Այս ճաշատեսակը բազմաթիվ անուններ ունի, մանկուց ես այն սիրում էի որպես «չիլիական լանգետ», ավելի ուշ տեսա դրա «միսը ֆրանսիական ձեւով» տարբերակը, այս վերջերս էլ ինչ-որ տեղ նույն բաղադրատոմսը կարդացի՝ որպես հունգարական ուտեստ: Իրականում քիչ կարեւոր է, թե անունն ինչ է, կարեւորը որ այն շատ համեղ է, արագ եւ հեշտ պատրաստվող, եւ կարող է մատուցվել ինչպես տոնական սեղանին, այնպես էլ՝ կիրակնօրյա ընտանեկան ճաշերի ժամանակ:
Անհրաժեշտ մթերքները
Տավարի կամ խոզի միս (վերցրեք լանգետի համար նախատեսված միս՝ սուկի, մեջքի ֆիլե, վզիկ եւ այլ փափուկ, առանց ջլերի կտոր)- 1 կգ
Աղ, պղպեղ, համեմունքներ- ըստ ճաշակի
Կարդացեք նաև
Ձիթապտղի յուղ-3-4 գդալ
Գլուխ սոխ-4-5 հատ
Մայոնեզ- 200-300 գրամ
Դեղին պինդ պանիր -200 գրամ
Պատրաստման եղանակը
Միսը մաքրել, լվանալ, չորացնել: Կտրատել 1 սմ լայնությամբ լանգետանման կտորների: Թեթեւակի ծեծել: Եթե չունեք թակիչ, կարող եք խոշոր դանակի հակառակ, ոչ սուր կողմով ծեծել կամ գրտնակով:
Որեւէ խորը ամանի տակը մի փոքր ձիթապտղի յուղ անել, աղ եւ պղպեղ, վրան մի շերտով շարել մսի կտորները, դրանց վրա նորից աղ, պղպեղ, համեմունքներ, ձեթ անել, շարել հաջորդ շերտը: Այդպես՝ բոլոր կտորները: Դնել մի կողմ՝ մեկ-երկու ժամով հանգստանա եւ համեմվի: Սառնարանում կարող եք մինչեւ 2-3 օր պահել:
Ջեռոցի թավայի վրա շարել մսի կտորները: Տակը յուղելու կարիք չկա, մսի վրա եղած ձիթապտղի յուղը լրիվ բավարար է: Վրան շարել մաքրած, լվացած եւ խոշոր կտրատած գլուխ սոխը: Սոխի վրա կրկին համեմունքներ եւ պղպեղ ցանել: Վրան բարակ շերտով մայոնեզ քսել: Վերջին շերտը պանիրն է: Խոշոր անցքերով քերիչով քերեք պանիրը եւ ամբողջությամբ ծածկեք միսը:
Դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը 40 րոպեով: Եվս տաս րոպե թողեք եփվի ավելի բարձր՝ 200-220 աստիճանում, որպեսզի պանիրը ոսկեգունի:
Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Հ.Գ.- Այս նույնը կարելի է պատրաստել նաեւ մեկ շերտ շատ բարակ կտրատած կարտոֆիլ ավելացնելով՝ մսի եւ սոխի միջեւ: Նույնպես շատ համեղ է ստացվում, բայց ավելի կալորիական: