«Եվրոպական կրթություն եվրասիական Հայաստանո՞ւմ» թեմայով սեմինարն անցավ թեժ քննարկումներ արդյունքում: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանն, օրինակ, անդրադարձավ քաղաքական պաշտոններին, Վերահսկիչ պալատի կողմից միլիոնների յուրացումների բացահայտումներին ու դրանց մեղավորների անպատիժ մնալուն, պաշտոնյաների միմյանց միլիոնանոց նվերներ անելուն ու դրա կողքին կրթության ոլորտի ոչ բավարար չափով ֆինանսավորմանը:
Նրա դիտարկմամբ, կրթության ոլորտի քաղաքականացված լինելը փոխկապակցված է շատ երեւույթների հետ:
Ըստ Խուրշուդյանի, օրինակ, ապաքաղաքական քաղաքացիական շարժումների ժամանակ բացակայում են ուսխորհուրդները, որոնք նորմալ երկրներում հասարակության առաջադեմ հատվածն են ու ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ: Իսկ Հայաստանում դրանք ընդամենը քաղաքականացված կառույցներ են:
Նա խոսեց նաեւ կրթական հաստատություններում քաղաքացի ձեւավորելու մասին ու ցավով փաստեց. «Ընտրակեղծարարների բուրգը լցված է նաեւ ուսուցիչներով: Երեխան տեսնում է, որ ուսուցիչը ընտրությունների ժամանակ զբաղված է ընտրակեղծարարությամբ: Այդքանից հետո նրանից պահանջել ԿԳ նախարարի ասած մոտիվացիան, անհնար է»:
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց նաեւ օնլայն կրթության հարթակ ստեղծելու նախաձեռնության մասին, օրինակ բերելով ԱՄՆ-ը, որտեղ երիտասարդը մի քարտով կարող է մուտք գործել գիտելիքների շտեմարան: Նրա համոզմամբ, օնլայն կրթության միջոցով մարզերի համար փայլուն պայմաններ կարելի է ստեղծել եւ ապահովել նորագույն գիտելիքների հոսքը դրսից, թե չէ այդ առումով մնացել ենք միջնադարում: Տարեցների կրթության հնարավորության մասին եւս բարձրաձայնվեց՝ արեւմտյան հասարակությունները եւ նույնիսկ Հայաստանը, ծերացող հասարակություններ են, վերին շերտի փորձառությունը չօգտագործելը սխալ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ 1in.am-ի տեսանյութի:
Լուսանկարը՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: