Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված լրագրողը տուժող է ճանաչվել

Օգոստոս 14,2015 19:15

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցը լուսաբանող բռնության ենթարկված լրագրողներից ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը տուժող է ճանաչվել:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների շուրջ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն ու հիշողության քարտերը:

Սակայն լրագրողները մինչև այժմ չեն փոխհատուցվել: Ավելին, օրինակ՝ Հակոբ Կարապետյանին ոստիկանությունում առաջարկել էին  փոխհատուցում, բայց պայմանով, եթե ինքը գրավոր հաստատի, որ ուրիշ բողոք, պահանջ չունի ոստիկանությունից: Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ փոխհատուցման առաջարկ կրկին եղե՞լ է, նա պատասխանեց. «Չի եղել, ես արդեն մի անգամ հստակ ասել եմ, որ փոխհատուցումը, այն ձևով, ոնց իրենք են առաջարկում»:

Մեր հարցին՝ ի՞նչ գնահատական կտա գործի քննության ընթացքին, Հակոբ Կարապետյանը կրկին մտահոգություն հայտնեց, որ մինչև այժմ գոնե իրեն հայտնի չէ, որ որպես մեղադրյալ գործում ներգրաված լինեին այն բարձրաստիճան ոստիկաններին, որոնք հրաման են տվել լրագրողների դեմ բռնություն իրականացնելու. «Արդեն շուրջ երկու ամիս է դեպքից անցնում, բազմաթիվ հրապարակումներ կան, ցուցմունքներ, հարյուրավոր տեսանյութեր, անգամ այնպիսի տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, որ Լյովա Երանոսյանը հրաման է տալիս: Միգուցե արդեն նրանց որպես մեղադրյալ ներգրավել էին, բայց եթե նման բան լիներ, դա կլիներ հրապարակային: Իսկ եթե չեն ներգրավել, նշանակում է՝ ոչինչ չի արվում»:

Հակոբ Կարապետյանի համար ամեն ինչ առաջին օրվանից էլ պարզ էր. «Հասկանալի է, որ ոստիկանությունը և իշխանությունները չպետք է այսպես շատ ուրախ, սկուտեղի վրա դնեին և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հրամցնեին հասարակությանը կամ լրագրողներին: Նրանք հնարավորինս փորձելու էին նրանց պաշտպանել: Գասպարյան Վովայի առաջին օրվա պատրաստակամությունը ներողություն խնդրելու, փոխհատուցում խոստանալու, ուղղված էր նրան, որ կասեցվի քրեական գործը, բարձրաստիճան ոստիկաններին պատժելու գործընթացը: Իսկ թե գործն ինչ ընթացք կստանա, դա կախված է տուժողների և ընդհանրապես հանրության հաստատակամությունից: Նրանք փորձելու են հնարավորինս պաշտպանել իրենց բարձրաստիճան ոստիկաններին, մենք էլ հնարավորինս մեր իրավունքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31