Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատացեք անհեթեթությանը

Օգոստոս 15,2015 12:00

Երեւի արդեն մոռացել ենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասին իշխանությունները սկսեցին խոսել 2013թ. սկզբին, երբ «Բարգավաճ Հայաստանը» եւ մյուս պրոքոչարյանական ուժերը ակտիվացրեցին հասարակական շարժումները, ինչը Սերժ Սարգսյանին ստիպեց փոխել վարչապետին: Վարչապետ նշանակելով «Բարգավաճ Հայաստանի» խնամուն, Սերժ Սարգսյանը միաժամանակ խոսեց նաեւ Սահմանադրությունը փոխելու մասին: Մի կողմից սա կարող է ընկալվել որպես փաթեթային պայմանավորվածություն Քոչարյանի հետ՝ «վարչապետի պաշտոնը ձերոնց եմ տալիս, բայց իմ իշխանության վրա էլ աչք չունենաք» թեմայով: Մյուս կողմից, զիջելով կառավարության ղեկավարի պաշտոնը քոչարյանականներին, Սերժ Սարգսյանը իր թիմակիցներին ցույց է տալիս իշխանությունը պահելու գործուն մեխանիզմները:

Շատերն են իրավացիորեն նշում, որ իշխանությունը պահելու համար գործող նախագահը կարիք չունի Սահմանադրություն փոխելու. ներկա պայմաններում էլ իշխանություններին ոչ ոք չի խանգարի օգտագործելու ընտրակաշառքների, ընտրացուցակները կեղծելու, ընտրությունների ընթացքն ու արդյունքները աղավաղելու իրենց հարուստ պրակտիկան: Ոչ ոք չի խանգարի, բայց Քոչարյանն ու իր թիմը մրցակցության մեջ կմտնեն այս հարցում: Քանիցս նրանք ցույց տվեցին իրենց քաղաքական ունակությունները: Քոչարյանի «Բարգավաճ Հայաստանը» ստեղծեց Հայաստանի պատմության մեջ կուսակցությունների ամենախոշոր ընդդիմադիր միավորումը, այնտեղ հավաքելով թե երդվյալ նացիոնալիստներին, թե երդվյալ հակաքոչարյանականներին:

Քոչարյանի թիմը տիրապետում էր լուրջ լրատվական զինանոցի, իսկ հաշվի առնելով, որ իշխանական լրատվամիջոցները որդեգրել էին տափակության եւ ապաքաղաքականության քաղաքականությունը, այդ միջավայրում քոչարյանական լրատվամիջոցները ձեռք բերեցին հզորագույն ազդեցություն: Նշենք, որ այս լրատվամիջոցները կան, գործում են, ուղղակի գտնվում են stand by վիճակում եւ անհրաժեշտության դեպքում շատ արագ կարող են վերականգնել status qua ante bellum եւ նույն ոգեւորությամբ ու մաղձով նետվել պայքարի:

Եվ իհարկե, քոչարյանականներն ունեին կարեւորագույն արտաքին քաղաքական սպոնսոր՝ ի դեմս Կրեմլի: Այս հովանավորը դեռ կա, ոչ մի տեղ դեռ չի անհետացել եւ որոշակի քաղաքական պայմանների դեպքում պատրաստ է կրկին գործարկել պահեստային B տարբերակը՝ հիշենք էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը որպես հայկական մայդան ներկայացնելու ռուսական մեդիայի ջղաձգումները:

Բացի այս ամենից, իհարկե, չնայած Սերժ Սարգսյանի իրականացրած բազմաթիվ զտումներին, Քոչարյանը դեռեւս բավականին քանակությամբ գործակալներ ունի հենց Սերժ Սարգսյանի թիմում, որոնք հիմա էլ վատ չեն զգում իրենց, բայց առաջ ավելի լավ էին: Սրան գումարած տատանվողները, ովքեր գործող նախագահի առաջին իսկ թուլության դեպքում պատրաստ են նետվել մյուս ճամբար, քանի որ շարքային օլիգարխի մակարդակում Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ տարբերությունը ոչ նկատելի է, ոչ էլ հասկանալի: Թերեւս իրեն՝ որպես ամենավստահելի տիրոջ ու գործատու դիրքավորումը ներկայացնելու էր ուղղված Լիսկայի ողջ ոդիսականի PR-ը, որտեղից ակնհայտ է դառնում՝ անգամ ամենահանցագործ ու ոչ ադեկվատ թիմակցին Սերժ Սարգսյանը պատրաստ է օժանդակել մինչեւ վերջին խազը:

Այս բազմաթիվ ծուղակների ու կոնտրմիջոցների դեմ Սերժ Սարգսյանը ուզում է օգտագործել այն, ինչի վրա ինքը լիքը ջանք ու եռանդ է դրել եւ ինչից Քոչարյանը չունի՝ կուսակցությունը: Սերժ Սարգսյանը մեծ նշանակություն է տալիս Հանրապետականին եւ որպես խորհրդային համակարգի պրոդուկտ՝ մեծ հավատ ունի կուսակցության ուժի նկատմամբ: Նոր Սահմանադրությունը ամբողջովին նվիրված է երկրում կուսակցապետություն սահմանելուն: Անկախ նրանից, թե ինչ պաշտոնում է ինքը նախատեսում կառավարել երկիրը՝ նախագահի, վարչապետի, թե ՀՀԿ գլխավոր քարտուղարի, այդ կառավարումը, ըստ Սահմանադրության, պետք է իրականացվի Հանրապետական կուսակցության միջոցով. դժվար է ասել, թե որքանով այդ ամեն ինչը կապահովի Սերժ Սարգսյանի իշխանության կայունությունը, բայց մի բան ակնհայտ է՝ այս եղանակով Քոչարյանը չի կարող կառավարել:

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե իրենք չեն ուզում ամեն գնով անցկացնել սահմանադրական այս փոփոխությունները, թե ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումները գերնպատակ չեն՝ դրանք պարզ ճարպկամտություններ են, որով փորձում են նրանք իրենց իրական նպատակը սքողել… Անգամ բերվում է այսպիսի փաստարկ, թե էնքան անհեթեթություն կա այս նախագծում՝ սկսած ընտրիչներից, մինչեւ քաղաքացիներին կյանքից զրկելու հակաքրիստոնեական-սահմանադրական իրավունքը (հետաքրքիր է՝ ինչո՞ւ չհրապարակվեց սբ. Էջմիածնի փորձագիտական կարծիքը), հո իսկապես չէիք սպասում, թե այն կանցկացնենք՝ մի հավատացեք, անցկացնելու են, ինչքան ավելի անհեթեթ, այնքան ավելի է հարիր կուսակցապետությանը:

Այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի ընկալմամբ ամենալուրջ երաշխիքն է իր իշխանությունը Քոչարյանի ոտնձգություններից պաշտպանելու համար: Կարծում ենք հանրաքվեից առաջ նա «Մահ Բարգավաճին-2» տիպի մի պրոֆիլակտիկ-սարսափեցնող օպերացիա կանցկացնի, որպեսզի երաշխավորի հանրաքվեի ընթացքում անշեղ խախտումները, ու… վերջ, դրանից հետո այլեւս կարիք չի լինի խախտումների:

Հիմա ամենավտանգավորի մասին. այս ամենը կարծես երկու կլանների կռվի մասին լինի, որտեղ մենք թերեւս դեր չունենք: Իրավիճակը նման է դասական ցուգցվանգի՝ խոսես սահմանադրական փոփոխությունների դեմ, ուրեմն խոսում ես Քոչարյանի կողմից, խոսես դրա օգտին՝ ուրեմն խոսում ես Սարգսյանի օգտին: Իհարկե, սա մեր քաղաքական իրականության լարած թակարդն է, որով նա չեզոքացնում է երրորդ ուժերին, ճիշտ այնպես, ինչպես իր ներկայացված Սահմանադրության մեջ: Բայց երկու կարեւոր հարց կա.  արդյո՞ք մենք կարիք ունենք Սահմանադրությունը փոխելու՝ իհարկե ունենք, ստեղծման օրվանից Հայաստանը գտնվում է սահմանադրական ճգնաժամի մեջ, ունենք այնպիսի Սահմանադրություն, երբ երկիրը կառավարվում է ոչ ըստ հիմնական օրենքի, այլ ըստ ղեկավարի ցանկության, եւ արդյո՞ք մեզ այսպիսի Սահմանադրություն է պետք՝ իհարկե ոչ, անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն, որը ոչ ոքի չտա անպատժելիության զգացում, որը ապահովի երկրի անվտանգությունը, բոլորի կյանքի ու ինչքի անձեռնմխելիությունը, եւ այլն:

Սա արդեն նշանակում է բովանդակության քննարկում, ինչը մեզ թույլ չեն տալիս, ասում են, թե դա մասնագետ-իրավագետ-սահմանադրագետների գործն է. Սուտ են ասում, այդ բոլոր մասնագետները ընդամենը պետք է հետեւեն, որ Սահմանադրության մի հոդվածը չհակասի մյուսին եւ Հայաստանի ստորագրած միջազգային պարտավորություններին: Սահմանադրության հիմնական ֆունկցիան իշխանությունների թեւերի միջեւ հակակշիռների ստեղծումն է, իսկ սա քաղաքական գործիչների գործն է, որոնք էլ պետք է ներկայացնեն նոր Սահմանադրությունները:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Աղասի Ենոքյան, մենակ մոռացար ասել, որ Տիգրան Սարգսյանի ժամանակ որ պաշտոնաօես իրա խորհրդականն էիր, ում՞ էիր ծառայում դու ինքդ…
    Ու ընդանրապես, ով՞ է քո ՏԵՐԸ…
    Ինչպես՞ է զգում իրենց քեռի Սեմը 😀

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31