Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր արթնացնելու ժամանակը

Օգոստոս 16,2015 17:38

 

Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ` հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից, հատկապես, որ նոր ես վերադարձել մանկության Երազանք Հայաստանից Արեւմտյան: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում:

Այո, քեզ հետ է կանչում, ինչպես անդին մնացած Երկիրը մեր, ասում է.

– Ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես տերը, դու դեռ գործ ունես, ասում է ու քեզ բերում կանգնեցնում քո ընտանիքի եւ քո ազգի հոգսի առջեւ` ազնիվ հոգսի ու դարանակալ նենգամտության առջեւ:

Եվ անմիջապես էլ բոլոր մտքերը կողքի հրելով` ականջներիդ մեջ զրնգում է Միշել Մոնթենի կռահած մահվան ազատակրող շունչը, որի դեմ Ջոնաթան Սվիֆթի անմահները բոլորից մոռացված շարքային մուրացկաններ էին: Ուրեմն մոռացի՛ր անմահության մասին եւ մոռացված անմահության մասին նույնպես:

– Ո՞ւր ես գնում,- ասում է ձայնը, քանզի ձայնն այդ մեզանից առաջ տեսնում է տերությունների մեջ իրենց անմահ համարողների մուրացող կերպը, տեսնում է իշխանամուրացողներին:

Հետո ձայնն այդ հուշում է.

– Երեւացող հակառակորդը հարգելի է, աներեւույթը` նսեմ ու դավադիր: Զգուշացի՛ր` հուշում է ձայնը…

Մանկությանս տարիներին մի ընկեր ունեի` Ռաֆիկ անունով, ով չնայած փոքրամարմին էր, բայց ուտելուց երբեք չէր կշտանում: Եվ տարօրինակ բան` նա մեռավ առողջ, բայց շատակերությունից: Իսկ անկշտությունը, պարզվում է, մարդ արարածի ամենամեծ արատներից մեկն է:

– Ո՞ւր ես փախչում,- շարունակում էր ձայնը,- ինչո՞ւ ես լքում քեզ, չէ՞ որ դու քո էությունն ես լքում: Երբ տեսնում ես, որ ասելիք չունեցողները շարունակում են անվերջ խոսել, եւ տեսնում ես նաեւ, թե ինչպես դավադիրը` մնալով ստվերում, որոգայթ է հյուսում քո, քո ընկերների եւ քո երկրի դեմ:

– Արթնացրու քո մեջ տերը,- շարունակում էր ձայնը,- եւ ոչ մի բաժակաչափ մի՛ փորձիր հեռանալ այս աշխարհից, եւ մի՛ հետեւիր Փոքր Մհերին ու մի՛ մտիր քարանձավ՝ քեզ պարփակելով քարե նաշում, այլ մի կողմ շպրտիր այդ նույն բաժակաչափ հուսահատությունդ եւ արթնացրո՛ւ քո մեջ քո Մհերին, քանի որ հիշի՛ր, որ նույնիսկ սերը, սերն անգամ այլընտրանք ունի, բայց Տերը այլընտրանք չունի, քանի որ երկիրը ետ բերելու, պահելու միակ ճանապարհը այլընտրանք չունենալու զոհաբերությունն է:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահրամ says:

    Եթե լիրիկա-փիլիսոփայական խոհերի տեղյակ մի երկու տողով կարծիք արտահայտեիք Ձեր տխրահռչակ հայրենակից, նախկին համբալի վերաբերյալ, որը իր ծննդավայրն է ամայացնում՝ անկշտության պատճառով, թերեւս ավելի մեծ ուշադրության արժանանայիք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31