Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը` սառնասիրտ մարդասպա՞ն, թե՞ տաղանդավոր դերասան

Օգոստոս 15,2015 15:00

Եթե հունվարի 12-ի սպանդը նպատակային էր, ապա ո՞ւմ հրահանգով եւ ինչո՞ւ է այն տեղի ունեցել

Օգոստոսի 12-ին Գյումրիում` 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանը սկսեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Նա մեղավոր ճանաչվեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեջ եւ դատապարտվեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցել էր հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատում էր զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեղադրանքներով:

Պերմյակովի ցուցմունքները դատարանում վերընթերցվել են, որոնցից պարզ  է դարձել, որ Պերմյակովը հունվարի 12-ին, ժամը 2:30-ից 3-ի սահմաններում, վերցրել է զենքը, ինքնակամ լքել զորամասն ու գնացել Գյումրի՝ զինված իրեն ամրացված AK-74 ինքնաձիգով եւ երկու փամփշտակալներով, որոնցում եղել է ընդհանուր առմամբ 60 փամփուշտ: Զենք վերցնելը Պերմյակովը բացատրել է ինչ-որ մեկին վախեցնելու, փող եւ այլ անհրաժեշտ իրեր վերցնելու մտադրությամբ, ինչը կօգներ նրան Թուրքիայով փախչել Ռուսաստան: Այսինքն՝ զենքը, ըստ տրված ցուցմունքների, պետք կլիներ անհրաժեշտության դեպքում կրակելով պաշտպանվելու համար: Այնուհետեւ ժամը 4-ի սահմաններում նա մտել է պատահական մի տուն, որտեղ քնած մարդիկ են եղել: Նրանք արթնացել են, ինքը  վախեցել է եւ սկսել կրակել, ապա դեն է նետել ինքնաձիգն ու փախել:

Պերմյակովը խոստովանել է իր մեղքը, բայց հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Պարզվում է՝ Պերմյակովը ցանկացել է խուսափել ծառայությունից, բացի այդ, ըստ նախաքննական ցուցմունքների, հայտնի է դարձել, որ Ռուսաստանում այն զորամասից, որտեղ ծառայել է, նա ութ անգամ դիմել է փախուստի:

Ռուսական կողմի դատավճռից հետո Պերմյակովը պատիժը կկրի Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում՝ այնքան ժամանակ, մինչեւ հայկական կողմը դատավարությունը ավարտի։ Ըստ փաստաբանների՝ եթե համաձայնություն կա նյութերը, վարույթը փոխանցել հայկական կողմին, ուրեմն հետագա համաձայնությունն էլ կա, որպեսզի հայկական կողմի դատաքննությանը նա ներկա լինի, քանի որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում առանց մեղադրյալի մասնակցության դատաքննություն։

Funeral of victim from Gyumri murder case Seryozha Avetisyan took place in Gyumri, Armenia

Funeral of victim from Gyumri murder case Seryozha Avetisyan took place in Gyumri, Armenia

The funeral of six innocent victims killed by the Russian soldier in Gyumri

The funeral of six innocent victims killed by the Russian soldier in Gyumri

Cruel murder in Gyumri

Cruel murder in Gyumri

Այժմ գանք հարցականներին:

Պերմյակովի գործը 72 հատոր էր կազմում, սակայն դատավարությունը տեւել է ութ ժամ: Ինչո՞ւ: Նման ծավալի ցանկացած այլ գործի դատավարությունն առնվազն մի քանի ամիս կտեւեր: Ի՞նչ հստակություններ կարող էին մտցվել, ի՞նչ նոր հանգամանքներ կարող էին ի հայտ գալ, եթե դատավարությունն ավելի մանրակրկիտ իրականացվեր: Ինչո՞ւ էր ակնհայտորեն համաձայնություն կայացել՝ արագ, նույն օրն ավարտել դատաքննությունը: Ի՞նչ խնդիրներ կարող էին առաջ գալ, եթե այն ավելի երկար տեւեր:

Առհասարակ, դատելով օգոստոսի 12-ին դատարանի դահլիճում արված նկարահանումներից, Պերմյակովի հանդարտությունը` սեփական ճակատագրի վճռմանը վերաբերող գործընթացում, խիստ տարօրինակ էր: Տպավորություն էր, թե այն առհասարակ իրեն չի վերաբերում, նա նույնիսկ հասցնում էր ընթացքում քնել: Իսկ դատական նիստի ավարտին վճիռը լսելուց հետո Պերմյակովի դեմքին արտահայտված գոհունակությունն ու ժպիտը իսկապես արտառոց էր:

Հաջորդը` նախնական ցուցմունքներում Ավետիսյանների տուն մտնելը պատճառաբանվել էր` ծարավելը, ջուր խմելու ցանկությունը: Այժմ պարզվում է` Պերմյակովը ձանձրացրել է զինծառայությունից, որոշել է փախչել հայրենիք, կարոտել է հայրենիքը, զենքը վերցրել է` իրեն խոչընդոտողներին վախեցնելու նպատակով, բայց հայտնվել է Ավետիսյանների ընտանիքում ու գնդակահարել մի ամբողջ ընտանիքի:

Ընդ որում, արժանահավատ չէ Պերմյակովի` ծառայությունից «զզված լինելու» պատճառաբանությունը, քանի որ ռազմաբազայի սպաները Պերմյակովի ծառայությունը դրական են գնահատել, նա որեւէ խնդիր զորամասում չի ունեցել, իսկ «զզված» մարդը գոնե մեկ-երկու անգամ անկարգապահ գործելաոճ կդրսեւորեր, վստահությունը կկորցներ իր նկատմամբ: Հիմա՝ կա՛մ սպաները ճշմարտությունը չեն ասում, կա՛մ Պերմյակովն է ստում, թե հոգնել էր ծառայությունից: Բացի այդ, եթե նա ութ անգամ դասալիք է եղել, ինչո՞ւ է նման վարքի տեր ծառայողը հայտնվել Գյումրիի ռուսական ռազմաբազայում:

Ինչ վերաբերում է արձանագրմանը, որ Պերմյակովը Թուրքիայի սահման հատելու նպատակ է ունեցել: Այստեղ հայկական կողմը անելիք ունի` սահմանը ապօրինի հատելու փորձի համար նրան համապատասխան քրեական հոդվածով պատասխանատվության ենթարկելու հարցում:

Փորձաքննություններից պարզ է դարձել, որ Պերմյակովը հոգեկան աֆեկտի տակ չի գտնվել, գիտակցական նորմալ վիճակում է եղել, նա, ընդհանուր առմամբ, առողջ է: Այսինքն՝ որպես հանցագործություն իրականացնող, եղել է միանգամայն սթափ վիճակում, ամեն ինչ արել է գիտակցաբար: Հետեւաբար` ո՞րն է եղել դրդապատճառը նման դաժան սպանություններ իրականացնելիս, ընդ որում` երկու մանկահասակ երեխաների չխնայելով: Եվ, ի վերջո, եթե նա հոգեկան աֆեկտի տակ չի գտնվել, միայնակ յոթ հոգու գնդակահարել կարո՞ղ էր:

Հայկական կողմը մինչ այժմ իրավունք չուներ նախաքննական նյութերին ծանոթանալու, իսկ օգոստոսի 12-ին դրանք հրապարակվեցին մասնակի եւ ընտրողաբար: Այն հատվածները, որոնք հայկական կողմին կարող էին հետաքրքրել, չեն ընթերցվել: Հայկական կողմին փոխանցված գործի թարգմանությունները դեռեւս չեն ավարտվել, ամբողջությամբ թարգմանելուց հետո դրանց հնարավոր կլինի ծանոթանալ ու մանրակրկիտ ուսումնասիրել։

Հարցականներն իսկապես շատ են, դրանց պատասխանները հայկական կողմը պարտավոր է գտնել: Ավետիսյանների հարազատների ու բարեկամների վիշտը ոչինչ չի սփոփի, բայց Գյումրիի ոճրագործության հանգամանքները ջրի երես բերելուն սպասում են ոչ միայն նրանք, այլեւ ողջ հասարակությունը:

Օգոստոսի 12-ին Պերմյակովի գործով մի քանի ժամանոց դատավարությունից ստացած առաջին տպավորություններն այնպիսին էին, որ տեղի ունեցած դաժան սպանություններին Պերմյակովի առնչությունը կասկածելի է: Նա կամ սառնասիրտ մարդասպան է, կամ տաղանդավոր դերասան, որը դրսեւորում էր ցինիկ արհամարհական կեցվածք դատարանի դահլիճում: Իսկ եթե Ավետիսյանների ընտանիքի սպանությունները նպատակային են եղել, ապա ո՞ւմ հրահանգով եւ ինչո՞ւ է տեղի ունեցել հունվարի 12-ի սպանդը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31