանում, որին մասնակցել են գործարանների ղեկավարները և Արտաշատի, Արարատի և Վեդու տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ քննարկվել է խաղողի բերքի մթերման հարցը, որն այս տարի առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը: Վարչապետը տեղեկացրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ տարեցտարի գործարանի կողմից մթերվող խաղողի ծավալն աճում է, և անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, և լրացուցիչ՝ ևս 10000 տոննա խաղող մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար: Իր հերթին «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ գործարանն ունեցել է դինամիկ աճ խաղողի մթերման առումով, և անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի հաշվի առնելով բերքի առատությունը և որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել և նաև գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան:

Vayoc-Dzor1

 

Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև նշված տարածաշրջանների գյուղերում առկա մյուս խնդիրներով: Համայնքների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարի կատարած այցի ժամանակ տրված խոստումները կյանքի կոչելու համար և ներկայացրել իրենց համայնքների բնակչությանը հուզող հարցերը, որոնք վերաբերում էին համայնքային՝ ջրամատակարարման, առողջապահական, սոցիալական ու մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարելավմանը: Վարչապետը մի շարք հարցերի լուծման առնչությամբ տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին և նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս խնդիրներին ևս:

Արարատի մարզից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ վարչապետը հանդիպել է բնակիչներին, ծանոթացել նաև նրանց հուզող խնդիրներին և նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակներ:

Այնուհետև վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ:

Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն էր, որի հանքային իրավունքը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող «Գեոթիմ» ընկերությունը: Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Մասնավորապես, «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն» անդամակցելու որոշումը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ հասարակական թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում և կնպաստի այս ճյուղի կայուն զարգացմանը:

Vayoc-Dzor9

Վայոց ձորի աշխատանքային այցի հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելել է Ջերմուկում գտնվող թիվ 2 արվեստի դպրոց և «Զատիկ» մանկապարտեզ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում:

Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31