«Հայաստանում տարեկան 18 հազար հղիության պաթոլոգիա է գրանցվում, որոնցից 200-300 դեպք կյանքին ուղիղ վտանգ սպառնացող վիճակներ են»,-անդրադառնալով վերջերս ծննդկանների մահվան դեպքերին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Լրագրողների հետ զրույցում պարոն Մուրադյանն ասաց, որ այդ բոլոր դեպքերի լուծումը եւ այդ ծրագրերի իրականացումն ուղղված է մայրական մահացության նվազմանը:
«Յուրաքանչյուր նման դեպք մեզ համար, հասարակության համար ողբերգություն է, չենք դիտարկում այն որպես վիճակագրություն: Բայց այն 18 հազար դեպքերը եւ այդ 200-300 դեպքերը, որոնց համար կյանքի ու մահի կռիվ են տալիս բժիշկները, նրանք փաստացի ապրում են, եւ մենք չենք կարող դիտարկել ամբողջ համակարգի աշխատանքն առանձին դեպքերի հետ կապված»: Նախարարի խոսքերով, փաստացի թվերը խոսում են, վկայում են այն մասին, որ նվազում է. «Սա վիճակագրություն է, որի հետ մենք չենք կարող որեւիցե կերպ հաշվի չնստել»:
Հարցին, թե նախարարը հետեւում է ընթացքին, հանդիպել է մահացած ծննդկանների հարազատներին, պարոն Մուրադյանն ասաց, որ եթե այս դեպքերի վերաբերյալ իրավապահների կողմից քննության ընթացքում կլինեն ընթացակարգերի խախտումներ՝ բուժօգնության որակի հետ կապված խնդիրներ, ապա, ըստ Արմեն Մուրադյանի. «Երբ իրավապահները ներկայացնեն դատարան, մենք առաջինը կլինենք, ամենայան խստությամբ, օրենքի ուժը կիրառելու»:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանն ասաց, որ մայրական մահացությունն ամբողջ աշխարհում պետական լրջագույն խնդիրներից մեկն է եւ այն Հայաստանում առողջապահական համակարգի եւ կառավարության ուշադրության ներքո է:
Նախարարի տվյալներով, մայրական մահացությունն 90-ականների սկզբին կազմել է 53 մահ 100 հազար կենդանածին դեպքերի, 2000 թվականին այդ ցուցանիշը դարձել է 71 եւ տարեկան գրանցվում էր շուրջ 60 մայրական մահացության դեպք. «Մշակվեցին մի քանի պետական ծրագրեր որոնցից էր 15 տարեկան աղջիկների դիսպանզերիզացիան, ընտանիքի պլանավորումը, բայց սրա դեմ լայն հասարակական ընդվզում սկսեց, որը սակայն տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունն ու անհրաժեշտությունը: Ծննդօգնության սերտիֆիկատ ներդրվեց, կազմակերպվեցին արագ արձագանքման խմբեր, կրիտիկական դեպքերի վերլուծություն, չափորոշիչներ եւ գործելակարգեր մշակվեցին: Այդ 71 ցուցանիշը 100 հազար կենդանածինների, իջել է 18,6 դեպքի:
Ի դեպ ասեմ, որ ԱՊՀ երկրներում դա 29,3 էր կազմում: Հայաստանում անցյալ տարի 8 դեպք է գրանցվել, այս տարի, 7 ամիսների ընթացքում, 5 դեպք, եւ փաստացի այդ ծրագրերը մենք շարունակում ենք իրականացնել: Իհարկե, վիճակագրական տվյալները շատ խսուն են եւ մեկնաբանում ենք դրական, բայց յուրաքանչյուր նման դեպքը մենք քննարկում ենք նաեւ որպես ողբերգություն եւ ձգտում ենք դեպի զրոյացմանը: Աշխարհում որեւէ երկիր չկա, որ հաջողվում է այդպիսի ցուցանիշ ունենալ: Եվրոպական արեւմտյան երկրներում այդ ցուցանիշն իջնում է մինչեւ 5, Արեւելյան Եվրոպայում այդ ցուցանիշը մոտ 16 է:
Մենք այս տարի ավելացրել ենք առաջին 1000 օրվա ծրագիրը, որը հինգ մարզերում սկսել է գործել արդեն, որտեղ 280 օրը վերաբերում է հղիության ընթացքին: Այս երկու չարաբաստիկ դեպքերը պետք է քննարկվեն իրավապահ մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովներն աշխատելու են մի քանի ուղղություններով եւ հիմնական սկզբունքնը լինելու է անաչառ, արհեստավարժ եւ հետեւողական»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ