«Առավոտ» օրաթերթի «Նազարյանն ուզում է հանրության փողերով հանրության վստահությունը գնել» (12.08.2015) հրապարակմամբ անդրադարձել էինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավեր ուղարկելուն: Հոդվածում մասնավորապես նշել էինք, որ առանց համապատասխան տեխնիկական առաջադրանքի խորհրդատվական ընկերությանը պատվեր տալն այնքան էլ ճիշտ չէ:
Հանձնաժողովն այս առնչությամբ պարզաբանում է տվել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, հաստատել էր հանձնաժողովին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Հանձնաժողովի վերոնշյալ նիստը, ինչպես եւ մնացած բոլոր նիստերը, եղել է դռնբաց, ավելին, դեռ սույն թվականի հուլիսի 22-ին, հանձնաժողովի հուլիսի 27-ի նիստից 5 օր առաջ, հանձնաժողովի կայքում հրապարակվել են նիստի օրը, ժամը, տեղը, օրակարգը եւ հանձնաժողովի որոշման նախագիծը՝ համապատասխան հավելվածով, այսինքն՝ հանձնաժողովին խորհրդատվական ծառայությունների մատուցման գնային առաջարկ ներկայացնելու հրավերը (տեխնիկական առաջադրանքը): Հանձնաժողովի նիստին ներկա են գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանց հանձնաժողովի պաշտոնյաների կողմից տրվել են պարզաբանումներ ընդունված որոշման վերաբերյալ, եւ դրանք տարածվել են լրատվական միջոցներով՝ կայքեր, ռադիո, հեռուստատեսություններ եւ այլն: Ավելին, նույն օրը հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է մամլո հաղորդագրություն, որտեղ հակիրճ ներկայացվել են այն նպատակները եւ պահանջները, որոնք սահմանվել են հանձնաժողովին խորհրդատվական ծառայությունների մատուցման գնային առաջարկ ներկայացնելու հրավերով: Ուստի ցանկացած շահագրգիռ անձի, քաղաքացու համար հնարավորություն է ընձեռվել նախօրոք տեղեկացված լինել եւ, որեւէ հարցադրում կամ առաջարկ ունենալու դեպքում, դիմել հանձնաժողովին եւ ստանալ պարզաբանումներ կամ քննարկել ներկայացված առաջարկները: Սրանով պայմանավորված՝ հանձնաժողովը անհիմն է գտնում անտեղյակ եւ, որն ավելի զավեշտալի է, հանձնաժողովի կողմից հրապարակված նյութերը առանց ուսումնասիրելու մի քանի մասնագետների վերլուծությունները՝ հանձնաժողովի գործունեության եւ ընդունված որոշումների վերաբերյալ: Խորհուրդ ենք տալիս վերը նշված մասնագետներին ծանոթանալ հանձնաժողովի կողմից հրապարակված նյութերին եւ կրկին անգամ պատրաստակամություն ենք հայտնում առաջարկ ստանալու դեպքում քննարկել եւ տալ պարզաբանումներ:
Հանձնաժողովը մշտապես հայտարարել է, որ ՀԷՑ ՓԲԸ-ում նախատեսվող աուդիտի անցկացումը եւ հանձնաժողովին խորհրդատվական ծառայությունների մատուցումը իրարից տարբեր գործընթացներ են: Հանձնաժողովի կողմից հաստատված գնային առաջարկ ներկայացնելու հրավերով հստակ սահմանվել են այն ուղղությունները, որոնց վերաբերյալ խորհրդատվական ծառայությունները կիրականացնեն անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական համակարգի գործառնական վերլուծություն՝ ներառյալ արտադրողից մինչեւ սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաեւ շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Վերը նշվածով արդեն իսկ կարելի է նկատել, որ էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթը, որն իրականացնում է ՀԷՑ ՓԲԸ-ն, ընդամենը նկարագրված արժեշղթայի մի մասն է կազմում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների համաշխարհային վարկանիշային ցուցակում ընդգրկված 5 կազմակերպություններին հանձնաժողովի կողմից հրավեր ուղարկելուն, տեղեկացնում ենք, որ դա արվել է միայն մեկ նպատակով՝ հրավիրել հանձնաժողովին անհրաժեշտ խորհրդատվական ծառայություն մատուցող այնպիսի ընկերություն, որի հեղինակությունը ամենաբարձրերից մեկն է ամբողջ աշխարհում, ընկերություն, որի կողմից ներկայացվելիք առաջարկություններն ու վերլուծությունները հասարակության մոտ որեւէ կասկած չեն առաջացնի: Վստահ ենք նաեւ, որ 5 ընկերություններին գնային առաջարկների ուղարկման փաստը արդեն իսկ ապահովում է գործընթացի թե թափանցիկությունը եւ թե մրցակցության ապահովումը: Հայտնում ենք նաեւ, որ տվյալ գործընթացի հետ կապված՝ հանձնաժողովը իր պաշտոնական կայքում հրապարակել է համապատասխան հայտարարություն, որտեղ տեղեկացրել է տվյալ գործընթացի կազմակերպման մանրամասների եւ հետագա գործողությունների մասին:
Հրավեր ուղարկված 5 ընկերություններից 2-ը՝ «Մաքքենզի ընդ Քոմփանի» (McKinsey & Company) եւ «Դելոիթ Քնսալթինգ» (Deloitte Consulting), օգոստոսի 6-ին գնային առաջարկներ են ներկայացրել: «Մաքքենզի ընդ Քոմփանին» առաջարկել է հանձնաժողովի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի աշխատանքներն իրականացնել 21 շաբաթվա ընթացքում՝ աշխատանքների արժեքն է 900 հազար եվրո, «Դելոիթ Քնսալթինգը»՝ 16 շաբաթվա ընթացքում՝ 230 հազար դոլարով: Նշված առաջարկները ամփոփվել են հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմ»:
«Առավոտ» օրաթերթ
14.08.2015