Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելին ու օգտակարը համատեղելու համար պոետի գրպանի կշիռը թեթեւ է

Օգոստոս 15,2015 13:05

 

Հուսիկ Արան հրատարակության է պատրաստում «Տան դուռը» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն

Մարդիկ հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել ամռանը, թեեւ քիչ չեն այդ նպատակով ձմռան ամիսները նախընտրողները։ Որքան էլ խոսվում է, թե արվեստագետները, այս դեպքում՝ գրողները, սոցիալապես «փայլուն» վիճակում չեն, այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ նրանց մեծ մասը այս օրերին նույնպես հանգստանում է, ընդ որում՝ ոչ միայն Գրողների միության ծաղկաձորյան հանգստյան տանը, այլեւ Հայաստանից դուրս։ Օրինակ՝ երիտասարդ, արդեն ճանաչում ունեցող գրողներ Կարեն Անտաշյանը, Արտավազդ Եղիազարյանը նախընտրել են հանգստի հունական տարբերակը, Նարա Վարդանյանը վրացական Քոբուլեթիում է, ավագ սերնդի ներկայացուցիչ Անահիտ Թարյանն էլ մեկնել է ոչ ավել, ոչ պակաս՝ ծովային ճանապարհորդության…

«Առավոտը» հանդիպեց, ըստ մեր տեղեկությունների, ամռանը չհանգստացող՝ միջին սերունդը ներկայացնող գրողներից Հուսիկ Արային եւ փորձեց պարզել, թե ինչո՞ւ սովորաբար չի նախընտրում հանգիստը, գուցե տա՞նն է իր մուսան այցելում կամ…

«Իսկապես, սովորաբար Երեւանում եմ անցկացնում ամռան ամիսները, այս տարին նույնպես բացառություն չէ։ Երբեմն աշխատանքս պարզապես թույլ չի  տալիս հանգստանալու մեկնել, երբեմն էլ՝ հոգեվիճակն ու գորշ իրականության միապաղաղ զգացողությունը, ժամանակի ամայությունը»,- ասաց Հուսիկ Արան: Հետո էլ հավելեց. «Իսկ պոետիս գրպանը կշռելով՝ կարող եմ հստակ ասել, որ հաճելին ու օգտակարը համատեղելու համար այն շատ թեթեւ է»։

Արդարության դեմ չմեղանչելու համար էլ մեր զրուցակիցը նշեց, թե՝ լինելով Գրողների միության անդամ, հնարավորություն ունի տարվա մեջ 12 օր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն անվճար հանգստանալու, որից միշտ չէ, որ օգտվում է: «Իսկ հանգստի լավագույն ձեւը աշխատելն է, իմ դեպքում՝ ստեղծագործելը։ Իհարկե, Ծաղկաձոր ես ու կոլեգաներս գնում ենք նույնպես ստեղծագործելու համար, համենայնդեպս՝ այդ նպատակին են ուղղված մեզ տրամադրված անվճար օրերը։ Օրինակ՝ անցյալ տարի ամռանը 5 օր Ծաղկաձորում էի եւ օրվա հիմնական մասը սենյակում փակված աշխատում էի»,- հայտնեց գրողը։

Զրույցի ընթացքում պոետը նշեց, որ այս տարի թերեւս ունի հիմնավոր պատճառ՝ հատկապես ամռան ահավոր շոգը քաղաքում զգալու։ «Նոր գրքիս՝ «Տան դուռը» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուիս վերջին ուղղումներն եմ անցկացնում, որը հրատարակելու է «Անտարեսը»։ Գիրքն ամփոփում է վերջին 4 տարիների ստեղծագործություններս»,- տեղեկացրեց Հուսիկ Արան։ Խնդրեցինք հնարավորինս սեղմ ներկայացնել ժողովածուն։  «Ազատության հրապարակ» եւ «Նոր Հայաստան» բանաստեղծական շարքերով փորձել եմ արժեւորել անկախությունը եւ մեր օրերի Հայաստանը։ Այդ արժեքների նկատմամբ, ինչպես սերն ու արժանապատվությունը, այնպես էլ որոշ թեականություն եւ անտեսված ու տրորված լինելու անհատի զգացողությունը կան իմ ստեղծագործություններում։ Ժողովածուում ամփոփված է նաեւ «Անաբասիս» պոեմը, որ պատերազմի ու հեղափոխության արանքում խաչված ու կորած իմ սերնդի ճակատագիրն է կամ ողբերգությունը, մեր արժեքների կորուստը: Այստեղ տեղ է գտել նաեւ «Առավոտ» պոեմը, որում Ցեղասպանության թեման փորձել եմ մեր օրերի մարդու հայացքով քննել»,- ներկայացրեց գրողը։ Ասաց նաեւ, որ գրքում տեղ են գտել սիրային բանաստեղծություններ, սաղմոսներ եւ այլն։ Դիտարկմանը, թե պոեզիայի գրքի համար, կարծես, այնքան էլ նախընտրելի չէ «Տան դուռը» խորագիրը, Հուսիկ Արան պատասխանեց. «Սա քո՛ տունն է, նե՛րս մտիր, տե՛ր կանգնիր քո արժեքներին, քո՛ անկախությանը, երկրի՛դ։ Կարծում եմ՝ լավ էլ վերնագիր է… Հայաստանը մեր տունն է, պարզապես պետք է յուրաքանչյուրս բացենք մեր տան դուռը, ներս մտնենք եւ ինչպես արդեն ասացի…»։

 ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31