Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում կկիրառվի՞ «Ռոբին Հուդի հարկը»

Օգոստոս 15,2015 10:00

Տնտեսագետները խորհուրդ են տալիս էլեկտրաէներգիայի թանկացման հարցում զերծ մնալ իրավիճակային լուծումներից եւ զսպիչ մեխանիզմ կիրառել

«Եթե հարցին համակարգային մոտենանք, այդ ուղղության մեջ թանկացման ռեժիմ կա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին, ոչ ոք չեղյալ չի հայտարարել, իսկ դա նշանակում է, որ սակագինը բարձրացել է: Այլ հարց, որ սակագնի բարձրացված մասը կառավարությունն իր վրա է վերցրել ու արտաբյուջետային միջոցների հաշվին՝ կլինի Որոտանի կասկադի վաճառք, թե այլ աղբյուր, փոխհատուցում է: Մեխանիզմը աշխատում է: Բնական է, եթե դա չաշխատեր, ՀԷՑ-երը կսնանկանային, խնդիր կառաջանար. դա փաստ է, քանի որ մոտ 80 միլիարդ դրամի վարկեր ուներ, որից 31-ը՝ կարճաժամկետ, այսինքն՝ բարձր տոկոսադրույքներով»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը: Երեկ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչեւ խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6,93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլեւ խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաեւ խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաեւ քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»:

Վարչապետի այս  հայտարարությունը բուռն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում, արժանացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության բացասական գնահատականին: Ավելին, «Ոչ թալանինը» սպառնում է կրկին փողոց դուրս գալ` ավելի վճռական ու կոշտ պայքարի տրամադրված: Բայց մինչ շատերը կառավարությանը մեղադրում են մի քանի անգամ կարծիք ու մոտեցում փոխելու, «խոսքին տեր չկանգնելու» եւ համանման բաների մեջ, հանուն արդարության պետք է նշել, որ այս մոտեցումն իր մեջ նաեւ օբյեկտիվություն է պարունակում: Պարզ է, որ կառավարության արտաբյուջետային միջոցները օդից կամ որեւէ օլիգարխի գրպանից չեն գոյանում: Դրանք եւս հասարակ բնակչության՝ հարկատուների գումարներն են: Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի կառավարությունը արտաբյուջետային, այսինքն՝ նույն հարկատուների գումարներից փոխհատուցեր մականունավոր տարբեր օլիգարխների, այդ թվում նաեւ կառավարության անդամներից շատերին պատկանող ձեռնարկությունների եւ օբյեկտների էլեկտրաէներգիայի թանկացումը, երբ տարիներ շարունակ գումարներ չեն գտնվում «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձը, հաշմանդամ օդաչուների թոշակները տալու, սոցիալական տարբեր խավերին տարբեր օրախնդիր հարցերում օգնելու համար:

Ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցը դնում է ոչ թե «ճիշտ ու սխալի» հարթությունում, այլ «օբյեկտիվ լուծումներ փնտրելու»: Ու տեղին է համարում, որ ժամանակին կառավարությունը կիրառեր իր առաջարկը՝ հրաժարվել սակագնի թանկացումից եւ գնալ ռիսկերը դիվերսիֆիկացնելու ճանապարհով՝ ՀԷՑ-երի պարտքի փոխհատուցումը չկապվեր սակագնի բարձրացման հետ: Իսկ պարտքը մարելու համար տարբերակներ փնտրեր, օրինակ՝ ՀԱԷԿ-ի՝ քիչ արտադրած էլեկտրաէներգիայի եւ ՀԷԿ-երի՝ թերմատակարարման մասով գոյացած պարտքը տվյալ բիզնես-սուբյեկտներն իրենց վրա վերցնեին: Նաեւ այս իմաստով է ընդդիմադիր պատգամավորը նորմալ համարում, որ բիզնես-կառույցների մասով կառավարությունն իր վրա չի վերցնում փոխհատուցումը. «Իրենք շահույթ են ստանում: Ընդունենք, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը, Կոնյակի գործարանը, տարբեր օլիգարխների պատկանող ձեռնարկություններ եւ այլն, ի՞նչ անի կառավարությունը, նրանց հոսանքը փոխհատուցի՞: Ո՞նց եք դրան նայում: Կառավարությունը չի կարող արտաբյուջետային միջոցներից փոխհատուցել միլիարդավոր դրամների արտահանում կամ արտադրանք ունեցող բիզնեսների՝ էլեկտրաէներգիայի թանկացման փոխհատուցումը: Սուբսիդավորի՞ նրանց: Ո՞նց կլինի: Ճիշտ է, որ բնակչության համար որոշակի սուբսիդավորման մեխանիզմ լինի»: Հայաստանում արտադրվում է մոտ 7,3 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որից 1,4-ը գնում է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 1 մ խորանարդ գազի դիմաց 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է տրվում: 5,5 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիան սպառվում է ՀՀ-ում, որից 2 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա սպառում է բնակչությունը: Մնացած 3,5 միլիարդը սպառում են բիզնես-սուբյեկտները:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նկատում է, որ տնտեսագիտական տերմինալոգիայով հայտնի «Ռոբին Հուդի հարկի» կիրառումը տարածված է աշխարհում, երբ հարուստից վերցնում են՝ տալիս աղքատին՝ մեծ բեռը թողնելով հարուստի վրա: «Սա էլ ընդունված մոտեցում է»,- ասում է նա՝ զգուշացնելով դրանից բխող վտանգների մասին, քանզի չի բացառվում, որ ասենք՝ հացի փուռ ունեցող ձեռներեցը ավելի շատ էլեկտրաէներգիա սպառի, քան կառավարության սահմանած 250 կՎտ-ն է, ինչն էլ, բնականաբար, դարձյալ կբերի լարվածության: Նա վստահ է, որ նման մարդիկ դուրս կգան փողոց: Տնտեսագետը գտնում է, որ նման իրավիճակային լուծումներից կառավարությունը պետք է աշխատի զերծ մնալ՝ նախապատվությունը տալով հստակ մտածված մեխանիզմների կիրառմանը: «Պետք է սանդղակ սահմանել, համաձայն որի՝ ասենք, 100 կՎտ սպառողն իքս գումար է վճարում, 200-ը՝ երկու անգամ իքս, 300-ը՝ երեք անգամ, որպեսզի թոշակառուն, ով մի տաքացուցիչ է վառում տաքանալու համար, չհայտնվի նույն մեխանիզմում, որում խոշոր կազմակերպություններն են»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31