Երեկ պարզ դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի կողմից հրավեր ուղարկված 5 խորհրդատվական ընկերություններից 2-ն արձագանքել են: «Մաքքենզի ընդ Քոմփանին» առաջարկել է հանձնաժողովի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի աշխատանքներն իրականացնել 21 շաբաթվա ընթացքում՝ 900 հազար եվրոյով, «Դելոիթ Քնսալթինգը»՝ 16 շաբաթվա ընթացքում՝ 230 հազար դոլարով:
Ինչպես ՀԾԿՀ-ն էր ասել, այս խորհրդատվությունը հրավիրելու նպատակն է բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները:
«Առավոտը» երեկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 2012 թվականին, երբ ՀԷՑ-ը եւս վնասներով էր աշխատում, չեն հրավիրել նման խորհրդատվական ընկերություն, որոնց խորհուրդներով գուցե հետագա վնասները կկանխվեին: «Որովհետեւ այն ժամանակ դրա անհրաժեշտությունը հանրության կողմից չբարձրացվեց: Այս տարի սակագների վերանայումից եւ ՀՀ նախագահի հայտնի ելույթից հետո անհրաժեշտություն առաջացավ հրավիրել, որպեսզի գա մեր գործառույթների հետ կապված՝ արտադրողից մինչեւ սպառողն ընկած այդ շղթան՝ գնագոյացման ամբողջ մոտեցումները, մեթոդիկան, օրենսդրական դաշտը մասնագիտորեն վերլուծի եւ գնահատական տա»,- ասաց Նազարյանը:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք հնարավոր չէ՞ր նախագահի կողմից նշված աուդիտն ու այս խորհրդատվական ծառայությունները մեկ փաթեթով պատվիրել, որպեսզի գումար տնտեսվեր, պարոն Նազարյանն ասաց, որ դրանք 2 տարբեր գործառույթներ են:
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցին էլ՝ խորհրդատվական ծառայությունը կարո՞ղ է պարզել՝ ոլորտում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Խորհրդատվությունն այլ գործառույթ է անելու՝ առաջարկություններ եւ դիտողություններ է ներկայացնելու՝ արդյոք հանձնաժողովը ճի՞շտ մոտեցում է ցուցաբերել սակագինը որոշելիս: Նայելու է ամբողջ համակարգը՝ սկսած էներգետիկ կայաններից, հաշվարկային կենտրոնից մինչեւ ազգային օպերատորը, բաշխիչ ցանցերը: Իսկ այն որ, ժողովուրդն ասում է՝ թալան է եղել եւ այլն, կարծում եմ՝ աուդիտը մեզ բոլորիս հուզող շատ հարցերի պատասխանը կտա, թե հետո ինչ զարգացումներ կլինեն՝ չեմ կարող ասել: Խորհրդատվական ընկերությունը չարաշահումներ չի կարող ստուգել»:
Մեր մյուս հարցին էլ՝ խորհրդատվական ընկերությունը ո՞ր թվականների աշխատանքներն է ուսումնասիրելու, արդյոք միայն 2014-2015 թվականների՞, պարոն Նազարյանն ասաց. «Որպեսզի իրենք կարողանան գնահատական տալ, պետք է նախորդ տարիներն էլ ուսումնասիրեն, գուցե՝ սկսած 2010-2011 թվականներից: Միջազգային բարձր վարկանիշով ընկերություն է, մենք չպետք է սովորեցնենք, թե քանի տարվա կտրվածքով պետք է ստուգեն»:
Պարոն Նազարյանին եւս մի քանի հարցեր ենք ուղղել, որոնց պատասխանները՝ առաջիկայում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2015
“…Խորհրդատվական ընկերությունը չարաշահումներ չի կարող ստուգել” – էլ որի պնգլին ա դրանց կանչելը?
Ժամանակս ափսոս է, բայց չեմ կարող չգրել, քանի որ մեր երկիրը գտնվում է շատ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս մարդուն ու նրա նման շատ-շատերին պետք է վռնդել զբացեցրած պաշտոններից, քանի որ ոչ միայն մասնագետ չեն, այլև չունեն հայրենասիրական զգացմունք ու նվիրվածություն սեփական ազգին ու պետությանը:
Տո այ….Ռոբերտ (բառիս վատ իմաստով), ասում ես 2012 թվականին, երբ ՀԷՑ-ը եւս վնասներով էր աշխատում, չեն հրավիրել նման խորհրդատվական ընկերություն, որովհետեւ այն ժամանակ դրա անհրաժեշտությունը հանրության կողմից չբարձրացվեց..
Հանրությունը հարկեր է վճարում, որ քո նման պաշտոնյան տեսնի ամեն տեսակ վտանգներն ու սպառնալիքներն ու հանրությանը պաշտպանի: Որ չես տեսնում, մասնագիտական հարթությունում կույր ես` ում ես պետք???? Գնա ձեր տուն: Հիմա հանրությունը քո հրաժարականի անհրաժեշտությունը տեսնում եւ բարձրացնում է` դե կատարի այդ պահանջը:
Կամ նախագահը պիտի ասի, որ նոր աշխատես???? Գնա տուն ու բոլոր գործերը թող նախագահն անի: Նախագահ լինեի` այս խոսքերից հետո քեզ կհեռացնեի աշխատանքից` ԹՈՒԼԱԿԱՄ ԼԻՆԵԼՈՒ եւ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՉԼԻՆԵԼՈՒ համար: