Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկը զենքը հանեց, պահեց Հովսեփի դեմքին: Հովսեփի վիզը լրիվ արյուն էր»

Օգոստոս 15,2015 15:22

«Մենք ոչ մի դիտավորություն չենք ունեցել, այնտեղ գնալու նպատակը  եղել է քաղաքական բանավեճը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեւադա Ղազարյանն (լուսանկարում)՝ անդրադառնալով երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին:

Սեւադա Ղազարյանի խոսքերով, իրենք կազմակերպության պատասխանատուներին առաջարկել են «մի տեղ նստել, սուրճի բաժակի շուրջ զրուցել», բայց. «Ասացին ինչի՞ մեր գրասենյակում սուրճ չկա՞, եկեք այնտեղ կխմենք»:

Երբ «ժառանգության» երիտասարդները գնացել են մամուլի շենքում գտնվող «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի գրասենյակ, նկատել են, որ կամաց-կամաց տղաների թիվն ավելանում է. «Նախ մինչ ճանապարհին էինք, անընդհատ  զանգում էին՝ բա ի՞նչ եղաք, ո՞ւր հասաք, հետո երբ գնացինք մեզ առաջարկեցին նստել, մեկ էլ տեսանք ընթացքում կամաց-կամաց շատացան, մեզ ասեցին կարա՞ք դուք ձեր ասածի պատասխանը տաք: Մեկ էլ Նարեկը զենքը հանեց ու պահեց Հովսեփի դեմքին: Ասեց կարո՞ղ ես ասածիդ պատասխանը տալ եւ երեք թե չորս անգամ կրակեց, առաջինը Հովսեփի վրա, հետո, երբ Հովսեփը ձեռքը բռնեց մնացածը օդ կրակեց: Չգիտեմ ինչքան է կռիվը տեւել, Հովսեփի վիզը լրիվ արյուն էր, իջանք , մեր հետեւից դուրս եկան վերելակի մոտ, մենք քայլում էինք ու ապշած իրար, նրանց հարցնում՝ էս ի՞նչ եղավ, դրա համար չէինք եկել, այսինքն՝ չէինք սպասում, որ կարա տենց բան կատարվի, մեկ էլ մեզ կանչեցին, թե եկեք խոսենք ու երեքով հետ ենք գնում, դուռը մեր հետևից փակում են ու սկսում են մեզ ծեծել»,-պատմում է Սեւադա Ղազարյանը: Նրա խոսքերով, այսօր արդեն հայտարարում են, թե «մենք հարձակում ենք գործել իրենց գրասենյակի վրա եւ իրենք էլ ինքնապաշտպանվել են»:

«Դուռը փակել են չենք կարողանում դուրս գալ, Գեւորգի շորերը ճղրտված, մի կերպ փախել ենք, հասել Հովսեփենց տուն, մեր քթից արյունը չէր կտրվում: Հովսեփի վիզն ամբողջությամբ արյունլվա էր: Ասում են ինքնապաշտպանությո՞ւն: Նրանց արածը խուլիգանություն էլ չէ, խուլիգանությունը մեղմ է ասած, 15 հոգով հասնում են  մի քանի հոգու վրա, զենք են պահում, ու դա անում են այն մարդիկ, որոնք եվրոպական արժեքներ են որդեգրել ու քարոզում»,-մեզ հետ զրույցում ասում է Սեւադա Ղազարյանը:

Նա հույս ունի, որ քննիչները անաչառ քննություն կտանեն եւ պարզ կլինի՝  ով ում վրա է իրականում հարձակվել. «Թող հեռախոսազանգերը հանեն ու պարզեն, դրանք շատ հարցերի պատասխաններ կտան: Ով է տեսել, որ ինքնապաշտպանության ժամանակ հարձակվող կողմն ավելի շատ զոհ ունենա, քան ինքնապաշտպանվողները»:

Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ Հովսեփ Ղազարյանի տանից դուրս գալիս են եղել ոստիկանություն գնալու համար, երբ քննիչներն իրենք են դուռը ծեծել. «Հիմի էլ քթիցս արյուն է գալիս, չի դադարում: Քանի որ իմ ու Հովսեփի վիճակը շատ ծանր էր, արյունահոսությունը չէր դադարում, ոստիկանություն ավելի ուշ դիմեցինք»:
Սեւադա Ղազարյանը քթի կոտրվածք է ստացել, եւ ինչպես նա ասաց, միայն 3-4 օրից պարզ կլինի՝ վիրահատություն պետք է, թե՝ ոչ. «Մինչեւ հիմա մտածում եմ՝ էս ինչ եղավ, իրենք պատրաստված էին, քանի որ Նարեկն իր գոտկատեղից հանեց զենքը: Բացի այդ, հասարակական կազմակերպությունում աշխատում են նաեւ աղջիկներ, բայց նրանք չկային, հանել էին աղջիկներին, ինչը, նշանակում է, որ նախապատրաստված էին: Եթե մենք ծեծելու կամ հարձակվելու նպատակ ունենայինք, ինչո՞ւ պետք է առանց զենք գնայինք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    ինչ մեղք է , արա…
    “ավելի շատ զոհ ունենա”
    շատ մեղք վիճակ ա բոլորիդ մոտ: լրիվ ցնդվել եք “քաղաքականության” վրա:
    😀 😀 😀

  2. Delea Organizacion says:

    Լրիվ եք ցնդել,ժողովուրդ?
    Մի հատ տրամաբանությունն աշխատացրեք:Մի հատ աշխարհի մակարդակով նայեք,որտեղ են նման բան անում,դուք ինքնասիրություն ունեք?Իրար էք ծեծում,որ ինչ անեք,որ թշնամությունը ավելի բարգավաճի? առանց այն էլ ապրւմ էնք ատելով միմյանց:
    Հաճախ ատելությունից սեր հենց մեկ քայլ է:
    ՀՊԿ-ը կոչ է անում դադարել միմյանց ատել, անգամ եթե նախկինում նման զգացմունք եք ունեցել:Հարցերը լուծում են խելացի ձեվով, կլոր սեղանի շուրջ եվ ոչ թե Հանրապետականների ոճով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31