Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իշխան Զաքարյանը

Օգոստոս 14,2015 18:45

Օգոստոսի 14-ին Երևանում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԽՀԿ Գլխավոր ասամբլեան։ Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց՝

  1. Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքների ամփոփում,
  2. Պարգևների հանձնում,
  3. Ընտրություններ,
  4. ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրի և ժամկետի որոշում,
  5. Այլ հարցեր։

Ամփոփելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքները՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը մատնանշել է մի շարք կարևորագույն փաստեր. «Աննախադեպ մասնակցություն՝ 175 քաղաքներ, 6352 մասնակից մարզիկներ, 17 մարզաձև, ինչը 7-ով ավելին է նախորդ խաղերից, բազմահազար զբոսաշրջիկներ, Պատմական հայրենիքի 8 քաղաքների շուրջ 900 պատվիրակ. սրանք պարտավորեցնող թվեր են»։ Պարոն Զաքարյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամներին բարձր մակարդակի ընդունելության և շնորհակալագրերի արժանացնելու համար։

ՀԽՀԿ նախագահը և գործկոմի անդամները քննարկել են նաև խաղերի ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց վերացմանն ուղղված հետագա քայլերը։

ՀԽՀԿ գործկոմի անդամների որոշմամբ պարոն Զաքարյանը պարգևատրել է Մանուկ Շեքերդեմյանին, Միսակ Նաջարյանին, Վրեժ Շառոյանին, Սեպուհ Բաղդոյանին, Տիգրան Ալթունին, Պողոս Քիշյանին, Ավետիս Թոքաթլյանին, Պերճ Հալաջյանին, Ղազարոս Ունանին՝ «Համահայկական մարզական շարժման զարգացման և Համահայկական ամառային 6-րդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար ՀԽՀԿ Պատվո շքանշանով»։

Այնուհետև տեղի են ունեցել ՀԽՀԿ գործադիր կոմիտեի նախագահի, փոխնախագահների և գործկոմի անդամների ընտրությունները։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում գործկոմի անդամների միաձայն որոշմամբ վերընտրվել է Իշխան Զաքարյանը։ Փոխնախագահների պաշտոններում կրկին միաձայն որոշմամբ վերընտրվել են Ալբերտ Բոյաճյանը և Ստեփան Դերբեդրոսյանը։ Գլխավոր ասամբլեայում որոշում է ընդունվել նաև ՀԽՀԿ նախագահի տեղակալների թիվն ավելացնել երկուսով։ Տեղակալ է ընտրվել Ռոլանդ Շառոյանը, իսկ մյուս տեղակալի պաշտոնը դեռևս կմնա թափուր։ Տեղի է ունեցել նաև գործկոմի անդամների ընտրությունը։ Գլխավոր քարտուղար է ընտրվել Սվետա Մանուչարյանը։ Պարոն Զաքարյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ապահովել գործկոմի կազմում արդյունավետ սերնդափոխություն, ինչը մեծապես կնպաստի ՀԽՀԿ աշխատանքների կազմակերպմանը։

Գլխավոր ասամբլեան որոշել է նաև հաջորդ նիստն անցկացնել 2016թ. մայիսին։

Հանդիպման ավարտին պարոն Զաքարյանը նշել է, որ էական փոփոխությունների են ենթարկվելու ՀԽՀԿ կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։ Քննարկվել են նաև այլ հարցեր։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31