Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Կրթական ինքնավարության դեպքում կոռուպցիան կաճի»

Օգոստոս 16,2015 14:50

«Եվրոպական կրթություն եվրասիական Հայաստանո՞ւմ» թեմայով սեմինարի ժամանակ կրթության փորձագետ ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը խոսելով կրթության ոլորտի քաղաքականացված լինելու դիտարկումների մասին, չհամաձայնեց դրանց հետ: «Կրթությունը քաղաքական է, քաղաքականություն է, սակայն կարեւոր է, թե ինչ քաղաքական հարց է դրվում կրթության առաջ: Սխալ կլինի, որ կրթությունը ապաքաղաքականացվի, որովհետեւ այդ դեպքում հաստատ անտերության կմատնվի: Կրթությանն ուղղվելիք ՀՆԱ-ի 4 %-ը, որ չապահովվեց, հենց այն պատճառով էր, որ հարցը քաղաքական հարց չհամարվեց»,-ասաց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը խոսելով ոլորտի մասին՝ փաստեց. «Իմ կարծիքով այսօր դրված է հետեւյալ հարցը՝ համակարգը պահեք հնազանդ, կառավարելի վիճակով, խնդիրները փակեք ներսում, ու, եթե հանկարծ դպրոցի տնօրենը հարցերը բարձրացնի, ասեն՝ չես կարողանում ղեկավարել, թող գնա…Իմիջիայլոց, ես համաձայն եմ ԿԳ  նախարարի այն դիտարկման հետ, որ Հայաստանը դեռեւս  պատրաստ չէ կրթական ինքնավարության, եթե այդպես լինի, հաստատ կոռուպցիան կկրկնապատկվի, ամեն ինչ քաոսի կվերածվի: Ինքնավարություն հնարավոր չէ, որովհետեւ  կադրային քաղաքականությունը Հայաստանում ճիշտ չի տարվում, մենք չենք կարողանում լավագույն մասնագետներին դարձնել դպրոցի տնօրեններ եւ բուհերի ղեկավարներ, ընտրվում են «մերոնքականները», լոյալները, հնազանդները, արդյունքում կորցնում ենք պրոֆեսիոնալ մարդկանց»:

Նա մի օրինակ բերեց. «Երեւանի ռոմանագերմանական ֆակուլտետի շրջանավարտը ուզում էր իր հարազատ գյուղում աշխատել, սակայն չստացվեց, կոոպերատիվ համալսարան ավարտածը  նրա փոխարեն խցկվեց»:

Սերոբ Խաչատրյանը մի առաջարկ արեց. «Կրթության ոլորտում անընդհատ ասում ենք՝ ինչ ենք արել, ինչ պետք է արվի, մինչդեռ պետք է խոսել նաեւ այն մասին, թե ինչ չի կարեի անել: Երբ բժշկի ենք գնում, ինքը ոչ միայն դեղեր է նշանակում, այլեւ ասում է՝ ինչ չպետք է անել: Լավ կլիներ, որ կրթության զարգացման ծրագրում նշվեր, թե ինչ չի կարելի անել կրթության ոլորտում: Հաջողության պատմությունների կարեւորության մասին խոսեց պարոն Աշոտյանը…Իմ համոզմամբ, հաջողության պատմություններով եւ գերազանցության կենտրոններով կրթական համակարգը չի բարեփոխվի, չկա այդպիսի օրինակ: ԱՄՆ-ը ունի աշխարհի լավագույն դպրոցները, իսկ Ստենֆորդի համալսարանում կա մի լավագույն դպրոց, բայց սրա կողքին ԱՄՆ հանրակրթական համակարգը վատագույն վիճակում է, նույնիսկ Վիետնամին է զիջում, այսինքն` դառնալով մեզ, մեքենայի օրինակով եմ ուզում եմ ասել, որ պետք է համակարգը փոխենք: Թե չէ Համաշխարհային բանկից վառելանյութ (այլ կերպ ասած վարկ) ենք վերցնում, փոխում ենք մեքենայի դռներն ու պատուհանները, բայց շարժիշը մնում է նույնը: Նման պարագայում ժամանակի ընթացքում հաջողության պատմությունները եւ գերազանցության կենտրոնները կուլ են գնում գործող համակարգին…Եվ հետո Հայաստանն այն երկիրը չէ, որ այդքան գերազանցության կենտրոններ ունենա»:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք հնարավոր է եվրասիական Հայաստանում եվրոպական կրթություն իրականացնել,  Սերոբ Խաչատրյանի կարծիքով հնարավոր է, եթե քաղաքական անկախության հարց չդրվի. «Կարեւորը կրթահամակարգն է, որը դու ես ստեղծում եւ լավ դասախոսներն ու ծրագրերը»:

Ըստ 1in.am-ի տեսանյութի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31