Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ես իմ գլխով եմ առաջ գնացել»

Օգոստոս 16,2015 12:55

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում օգոստոսի 15-ին կայացած սեմինարի թեման էր «Եվրոպական կրթություն եվրասիական Հայաստանո՞ւմ»: Միջոցառման հիմնական բանախոսը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր: Երբ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց կրթության ոլորտի առաջ ծանրացած մարտահրավերները, ԿԳ նախարարը խոսքը սկսելուց առաջ ասաց, որ Սաֆարյանի ներածական խոսքը եւ միջոցառման վերնագիրը 3D պատկեր տվեցին իր համար:

Արմեն Աշոտյանը ներածական խոսքում ներկայացրեց՝ ի՞նչ ասել է եվրոպական բարձրագույն կրթական տարածք: Ու թեեւ Բոլոնիայի գործընթացը Եվրամիության ստեղծման ծնունդ որակեց, նաեւ փաստեց, որ այսօր Բոլոնիայի գործընթացի 48 անդամ երկրներից 28-ն են միայն ԵՄ անդամ երկրներ, ու նախարարի ձեւակերպմամբ, Բոլոնիայի գործընթացն այլևս Եվրամիության սեփականությունը չէ եւ Եվրամիության պրոյեկտ չէ, Բոլոնիայի այդ գործընթացին միանալով՝ Հայաստանը փորձում էր լուծել մի շարք հարցեր:

Ստեփան Սաֆարյանը նկատեց՝  եթե ԵՏՄ-ի մեջ ենք, ԵՏՄ-ն ինքն է պարտադրելու իր իսկ կրթական չափանիշները, այդ դեպքում ինչպե՞ս է եվրոպական կրթություն իրականացվելու այլեւս եվրասիական Հայաստանում:

Կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, որ  եվրոպական չափանիշներով բարձրագույն կրթությանը հասնելու համար դեռ մի շարք խնդիրներ պետք է լուծվեն՝ սկսած կրթության ոլորտի ֆինանսավորումից՝ ավարտած Կառավարության ծրագրերում ամրագրված մի շարք կետերի չիրագործվելուց: Տիկին Բախշյանը փաստեց՝  թղթի վրա գրված է դպրոցների ինքնավարության մասին, բայց այդպես էլ չին հաջողվել կտրել դպրոցների պորտալարը մարզպետից, որովհետեւ այդպես են ցանկացել Հանրապետական պատգամավորները: Չնայած ամրագրված է, որ կրթության ոլորտին պետք է ուղղվի ՀՆԱ-ի 4 %-ը, սակայն կրթության ոլորտը շարունակվում է թերֆինանսավորվել:

«Բոլոր դեպքերում կառավարությունն ասում է բալը թանկ է, բացի այդ քաղաքական է նախարարի պաշտոնը: Քանի որ կրթության ոլորտի ղեկավարը կուսակցական է, ինքը չի կարող հակառակ գնալ իր թիմին,  գուցե կարող է ներսում կռվել վարչապետի հետ, ասի՝ հետո ինձանից արդյունք եք ուզելու, վերջում ասելու եք՝ ինչո՞ւ չհաղթահարեցիր…Մինչդեռ, եթե այդ պաշտոնը լիներ ոչ քաղաքական, նախարարն ամբողջ բանավեճը կբերեր հրապարակ, կասեր ես կրթության զարգացման ծրագրում 4 % եմ նախատեսել, բայց կառավարությունը փողը չի տալիս: Կասեր՝ կառավարություն, եթե չեք տալիս, ես չեմ կարող կրթության նախարարության հզորությունն ավելացնել»,- հավելեց Անահիտ Բախշյանը: Նա ցանկություն հայտնեց, որ Սահմանադրությամբ ամրագրվեր բոլոր ոլորտների ղեկավարների պաշտոնների ապաքաղաքական լինելը:

Արմեն Աշոտյանը մի դիտարկում արեց. «Այսօր անել շրջադարձային բարեփոխումներ՝ նվազագույն ֆինանսական միջոցներով մեծ քաղաքական ռիսկ է, այո, կրթությանն ուղղված գումարը ՀՆԱ 2,5 %-ն է, շատ քիչ է, իսկ պակասող 1,5 %-ը ո՞րտեղից վերցնենք, պաշտպանությունի՞ց, առողջապահությունի՞ց, սոցապի՞ց»

Բախշյանը հակադարձեց. «Էն որ գրել էիք 4 %, ո՞րտեղից էիք գրել»:

Աշոտյանն էլ իր հերթին հակադարձեց. «2011-ին սահմանային լարվածությունը եւ մնացածն այս ուժգնության չէին, ինչպես այսօր, երբ առավոտյան ամեն մեկս արթնանում ենք, փորձում ենք հասկանալ՝  արդյոք զինվոր սպանե՞լ են»:

Նախարարը նաեւ հավելեց. «Հայաստանում  այսօր լուրջ պրոբլեմ կա, մոտիվացիայի պրոբլեմ, աբսուրդ է, երբ մեր սիրելի լրագրողները, ԶԼՄ-ները, հասարակությունը պահանջում են նախարարից, որ նախարարն այնպես անի, որ ուսանողը լավ սովորի, որ աշակերտը դասի գնա, դա աբսուրդ է, սովետական մտածելակերպի արգասիք: Նախարարը պարտավոր է ստեղծել միջավայր, որը կարող է լավ կամ վատը լինել, բայց նա պատասխանատու չէ մարդու չսովորելու ցանկության համար… Հնարավոր չէ վարչականորեն ստիպել, որ երեխաները լավ սովորեն, նրանք կարիք ունեն հաջողության պատմությունների, նրանք պետք է տեսնեն հաջողության պատմություններ լավ սովորած մարդկանց»: Վերջին մտքի հետ կապված Անահիտ Բախշյանը ռեպլիկ արեց. «Երեւի Ազգային ժողովին նայեն»:

Աշոտյանը կոչ արեց չքաղաքականացնել. « Օրինակ ինչի եմ հպարտանում մեր երեխաների օլիմպիական մեդալներով, էդ Հերմինեն, Լեռնիկը եւ մյուսները պուճուր հերոսներ են, դրանք հաջողության պատմություններ են, որ ուզում եմ մյուս երեխաներին ցույց տալ, որպեսզի բոլորը հասկանան, որ հնարավոր չէ լինի վաղը դրսում եւ մեր երկրում առաջ գնալ առանց սեփական գլխի»:

Անահիտ Բախշյանը դարձյալ վերջին մտքի հետ չհամաձայնեց:

«Ինչ է դուք ծանոթո՞վ եք ընդունվել…Օրինակ, ես իմ գլխով եմ առաջ գնացել»,-նեղսրտեց Աշոտյանը՝ հավելելով, որ հանգամանքը քաղաքական չէ: Նա կոչ արեց նաեւ քաղաքացիական հասարակության, մասնագիտական ասոցիացիաների մակարդակով դատապարտել կրթության ոլորտում առկա  մերժելի երեւույթները: Նրա համոզմամբ,  Հայաստանում ամենաազատական օրենսդրությունն է գործում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ըստ 1in.am-ի տեսանյութի:

Լուսանկարը՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ամենայն հավանակությամբ Արմեն Աշոտյանը նկատի ունի, որ գլխով մինչեւ գետին խոնարհվել է ու դրա համար առաջ են տարել: Այս դեպքում նա միանշանակ գլխով է առաջ գնացել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31